ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ
Նկարիչ, որին հարգում է աշխարհը, և որին չի ընդունում Թուրքիան
«Արշիլ Գորկին նման է մի հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում, և երևում է ընդամենը 1/10 մասը: Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»:
Ուիլյամ դե Կանինգ
Արշիլ Գորկին (իսկական անունը` Մանուկ Ոստանիկ Ադոյան) ծնվել է 1904թ. Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը մոր` Շուշանի գյուղի (ներկայիս Գևաշն է): Գորկի ազգանունը վերցրել է ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, որին պաշտում էր, և որի «Հատակում» պիեսը խոր ազդեցություն էր թողել նրա վրա:
1914թ. Արշիլ Գորկին մոր և երեք քույրերի հետ բռնում է գաղթի ճամփան: Սկզբնական շրջանում նրանց ընտանիքը բնակություն է հաստատում Էջմիածնում, Երևանում, իսկ չորս տարվա դեգերումներից հետո տեղափոխվում են Թիֆլիս, ապա` ԱՄՆ: Բոստոնում նկարչության առաջին ուսուցիչը մի անգամ ասում է, որ հայն Ամերիկայում չի կարող նկարիչ դառնալ, ինչպես գերմանացիներն ու ֆրանսիացիները: Եվ Մանուկ Ոստանիկ Ադոյանը նկարչական ակադեմիա ընդունվում է Արշիլ Գորկի կեղծանունով: Մտերիմները նրան համարում էին ռուս գրող Մաքսիմ Գորկու հեռավոր բարեկամը: Գորկին սովորում է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, իսկ 1926թ.-ին ավարտում է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը: Սկզբնական տարիներին խորապես կրում է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասոյի արվեստների ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակում է իր ուրույն ոճը և ստեղծում նկարչական դպրոց: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարում է դիմանկարներ, նատյուրմորտներ և բնանկարներ: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դառնում են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Կյանքի վերջին տարիներին Արշիլ Գորկին հակվում է դեպի վերացապաշտական ¥աբստրակտ) նկարչությունը, որոնցով էլ նա հետագայում արժանանում է համաշխարհային հռչակի` որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի:
Հոգևոր արմատներով նա կապված էր Հայաստանին և հայ ժողովրդին: Արշիլ Գորկու արվեստի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների` Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է: 1938թ.-ին Գորկին Հայաստան է ուղարկում չորս կտավ, իսկ 1941թ.-ին Նյու Յորքում կազմակերպված ցուցահանդես վաճառքում նա երկու նկար նվիրում է Կարմիր բանակին:
1946թ.-ին հրդեհվում են նրա 30-ից ավելի կտավները։ 1948թ.-ին ավտովթարի հետևանքով վնասվում է ողնաշարը, կորցնում է աջ ձեռքի աշխատունակությունը: Մարմնի ցավերը և հոգեկան ապրումները նրան 1948թ.-ի հունիսին հասցնում են ինքնասպանության:
Արշիլ Գորկու կտավները պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում` ԱՄՆ-ի Ուիթնի և Մետրոպոլիտեն թանգարաններ, Լոնդոն «Թեյթ», Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարան, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` Երևանում:
Պատրաստեց Հասմիկ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Հոգևոր-մշակութային