ՀԱՅԵՐԸ ՔԻՐՔՈՒՔՈՒՄ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Իրաքահայերի հոգեւոր առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռամբ հոկտեմբերի 14-ին Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում տեղի է ունեցել նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը:
Քիրքուք քաղաքը գտնվում է Մոսուլից հարավ-արեւելք 177 կմ հեռավորության վրա։ Այն Իրաքի նավթարդյունաբերության խոշորագույն կենտրոնն է եւ հաճախակի ենթարկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներին։
Հայերը վաղուց են ապրում Քիրքուքում: 1928թ.-ից մեծ թվով հայեր աշխատել են տեղի նավթային ընկերություններում: Հետզհետե տեղի հայ համայնքը աճել եւ աշխուժացել է: 1958-60թթ. այստեղ ապրել է ավելի քան 120 ընտանիք՝ մոտ 1200 մարդ: Նրանք ունեցել են եկեղեցի, դպրոց, սակայն վերջին տարիներին համայնքը նոսրացել է, շատերը հեռացել են պատերազմի, ահաբեկումների եւ անապահով կյանքի պատճառով: Այսօր Քիրքուքում հազիվ 30 հայ ընտանիք է ապրում՝ շուրջ 120 մարդ:
Այդուհանդերձ, հայ համայնքը պետության աջակցությամբ կառուցեց այս նոր եկեղեցին՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը։
Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Հոգևոր-մշակութային