Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ



Ազգային բանակի զորամասերի համալրումը երիտասարդ զինվորներով ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 30-ին է ավարտվել, այնինչ զինվորական երդում են ընդունում դեռեւս այն նորակոչիկները, որոնք ավելի շուտ են զորակոչվել եւ պատրաստ են ամառային-աշնանային ուսումնական փուլից առաջ զբաղեցնել մարտական ստորաբաժանումներում ազատված տեղերը։

Հուլիսի 2-ին հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդումը խոսքով ու ստորագրությամբ հաստատեցին գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասում իրենց ծառայությունն սկսող զինվորները։ Երբ հանդիսավոր տողանի կանգնած զորամասի անձնակազմի եւ երիտասարդ զինվորների բազմաթիվ հարազատների ներկայությամբ պահակախումբը շարային քայլքով շարահրապարակ բերեց մարտական դրոշը, զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Մ. Գրիգորյանը շտաբի պետ փոխգնդապետ Ս. Օրդյանին զեկուցեց նորակոչիկների` զինվորական երդում ընդունելու համար անձնակազմի շարված լինելու մասին։ Ընդունելով զեկույցը` փոխգնդապետ Ս. Օրդյանը ողջունեց եւ շնորհավորեց անձնակազմին, ի պատասխան հնչեց հաղթական «ուռա»-ն, որին հաջորդեց Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը։

Այնուհետեւ փոխգնդապետ Օրդյանն ուսումնական դասակների հրամանատարներին հրամայեց սկսել բուն երդման արարողությունը։

Առաջինը կապիտան Էդգար Պետրոսյանի դասակից երդվեց Արթուր Դանիելյանը.

-Ես՝ Արթուր Դանիելյանս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, եւ հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը։

Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ։

Երդվում եմ։

Մարտական դրոշի ներքո, հրամանատարության, զինակիցների եւ հարազատների ներկայությամբ, իրենց կյանքում առաջին անգամ ամենապատասխանատու երդմնակալությունն արեցին շարքայիններ Հովհաննես Զարգարյանը, Արմեն Վանոյանը, Տիգրան Գեւորգյանը, Կարեն Շահինյանը, Մկրտիչ Վանոյանը, Արթուր Սարգսյանը, Խաչիկ Սմբատյանը, Հովհաննես Մադոյանը, Գեւորգ Խաչատրյանը, Աղվան Մովսեսյանը, մյուսները։ Փոխգնդապետ Ս. Օրդյանի թույլտվությամբ նորակոչիկների հարազատները մոտենում եւ լուսանկարում էին իրենց սիրելիներին` նրանց նորընծա կյանքի, թերեւս, ամենանշանակալի իրադարձության պահին։

Մինչ արարողությունը շարունակվում էր, զրուցեցինք նորակոչիկների ուսումնական գործընթացի պատասխանատու փոխգնդապետ Մկրտիչ Գրիգորյանի հետ։

-Զինվորական երդմանը պատրաստ նորակոչիկների ուսումնական գործընթացը կազմակերպվել եւ անցկացվել է գործող կարգին, պահանջներին համապատասխան։ Զորամաս եկած երիտասարդները մեկ անգամ եւս ենթարկվել են բուժհետազոտման, անցկացվել են անհատական զրույցներ, որից հետո ընդհանուր պարապմունքների միջոցով ուսուցանվել է երիտասարդ զինվորների նախապատրաստության ամբողջական ծրագիրը։ Ասեմ, որ ունենք բուհեր ավարտած կամ ուսումն ընդմիջած բավական մեծ թվով տղաներ, որոնք ունեն հարուստ գիտելիքներ, բանիմաց են, եւ նրանց հետ աշխատանքի ընթացքում դժվարություններ չեն եղել։ Որպես կանոն, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում զինվորական կանոնագրքերի, հատկապես կարգապահությանը վերաբերող դրույթների պարզաբանմանը եւ պարապմունքների ենք հրավիրում ռազմական ոստիկանության, զինվորական դատախազության աշխատակիցներին, որոնք է՛լ ավելի հիմնավոր պարզաբանում են օրենքները եւ դրանց խախտման հետեւանքները։ Այս ամենը շատ կարեւոր է, որովհետեւ մեր զինվորների մի մասը ծառայությունը շարունակում է մարտական հենակետերում։

Երդման հանդիսավոր արարողությունից հետո փոխգնդապետ Սուրեն Օրդյանը մեկ անգամ եւս շնորհավորեց հայրենիքի նորընծա զինվորներին, նրանց ծնողներին ու հարազատներին, զորամասի ամբողջ անձնակազմին եւ սպաներին՝ փորձառու զինվորներին կոչ անելով սիրով ու հոգատարությամբ վերաբերվել իրենց կրտսեր եւ անփորձ զինակիցներին։

Այնուհետեւ շնորհավորանքի խոսք ասաց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Է. Բաղդասարյանը.

-Պարոնայք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ, հարգելի հյուրեր, նորակոչիկների ծնողներ։ Այսօր մեր զորամասի՝ բոլորիս համար հիշարժան օր է։ Երդվելով հայրենիքին` նորակոչիկները համալրում են մեր մարտական ստորաբաժանումները, մեր բանակի շարքերը։ Սա նշանակում է, որ նրանք թեւակոխում են իրենց կյանքի չափազանց պատասխանատու մի ժամանակաշրջան, որից դուրս են գալու որպես հասուն ու կայացած տղամարդ՝ հայրենիքի պաշտպան։ Մեր զորամասի հագեցած առօրյան, բազմաբնույթ ու հետաքրքիր պարապմունքները, մարտական հերթապահությունները կօգնեն նրանց իրապես արժեւորելու մեր ազատ ու անկախ երկրի այս օրն ու անելիքները, գնահատելու յուրաքանչյուր զինվորի դերն ու նշանակությունը մեր երկրի յուրաքանչյուր թիզ հողի պաշտպանության գործում։ Ուստի եկեք մեր նորակոչիկներին մաղթենք խաղաղ ծառայություն, թող որ նրանք հավատարիմ լինեն իրենց սուրբ երդմանը։

Արարողությունը եզրափակվեց զորամասի անձնակազմի հանդիսավոր երթով, երգով։

♦♦♦

Մինչ երդմնակալ զինվորները զենքերն էին հանձնում, մենք զրուցեցինք նրանց սպասող հարազատներից մի քանիսի հետ.

-Ես որդուս՝ Աղվան Մովսեսյանի համար եմ եկել։ Շատ հուզիչ էր, ուրիշ ո՛չ մի տեղ, ո՛չ մի առիթով չես կարող տեսնել, թե ինչպես է տղադ երդվում։ Ես այստեղ հավաքված մայրերին եւ մեր բոլոր զինվորների մայրերին մաղթում եմ առողջություն ու համբերություն, ինչպես ճանապարհել են իրենց որդիներին, թող նույն կերպ էլ ընդունեն,- ասաց տիկին Ասյան։

-Ես Պետրոսյան Հովհաննեսն եմ` Ապարանի Վարդենիս գյուղից, էս մարդկանց խումբն էլ իմ հարազատ-բարեկամներն են։ Մենք եկել ենք իմ զինվոր տղայի՝ Արսեն Պետրոսյանի զինվորական երդմանը ներկա լինելու։ Արսենս լավ տղա է, սովորում է հայկական պետական ճարտարագիտական համալսարանում։ Իմ ազգի մեջ չկա մի տղամարդ, որ բանակ գնացած չլինի, բոլորս էլ տղամարդավարի ծառայել ու վերադարձել ենք։ Թող խաղաղություն լինի, մեր ժողովուրդը թող բարգավաճի, եւ մեր տղերքն էլ բարով-խերով ծառայեն ու տուն վերադառնան։

Կամո Ծատրյանն ազատամարտիկ է, եղել է կամավորական զորամասի Երեւանի վաշտի հրամանատար, պարգեւատրվել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

-Կնոջս եղբոր՝ Հայկ Սարգսյանի համար եմ այստեղ եկել, լավ, ազնիվ, համարձակ տղա է։ Չեմ կասկածում, որ պատվով է ծառայելու։ Երկու եղբայրներն էլ առաջնագծում էին ծառայում, մեկը էս է` Տարոնը, նոր է զորակոչվել ու դեռ Հայկին չի էլ տեսել։ Ինչ ասեմ, մենք շատ բան ենք տեսել, շատ թանկ կորուստներ ենք ունեցել, թող իրենք խաղաղության մեջ ծառայեն, Աստված չանի, թե մի բան էլ եղավ, մենք դեռ կանք, իրենց կողքին ենք։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/07/2011