Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸՆոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. առաջին զորակոչի արդյունքները, քննարկվել են երկրորդ` ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Զորակոչային հանձնաժողովի նիստին մասնակցել են շահագրգիռ կառույցների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ մարմինների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների կատարած աշխատանքների և նախորդ զորակոչի ընդհանուր արդյունքների վերաբերյալ ամփոփիչ զեկույց է ներկայացրել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Զեկույցում անդրադարձ է եղել նախորդ զորակոչի ժամանակ արձանագրված դրական միտումներին, առկա որոշակի բացթողումներին: Ընդգծվել է, որ շահագրգիռ կառույցների հետ համատեղ կատարված աշխատանքի արդյունքում ապահովվել է զորակոչի թափանցիկությունը:

Կրկին վիճակահանության կարգով, արդարության ու հավասարության ապահովման սկզբունքով 2017թ. հունվարին կմեկնարկի ձմեռային զորակոչը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ զորակոչի անցկացման որակից է մեծապես կախված զինված ուժերի նկատմամբ հասարակության հավատն ու վստահությունը: Զորակոչի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը նաև ազգ-բանակ գաղափարի կյանքի կոչման հիմնական ուղղություններից է: Վիգեն Սարգսյանը նաև նկատել է, որ զորակոչի կազմակերպման և թափանցիկության ապահովման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքներին և արձանագրված դրական միտումներին զուգահեռ դեռևս կան մտահոգիչ հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նոր ձեռքբերումների  ու որակական նոր առաջընթացի հասնելու ակնկալիքով հորդորել է զորակոչի պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկների բժշկական փորձաքննության պատշաճ կազմակերպման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդիրները, լինել չափազանց զգոն, ուշադիր և հետևողական հատկապես զորակոչիկների բուժհետազոտման աշխատանքներում անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ կեղծ հիվանդությունների կամ քրեորեն պատժելի այլ արարքների պատրվակով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու համար:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով խրախուսվել են նախորդ զորակոչի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ առավել աչքի ընկած սպաներն ու ներգրավված այլ կառույցների ներկայացուցիչները:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


28/11/2016