ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Օրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գիտխորհրդի դահլիճում Լևոն Հովսեփյանի, Արծրուն Հովհաննիսյանի, Սերգեյ Մինասյանի համահեղինակությամբ հրատարակված «Տարածաշրջանի ռազմական տեղեկագրքի» մասնագիտական քննարկումն էր:
Տեղեկագիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և նախատեսված է տարածաշրջանի ռազմաքաղաքական հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների, զինվորականների, քաղաքագետների և վերլուծաբանների համար:
Գրքում ներկայացված են Հայաստանի հարևան երկրների` Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական համակարգերը, զինված ուժերը, անվտանգության մարմիններն ու ռազմական հնարավորությունները, մանրամասն դիտարկվում են այդ երկրների պաշտպանական ոլորտի նորմատիվ-իրավական, ինստիտուցիոնալ ու կառուցվածքային բաղադրիչներն ու առանձնահատկությունները, պաշտպանական համակարգի սահմանադրա-իրավական նորմերը, զինված ուժերի կառուցվածքը, զորատեսակներն ու սպառազինությունը, ռազմաուսումնական համակարգը և այլն:
«Մինչ օրս չկար համալիր, ամբողջական աշխատանք, որում ներկայացված լինեին մեր տարածաշրջանի երկրների պաշտպանական համակարգերը, ռազմական հնարավորություններն ու ռեսուրսները: Եվ ահա, հնարավորինս պարզ ու համապարփակ, տեղեկագրային սկզբունքով փորձել ենք ներկայացնել»,- նշում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Տեղեկագրքում վերլուծվել են հատկապես Ադրբեջանի ռազմականացման, սպառազինման միտումները: Ընդհանրացնելով Ադրբեջանի զինված ուժերի որակական ցուցանիշների վերաբերյալ դիտարկումները` մատնանշվել են նաև ուժեղ և թույլ կողմերը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի ուսումնական գծով տեղակալ, գնդապետ Խ. Խաչատրյանի դիտարկմամբ` գիրքը հնարավորություն է տալիս առավել իրազեկված լինելու և որոշակի պատկերացում կազմելու հարևան երկրների ռազմական ներուժի, հնարավորությունների մասին: Գնդապետը նաև ողջունելի է համարում այն փաստը, որ այսօրինակ գրքի մասնագիտական քննարկումը տեղի է ունենում հենց ռազմական մայր բուհում, և այն ապագա սպաների համար կդառնա սեղանի գիրք, օժանդակ ձեռնարկ ուսուցման գործընթացում:
Քննարկման ընթացքում ներկաները նշեցին գրքի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու նկատառումները:
Հեղինակներն էլ տեղեկացրին, որ հետագայում տեղեկագիրքն ավելի ծավալուն, առավել ամբողջական ձևաչափով կտպագրվի:
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Ռազմական