ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՆՐԱ ԶԵՆՔԸ ՖՈՏՈԽՑԻԿՆ Է…
Այս տարի նշվում է ֆոտոլրագրության 175-ամյակը: Ուստի մենք չենք կարող շրջանցել մեր այն ֆոտոլրագրողներին, որոնք անցնելով ամբողջ Արցախյան պատերազմով՝ վավերագրել են մեր պատմության այս կարևորագույն շրջանը: Այս անգամ մեր թերթի էջերում կհանդիպենք ռազմական լուսանկարիչ Մաքս-Արշակ Սիվասլյանին:
Մաքս-Արշակ Սիվասլյանի ֆոտոխցիկը հավերժացրել է Արցախյան հերոսամարտի բազմաթիվ ակնթարթներ: Այդ դժվարին օրերին նա մարտի դաշտում է եղել՝ ազատամարտիկների կողքին, վկայել է մեր կորուստներն ու հիասթափությունները, նաեւ՝ փայլուն հաղթանակները: Վավերագրողի կատարած հերոսական աշխատանքի շնորհիվ մենք այսօր հնարավորություն ունենք անդրադառնալու պատերազմին, տեսնելու նրա մռայլ դեմքն ու վերաարժեւորելու մեր ձեռքբերումները: Պատերազմում լուրջ վնասվածք է ստացել, ապաքինվել ու վերադարձել է առաջնագիծ:
Մաքսը ծնվել է 1954 թ. Ֆրանսիայում` Մարսել քաղաքում: Հասակ առնելով` որոշում է շրջել աշխարհով մեկ եւ լուսանկարել: 15 տարի շարունակ մի աշխարհամասից մյուսն է անցնում, լինում տարբեր երկրներում՝ Մարոկկո, Ալժիր, Թունիս, Եգիպտոս, Նեպալ, Հնդկաստան, Թայլանդ, Ճապոնիա, Չինաստան, Կենտրոնական Ամերիկա եւ այլուր: Իր ֆոտոխցիկի միջոցով արձանագրում է աշխարհի հեռու անկյուններում ապրող մարդկանց կյանքի դժվարությունները, աղքատությունն ու թշվառությունը, եւ իհարկե՝ մարդկային երջանկության ակնթարթները: Հետզհետե նրա սիրելի զբաղմունքը մասնագիտություն է դառնում. սկսում է լուսանկարներ վաճառել հայտնի ավիաընկերություններին, զբոսաշրջային գործակալություններին: Մինչեւ Արցախյան պատերազմը Մաքս Սիվասլյանն արդեն ճանաչված լուսանկարիչ էր. թղթակցում էր «ՍԻՊԱՀ» եւ «ՍԻԳՄԱ ՖՈՏՈ» լրատվական գործակալություններին: 1992 թվականին Մարսելում Արցախյան գոյամարտի մասին պատմող Ցվետանա Պասկալեւայի վավերագրական ֆիլմի ցուցադրությունը նրա վրա այնպիսի ցնցող տպավորություն է գործում, որ որոշում է ամեն գնով մեկնել Ղարաբաղ եւ լուսանկարել մարտական գործողությունների թատերաբեմը: Օրեր անց նա արդեն իր նախնյաց հողում՝ Հայաստանում էր, որտեղ մինչեւ այդ երբեք չէր եղել: Այսպես սկսվեց պատերազմական ֆոտոթղթակցի նրա ուղին:
«Էրեբունի» օդանավակայանում էի, պատրաստվում էի մեկնել Ստեփանակերտ: Նույն ինքնաթիռում էին «Նուվել դ’Արմենի» ֆրանսիական նորաբաց ամսագրի աշխատակիցները: Նրանք լուսանկարներ էին ուզում ուղարկել թերթի առաջին համարին: Ասացի, որ ես էլ կարող եմ նկարներ տրամադրել: Հետո իմացա, որ նրանց բոլոր լուսանկարները փչացել են: Ամսագրում հրապարակվեց իմ առաջին՝ Շուշիի ազատագրման մասին պատմող ֆոտոշարքը»:
Հետագա երկու տարիներն անցան մարտական գործողությունների կիզակետում: Արցախյան պատերազմի ողջ ընթացքում փորձել է գործել որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ-փաստագրող, զերծ մնալ հուզական կամ վերլուծական մոտեցումներից: Նա եկել էր խաղաղ ու հանգիստ Ֆրանսիայից: Սակայն մարտադաշտում անցկացրած զրկանքների ու սարսափների օրերը չէին կարող իրենց դրոշմը չթողնել: Թե ինչեր է զգացել, ինչեր է ապրել այդ օրերին, տեղեկանում ենք 2001 թվականին լույս տեսած նրա «Le jardin noir» «Սեւ այգի» գրքից, որն առայժմ միայն ֆրանսերենով է հրատարակված: Գրքի շապիկին 1993թ. փետրվարի 20-ին Երեւանում արված լուսանկարն է: Տպավորիչ լուսանկար. Ազատության հրապարակում բազմահազարանոց միտինգ է` մարդիկ կանգնած են եւ կարծես չեն էլ նկատում առատ ձյունը, որ նստում է նրանց հագուստին, ծածկում մազերը: Գրքում Մաքս Սիվասլյանը ներկայացնում է Արցախյան պատերազմում իր անցած ուղին` օրագրային գրառումներում կարդում ենք յուրաքանչյուր լուսանկարի պատմությունը: «Ապրիլի 11, շաբաթ: Ես վերադառնում եմ 26 համարի դիրքը, որը Ստեփանակերտից 5 կամ 6 կմ վրա է գտնվում: 75 մետրի վրա գտնվող բլրից ազերիները նկատեցին մեզ: Ես հակվում եմ օրագրիս վրա. արկերը թափվում են բոլոր կողմերից եւ պայթում մեզնից ընդամենը երկու մետր այն կողմ: Ինձ հորդորում են վերադառնալ, բայց մնում եմ: Լուրեր են շրջում, թե հաջորդ օրը ազերիները նորից են գրոհելու Ստեփանակերտի վրա: Չնայած վտանգին` ֆիդայիները շատ հանգիստ են: Սա արդեն դարձել է նրանց կյանքի մի մասը. պատերազմը նրանց համար նույնքան բնական է, որքան աշխատանքի գնալը, հոտն արածեցնելը, արտը հերկելը… Սրանից ընդամենը 10 օր առաջ ազերիները զանգվածային գրոհ սկսեցին: Հայկական դիրքերը պաշտպանում էին 40 ֆիդայիներ… Նրանց կեսը զոհվեց»:
Վերհիշելով Արցախյան ազատամարտը՝ Մաքսը խոստովանում է, որ փորձելով արձանագրել պատերազմի ամբողջ ահն ու սարսափը` ձգտում էր միշտ առաջնագծում՝ գործողությունների էպիկենտրոնում լինել: Բայց հիմա ափսոսում է, որ ժապավենի սղության պատճառով հնարավորություն չի ունեցել ավելի շատ անդրադառնալու նաեւ սահմանագծից ոչ հեռու՝ թիկունքում ապրող մարդկանց զրկանքներին, վշտերին, ուրախություններին:
Հիացմունքով է հիշում դիրքերում իրեն հանդիպած հերոսական կանանց` Աղավնիին, Մելսիդային, Ժաննային: Մելսիդան ամուսնացած էր ռուսի հետ, բայց եկել էր կռվելու Արցախում: «…Մի ամիս է, ինչ նա այստեղ է, ոչ մի պահ չի լքել լեռները: Պատմում են, թե ինչպես է նա ողջ օրը անցկացրել փամփուշտների ու արկերի կրակի տակ: Վիրավոր մարտիկների արյունով ներկված` նա որպես բուժքույր մի դիրքից մյուսն էր վազվզել: Հիմա Մելսիդան կանգնած է իմ դիմաց՝ ոտքերից շատ մեծ «սապոգները» եւ խակի գույնի կիտելը հագին: Ձեռքերը կրծքին խաչած` նայում է ինձ ու ժպտում: Չնայած երկարատեւ մարտին եւ անքուն գիշերվան, հոգնած տեսք չունի: Հարցնում եմ՝ «Կարո՞ղ եմ քեզ լուսանկարել»: Պատասխանում է. «Չէ՛, սանրված չեմ»,- հետո անմիջապես ավելացնում է. «Բավական է մի հայացք գցեմ արյան վրա կամ ներարկիչ տեսնեմ, գիտակցությունս կորցնում եմ: Հիմա քեզ հարց տամ` ինչպե՞ս եմ լվանալու վիրավորների վերքերը»: Կարողանում էր…
Մաքսի վրա մեծ տպավորություն էր գործել հոգեւորականների ներկայությունը մարտի ամենաթեժ կետերում: Նրանք նույնիսկ մկրտություններ էին կատարում:
«Մայիսի 3-ը, կիրակի: Մեկնում եմ 26-րդ դիրք: Ժամանող տանկի աշտարակին հոգեւորական է նստած: Նախորդ օրը նա 10 հոգու է մկրտել դիրքերում: Գրիգոր Մարկոսյանն է, 37 տարեկան, արդեն 18 ամիս է, ինչ Ղարաբաղում է: Ինձ պատմել է, որ ծնվել է Երեւանում, բայց նախնիները Էրզրումից են, 1915-ին են գաղթել Հայաստան: Իր սեւ սքեմով նա տարօրինակ անաքրոնիզմ է այս մարտադաշտում»:
Մաքսը քչախոս է: Չի սիրում պատմել այն ամենի մասին, ինչը խոսքերից էլ վառ տպավորված է իր լուսանկարներում: Նրա համար ամենից դժվարը թերեւս սկզբնական շրջանում իր եւ ազգակից ազատամարտիկների միջեւ առաջացած անվստահությունն է եղել: «Հայերեն շատ վատ խոսելուս պատճառով ինձ հաճախ լրտեսի տեղ էին դնում: Բայց հետո արդեն իրենք էին ուզում, որ լուսանկարեմ»:
Մաքսը չի մոռանում Շուշիի ազատագրման առաջին ժամերի իր ապրումները. «Շուշի, մայիսի 9-ը 1992թ.: Ուղղվում ենք դեպի քաղաքի կենտրոն` քնելու տեղ եւ նկարելու արժանի կադրեր ենք որոնում: Այս խաղը վտանգավոր է դառնում, քանի որ ֆիդայիները, ինքնաձիգները պատրաստ պահած, հետախուզում են անխտիր բոլոր տները. ամեն վայրկյան կարող են կրակահերթ բացել: Այն տանը, որտեղ պատրաստվում եմ գիշերել, մեկը հանկարծ ոտքի ուժեղ հարվածով ջարդում է դուռը, ներս են խուժում ֆիդայիները եւ զենքերը վրաս ուղղում: Բարձրացնում եմ ձեռքերս, գոռում եմ՝ հա՜յ եմ: Շուշիում մահվան հոտ է գալիս… Գերադասում եմ վերադառնալ ներքեւ՝ Ստեփանակերտ: Իսկ այնտեղ հայերը հաղթանակն են տոնում: Նրանք դուրս են եկել իսկական մղձավանջից…»:
Զինադադարի հաստատումից հետո Մաքս Սիվասլյանը Ֆրանսիայից տեղափոխվեց Երեւան: Ասում է, որ պատերազմի տարիներին հայ զինվորի կողքին լինելով, գիտակցելով ձեռք բերված խաղաղության գինը՝ այլ կերպ չէր էլ կարող վարվել: Մաքսն այժմ էլ թղթակցում է «Նուվել դ’Արմենի»-ին: Լուսանկարչական խցիկը ձեռքին՝ ֆրանսալեզու ընթերցողներին է ներկայացնում անկախ Հայաստանի ձեռքբերումները, մեր մշակութային եզակի գանձերը:
Կինը՝ ֆրանսիացի լրագրող, սոցիոլոգ Լորենս Ռիտտերը, Մաքսից ավելի լավ է հայերեն խոսում: Նրանք այս տարիներին երկուսով բազմիցս այցելել են Արեւմտյան Հայաստան: Լորենսը գիրք է գրել, որում հիմնականում իսլամացած հայերի խնդիրներն են արծարծվում, իսկ Մաքսի արած հազարավոր լուսանկարներում մեր նախնյաց երկրի ներկայիս բնակիչներն են՝ քրդեր, թուրքեր, իսլամացած հայեր, նաեւ մեր հրաշակերտ հուշարձանները, դրանց աղետալի վիճակը:
2016թ. ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրվանից Մաքսն Արցախում էր: «Ինձ առաջնագիծ տարավ այն միտքը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, հետեւաբար չի ավարտվել ռազմական լուսանկարչի իմ առաքելությունը: Իհարկե, չկարողացա ուզածիս պես աշխատել: Թեժ կետեր մտնելն այսօր նույնը չէ, ինչ 25 տարի առաջ:… Եղա առաջնագծում, լուսանկարեցի մեր խիզախ զինվորներին: Ավելի շատ պատերազմական դադարի պահերն արտացոլող լուսանկարներ եմ արել: Շրջեցի բոլոր այն վայրերում, որտեղ օրեր առաջ թեժ մարտեր էին ընթացել: Լուսանկարեցի Թալիշը, Մարտակերտը, Մարտունին…»:
Ապրիլյան պատերազմից օրեր անց, մայիսի 9-ին, Ստեփանակերտում կայացած «Հայրեր եւ որդիներ» ցուցահանդեսում ներկայացվեցին Մաքս Սիվասլյանի լավագույն լուսանկարները:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում