Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ



ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸԱյսօր շատ է խոսվում մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ անձնակազմի հոգեբանական պատրաստության, ինչպես նաև զինվորի հոգեբանության վրա մարտի ազդեցության մասին:

Զինծառայողները էքստրեմալ պայմաններում ֆիզիկական և հոգեբանական  ուժերի, հնարավորությունների գերլարմամբ պետք է կարողանան դիմակայել կյանքին սպառնացող գործոններին, ցուցաբերել հոգեբանական պատրաստվածության, դիմացկունության այնպիսի որակներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխորոշել մարտի հաջող ընթացքն ու հաղթական ելքը: Նման որակները զարգացնելու կարողությունը ձևավորվում է զինծառայողների պատրաստության երկարատև գործընթացի ժամանակ:

Հոգեբանական մեծ վնաս են հասցնում հակառակորդի կրակային հարվածները, հոգեբանական ազդեցության տարբեր՝ ոչ մահացու գործողությունները կենսաբանական, հոգեմետ միջոցների կիրառումով:

Առավել հզոր ազդեցություն զինծառայողի վրա ունի վտանգի զգացողությունը, որը վերափոխվում է վախի և տագնապի: Այս դեպքում վախը անմիջական ազդակ է նաեւ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու, ցավի, ծառայակիցների հարգանքը կորցնելու վտանգը կարող է վերաճել կենդանական վախի՝ առաջացնելով խուճապ:

Հոգեբանները կարծում են, որ վախը լիովին բնական հոգեհարմարվողական ռեակցիա է: Այն մի կողմից զինվորին զգուշացնում է սպառնացող վտանգի մասին, մյուս կողմից մոբիլիզացնում է նրա ֆիզիկական, հոգեկան հնարավորությունները: Մինչդեռ երկար շարունակվելու դեպքում տագնապալի անհավասարակշիռ վիճակը կարող է կաթվածահար անել բոլոր այն գործողությունների ընթացքը, որոնք ուղղված են ողջ մնալուն և մարտական խնդիրը կատարելուն:

Սովորաբար 10 զինծառայողից 8-9-ը մարտական իրավիճակում ունենում են վառ արտահայտված վախի զգացում, որը ուժգնանում է, երբ ստորաբաժանումը, զորամասը մարտական գործողությունները վարում է շրջապատման մեջ կամ հիմնական ուժերից կտրված: Հոգեբանները հաշվարկել են, որ նման իրավիճակում երկօրյա մարտական գործողությունների արդյունավետությունը 50 %-ի չափով նվազում է: Այստեղ որոշիչ դեր է խաղում նաև ծառայակիցների զոհվելու փաստը:

Վախը համապատասխան օգնության դեպքում հաղթահարվում է:

Հոգեբանական պատրաստության ապահովման մի քանի նախապայման կա.  նախևառաջ՝ մարտական պատրաստության ժամանակ հոգեբանական ծանրաբեռնվածությունը մոտեցվում է ժամանակակից մարտի պայմաններին եւ փոխկապակցվում է մի քանի տարրերի հետ: Մարտին նախապատրաստվելիս զինվորը պետք է հստակ պատկերացնի՝ ինչ հակառակորդ է կանգնած իր առջև, որոնք են նրա մարտական հնարավորությունները, որն է իր ստորաբաժանման մարտական խնդիրը, որն է իր տեղը և դերը մարտադաշտում: Այս բոլոր հարցերը նախօրոք պետք է ուսումնասիրվեն, մշակվեն տեղանքում և մարտադաշտի մանրակերտի վրա: Ոչ պակաս կարևոր է նաև պատկերացում ունենալ անձնակազմի հոգեբանական վիճակը բնութագրող ազդակների վերաբերյալ: Օրինակ`  զինվորներին ու սերժանտներին հաճախ հավասարակշռությունից դուրս են բերում ճգնաժամային իրավիճակում նկատվող փսխումի նոպաները, հաճախակի միզարտադրությունը, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումները, դողը, որոնց պետք է վերաբերվել որպես օրգանիզմի բնական արձագանքի, այլ ոչ թե վախկոտության դրսեւորման: Հակառակ դեպքում, նման երևույթներին քննադատական կամ արհամարհական գնահատականը կարող է դառնալ հոգեկան խեղումների պատճառ:

Փորձը ցույց է տալիս, որ մարտիկի հոգեբանական տրամադրվածությունը բարձր է այն ժամանակ, երբ դրա հիմքում դրված են այնպիսի վառ արտահայտված խթանիչներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, ատելությունը թշնամու նկատմամբ, զինվորական պարտքի զգացումը, արդարության ձգտումը և այլն: Պակաս կարևոր գործոն չէ նաև հարգանքը զինվորական անձնակազմի այնպիսի ավանդույթների նկատմամբ, ինչպիսիք են ստորաբաժանումում սահմանված մարտական գործողությունների ժամանակ զինվորների փոխգործակցությունը, մարտական խնդիրների կատարման գործում սեփական ներդրման ցանկությունը, ծառայակիցներին օգտակար լինելու ցանկությունը, զոհված ընկերների վրեժ լուծելու ձգտումը, հարգանքը հրամանատարի նկատմամբ, վստահությունը նրա մարտը կազմակերպելու և վարելու հմտությունների նկատմամբ:

Այն ստորաբաժանումներում, որտեղ զինծառայողների միջև առկա է մարտական եղբայրության զգացումը, մարտական կորուստների թիվը չնչին է, գործնականում անհետ կորածներ չեն լինում, բացակայում են ծանր հոգեկան խեղումները, շատ են հերոսական արարքները, բարձր է մարտական գործողությունների արդյունավետությունը:

 

Ա.ՊԱՀԼԱՎՈՒՆԻ

գնդապետ

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Ռազմական


23/11/2016