Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՄԵՆԱԶԵՆՔԸ». ԶԻՆՎՈՐԻ ՀԱՑԸ



«ԱՄԵՆԱԶԵՆՔԸ». ԶԻՆՎՈՐԻ ՀԱՑԸԵրկարավուն պահեստի մուտքի մոտ բեռնատարներ են կայանված: Օրվա վերակարգի ծառայողները դատարկում են խցիկները:

-Զինամթե՞րք է,-հեռվից նկատելով գործնական իրարանցումը` հետաքրքրվում եմ հրամանատարի տեղակալից:

-Կարելի է եւ այդպես ասել,-անշտապ քայլերն ուղղելով դեպի պահեստ՝ պատասխանում է փոխգնդապետ Բաղդասարյանը,-մեր «ամենազենքն» է՝ զինվորի հացը:

Աղյուսանման բոքոնները` թեթեւակի կոշտ, կարմրադարչնագույն կեղեւով, դարսված են հատուկ փայտե արկղերում: Հացը հենց նոր է զորամաս հասել, դեռ տաք է: Թարմ բոքոնի բույրը ստիպում է ինձ մնալ տեղում եւ հետեւել ընդունման ընթացքին: Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Գոյություն ունեն հացի ընդունման մի շարք պահանջներ, որոնք զորամասի համապատասխան ծառայությունը խստիվ պահպանում է:

Նախ՝ հաց տեղափոխող մեքենաները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ կահավորմամբ: Մեքենաների խցիկներն էլ բացվում են զինվորական ունեցվածքի պահպանման ավագ սպայի` ռազմական ոստիկանի ներկայությամբ: Այս անգամ ընդունման գործընթացին հետեւում է բաժանմունքի պետ, կապիտան Գենադի Լալայանը: Նա ուշադիր զննում է` մատակարարը պահպանե՞լ է մեքենայի շահագործման սանիտարահիգիենիկ նորմերը, հացի տեղափոխման պահանջները, թե ոչ: Արդյոք դարակները փոշեզրկվա՞ծ են, մեքենան լվացվա՞ծ է: Եզրակացությունը դրական է, ուրեմն եւ պահեստապետը կարող է ի պահ ընդունել հացը:

«ԱՄԵՆԱԶԵՆՔԸ». ԶԻՆՎՈՐԻ ՀԱՑԸ-Զորամասը թարմ թխված հաց է ստանում ամեն օր,-պարզաբանում է կապիտան Լալայանը:- Քաշը պետք է համապատասխանի զորամասի ներկայացրած հայտին:

Հիմա պետք է կշռել ու համոզվել, որ մատակարարը բարեխիղճ է: Ծառայողները մեծ կշեռքի նժարին են դնում արկղերը: Պահեստապետը ապրանքագրի մեջ նշումներ է կատարում: Ամեն ինչ ճիշտ է: Բայց սա էլ դեռ ամենը չէ. քիչ անց այստեղ է գալիս օրվա հերթապահ բժիշկը: Նա համտեսում է բոքոնը, որը հաշված ժամեր անց կառաքվի դիրքեր եւ զորամասի ճաշարան: Առաջին կարգի ցորենի ալյուրից թխված հացի միջուկի թթվայնությունն ու խոնավությունը համապատասխանում են փաստաթղթերով սահմանված պահանջներին:

-Իսկ եթե թարմությունը, որակը կասկածելի՞ են,-հարցնում եմ պահեստապետ, ավագ ենթասպա Նորիկ Գրիգորյանին:

-Նման դեպքերում մենք իրավունք ունենք չընդունելու հացը: Կարող ենք բեռնված մեքենան ուղարկել թխման արտադրամաս: Պատահել է, որ ամբողջ խմբաքանակից հինգ բոքոնի տեսքը չեմ հավանել, ու վերադարձրել ենք: Մեր զինվորն ու սպան արժանի են ամենահամով, ամենալավ հացը ճաշակելու:

Երբ փորձում եմ ճշտել, թե որն է «ամենալավ հաց» ասվածը, պահեստապետը երկու հավասար մասի է բաժանում բոքոնը.

«ԱՄԵՆԱԶԵՆՔԸ». ԶԻՆՎՈՐԻ ՀԱՑԸ-Պիտի ուտես, ու համը բերանումդ մնա: Պիտի  լավ թխված լինի, այ, էսպես,-ինձ է մեկնում բոքոնը: Համեստություն չեմ ուզում անել. միջուկից մի  կտոր եմ պոկում ու փորձում: Համեղ է: Իսկ պահեստում աշխատանքը եռում է: Հացը դարսում են անընդհատ օդափոխվող սենյակի փայտե դարակներին: Վերջիններս նախապես ախտահանվել են քացախով: Այնուհետեւ բոքոնները ծածկում են սպիտակ սավաններով, որ  թարմ մնան:

-Հացը ամենից առաջ դիրքեր ենք ուղարկում: Մնացած մասը կմատակարարենք ճաշարան: Յուրաքանչյուր  զինվոր օրական ստանում է  650 գրամ բոքոն. 200-ական գրամ` նախաճաշին եւ ընթրիքին, 250 գրամ` կեսօրին,-ասում է ենթասպա Գրիգորյանը:

Հետաքրքիր է` իսկ ի՞նչ կասեն զինվորները: Նվագախմբի շեփորահար Վաղարշ Ավջյանը զուգահեռներ է անցկացնում.

-Հացը կարող է ոգեւորել զինվորին այնպես, ինչպես շեփորի ձայնը: Անկեղծ եմ ասում,-ժպտում է զինվորը:-Ես նախաճաշին կարագը պարտադիր քսում եմ հացին, վրան էլ՝ մի մեծ կտոր պանիր, ու թվում է, թե տանն եմ:

Դիրքապահ Հովհաննես Պետրոսյանն էլ, որ մեկ ամսից զորացրվելու է, նկատում է.

-Երբ դու մարտական հենակետում ես` զորամասից կիլոմետրերով հեռու, երբ շուրջդ ոչ  խանութ կա, ոչ տուն, զինվորական բոքոնը ստիպում է պատկերացնել այն մարդուն, որն աճեցնում է ցորենը, այն փորձառու խմորհունցողին ու հացթուխին, որոնք վաղ առավոտյան մտել են հացի փուռ: Հոգիդ մի տեսակ ջերմանում է: Զինվորի հացը պետք է սրտանց թխել:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Ազգային բանակ


23/11/2016