Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՏԱՐԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ



«Ամեն ամիս աշխատավարձից 1000 դրամ զինծառայողների սոցիալական խնդիրներին հատկացնելը ոչ միայն արդար է, այլ նաև պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- Ազգային ժողովի նիստում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մեջբերելով հարգարժան նախարարի խոսքը` ցանկանում եմ արտահայտվել:

Միանգամայն արդարացի առաջարկություն է, որը հենց Ազգ-բանակ գաղափարախոսության վրա է հիմնված և կոչված է ապացուցելու, որ մենք մտածում ենք առաջնագծում կանգնած մեր զինծառայողների մասին: Այդ խորհրդանշական գումարը թող որ յուրաքանչյուր հայ քրիստոնյայի անվիճարկելի իրավունքը լինի` որպես հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանին: Այլ հարց է, թե որքանո՞վ է այն նպատակահարմար հավասարապես կիրառել բարձր և ցածր աշխատավարձ ստացողների պարագայում: Ինչևէ, ճշմարտությունը մեկն է. այս օրինագծի հաստատմամբ դրական փոփոխություններ կլինեն ոչ միայն մեր զինվորների կյանքում ու կենցաղում, այլև, ինչ խոսք, մարդկանց գիտակցության մեջ: Հույս ունեմ, որ իսկապես էլ այդպես կլինի: Յուրաքանչյուր ամիս 1000 դրամ զոհվածների ընտանիքների կարիքներին փոխանցելը անշուշտ կնպաստի մեր ազգային ես-ն ու ինքնության զգացումը ավելի ամբողջական, ավելի լիարժեք դարձնելուն:

Այսպիսի զուտ սոցիալական շեշտադրում ունեցող միջոցառումները նպաստում են կոլեկտիվ և խմբային մտածողության ձևավորմանն ու համախմբվածությանը: Հայոց բանակի զինվորի հետ հոգեբանական միևնույն հարթության վրա գոնե նույնանալու պարագայում բավարարվում են նաև մեր` ինքներս մեր հանդեպ ունեցած ինքնահարգանքի հոգեկան պահանջմունքները:

Այս փոքրիկ քայլը ազգովի դիտարկենք իբրև մեծ ու լուսավոր մի բանի` հասարակության առողջացման գործընթացի սկիզբ՝ որպես սատարում հայրենիքի պաշտպաններին:

 

Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Բանակ և հասարակություն


23/11/2016