ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
Զինծառայողի մարտունակությունը մեծապես կախված է նրա բարոյահոգեբանական վիճակից, ծառայելու տրամադրվածությունից և մի շարք այլ գործոններից: Հոգեպես առողջ է համարվում այն զինծառայողը, որ հավասարակշռված է, ունակ է տիրապետելու զինվորական մասնագիտությանը և դիմանալու բարձր հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածության՝ առանց առողջությանը վնասելու:
Մարդու հոգեկան առողջության վիճակն անընդհատ փոփոխվում է, քանի որ ուղղակիորեն կախված է բազմաթիվ արտաքին գործոններից՝ սոցիալ-տնտեսական, բնապահպանական, ֆիզիկական, հոգեբանական և այլն… Ժամանակակից հոգեբանությունն ուսումնասիրում, օրինաչափություններ է գտնում զորքերում սթրեսորների բնույթի, դրանց առաջացման պատճառների և գործած ազդեցությունների վերաբերյալ:
Հոգեպես առողջ մարդկանց հոգեբանական կամ ֆիզիկական խանգարումները կարող են զարգանալ միայն բացառիկ ինտենսիվ, ուժեղ կամ երկարատև արտաքին անբարենպաստ ազդեցության պարագայում: Ոչ մի բանակ զերծ չէ զինվորական կոլեկտիվների և զինծառայողների հոգեբանական կայունության, ֆիզիկական առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող երևույթներից: Չկան սթրեսի նկատմամբ լիովին կայուն մարդիկ: Մեզնից յուրաքանչյուրն ունի խիստ անհատական պաշտպանական շեմ, որի վերին սահմանին հասնելու դեպքում հոգեհուզական լարվածությունը, գերհոգնածությունը կամ օրգանիզմի կենսունակության խանգարումը կարող են հանգեցնել հոգեբանական խզման, որոշ դեպքերում էլ՝ հիվանդությունների պատճառ դառնալ:
Զինծառայությունն անխուսափելիորեն ուղեկցվում է ֆիզիկական և հոգեբանական գերբեռնվածությամբ, ինչը հատկապես վերաբերում է ժամկետային զինծառայողներին: Կյանքի ռիթմի փոփոխությունը, տնից կտրվածությունը, վարքի և ռեժիմի կանոնակարգվածությունը, ենթարկվելու անհրաժեշտությունը, առանձնանալու անհնարինությունը, կենցաղային անհարմարությունները և շատ այլ գործոններ զինծառայողին հոգեկան և ֆիզիկական առողջության բարձր պահանջներ են ներկայացնում:
Զինծառայողի հոգեբանական ախտածին վիճակների առաջացման էլ ավելի լուրջ նախապայմաններ են առաջ գալիս մարտական գործողությունների ժամանակ: Ողջ մնալու ձգտումը, պատերազմի ավերածությունները տեսնելուն հոգեբանորեն անպատրաստ լինելը, մարտական խնդիրը կատարելիս սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը, զոհված ընկերների համար մեղքի զգացումը, որոշ դեպքերում տեղեկատվության անհասանելիությունը, քնի ռեժիմի խախտումը, հիվանդությունները, վնասվածքները, իրադրությանը համարժեք հակազդելու բավարար փորձի բացակայությունը այն հիմնական գործոններն են, որոնք պատերազմական պայմաններում ներազդում են զինծառայողի հոգեկան առողջության վրա եւ կարող են հանգեցնել կարճատև սթրեսային դրսեւորումների, որոնք ուղեկցվում են մարտունակության մասնակի կամ ամբողջական կորստով:
Այս տեսանկյունից առաջնային դեր ունեն ինչպես կանխարգելիչ, այնպես էլ հետևանքների շտկմանն ուղղված միջոցառումները.
ա) Զինծառայողների մասնագիտական ընտրությունն ու մինչև զորակոչվելը բժշկական, հոգեբանական մանրազնին հետազոտումը՝ հոգեկան առողջության խանգարումների հակում ունեցող զինծառայողների մուտքը հատկապես մարտական ծառայություն իրականացնող զորամասեր բացառելու համար:
բ) Զինծառայողներին հոգեկարգավորման մեթոդներին ծանոթացնելը, որի միջոցով կկանխվեն ինչպես ծառայության ընթացքում կոնֆլիկտային իրավիճակների առաջացումը, այնպես էլ հոգեկանի վրա քայքայիչ սթրեսորների ազդեցությունը՝ նպաստելով նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ընդունակության ձեւավորմանը:
գ) Մարտական գործողությունների ընթացքում սթրեսի ենթարկված զինծառայողների ժամանակին հայտնաբերումն ու հոգեկարգավորման անհրաժեշտ օգնության ցուցաբերումը՝ հետագա քրոնիկ հիվանդությունների զարգացումից խուսափելու նպատակով:
Խաղաղ պայմաններում զինծառայողի հոգեբանական առողջության վրա բացասական ազդեցություն կարող են թողնել հակաբանակային քարոզչությունը, կենցաղային վատ պայմաններն ու սնունդը, ուժի և բռնության, դաժանության դրսևորումները, բարոյական բարձր արժեքների հանդեպ հավատի բացակայությունը:
Այսպիսով՝ կարելի է նշել, որ զինծառայողների հոգեկան ու հոգեբանական առողջության վրա ազդող ամենակարևոր գործոններն են՝ տվյալ անձի հոգեբանական նախադրյալները, որոնցով նա զորակոչվել է բանակ, երկրի քաղաքական կայունությունը և հասարակության բարոյական առողջության մակարդակը, զորամասում առկա միջանձնային հարաբերությունների բնույթն ու դրվածքը:
Կարևոր է հիշել, որ մարդն ի վիճակի է հաղթահարելու անգամ ամենածանր զրկանքներն ու տառապանքները, եթե ընդունակ է դրանք իմաստավորելու, գիտակցում է իր գործի կարևորությունն ու անձի ապահովությունը տվյալ սոցիալական խմբում՝ արժանանալով պատշաճ ուշադրության եւ հարգանքի:
Պատրաստեց Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
մայոր
Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Ռազմական