Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԻՆ ՀԱՂԹԱԾ ԶԻՆՎՈՐԸ



ՄԱՀԻՆ ՀԱՂԹԱԾ ԶԻՆՎՈՐԸԱպրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ռազմական կարեւոր նշանակություն ունեցող մարտական դիրքում կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած անձնակազմը ժամեր շարունակ մարտնչեց թշնամու հատուկջոկատայինների դեմ, դիմակայեց ծանր զրահատեխնիկայի հարվածներին։ Անհավասար պայքարում զոհվեցին 7 քաջերից 4-ը` Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը եւ Ռոբերտ Աբաջյանը:

Անհամբեր սպասում եմ աշխատանքային օրվա ավարտին` կարեւոր հանդիպում ունեմ։ Արդեն երեկոյան ժամը տասն է, իսկ նա դեռ չի զանգում։ Անհանգստանում եմ` եթե չկարողանամ տեսնե՞լ… Վերջապես ստանում եմ սպասված զանգը` Մուշեղն է։ Շտապում եմ  դիմավորել։ Սպասված հյուրիս շփոթել չի լինի. Մաշտոցի 5 հասցեում գովազդային մեծ վահանակի վրա՝ ամենաերեւացող տեղում, նրա նկարն է հետեւյալ գրությամբ. «Սերժանտ Մուշեղ Թովմասյանը առաջարկում է կարդալ Լեւոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գիրքը»։ Բարձրահասակ, մեղմ ժպիտով ու զուսպ շարժուձեւով մերօրյա հերոս Մուշեղ Թովմասյանն է, նա, որ հաղթել է մահին, սրտում` զոհված ընկերների ցավն ու վրեժի ծարավը:

2015թ. հուլիսի 17-ին զորակոչվել է բանակ: Որոշել է ծառայությունից հետո սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում եւ դառնալ նաեւ իր հայրենակիցների իրավունքների պաշտպանը:

Զրույցը պատերազմից սկսել չեմ ցանկանում, առօրյա ծառայությունից եմ հարցուփորձ անում:

-Ամեն ինչ լավ է, դիրքերի պաշտպանությունը հիմա կրկնակի ուժեղացված է։ Մարտական հերթապահության իրականացման պայմանները կատարելագործվել են, ունենք գիշերային դիտարկման սարքեր… Մեր դիրքը կարեւոր ռազմական նշանակություն ունի, դրա համար էլ թշնամին այդքան ուժեր էր կենտրոնացրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, փորձում էր ամեն գնով գրավել այն։

Մի քանի հարց եմ տալիս, պատասխանում է արագ, հստակ։ Մեկ էլ.

-Կլինի՞՝ ես սկզբից պատմեմ…

Գլխով համաձայնության նշան են անում …

ՄԱՀԻՆ ՀԱՂԹԱԾ ԶԻՆՎՈՐԸ-Նախապես տեղյակ էինք, որ մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է լինելու, եւ նախապատրաստվել էինք։ Գիշերվա ժամը 2-ի կողմը մենք գետնատնակում էինք: Էդգարը դրսում էր, նա առաջինն է նկատում հրետանու կրակը ու տեղյակ պահում հրամանատարությանը։ Ուրֆանյանը մեզ բաշխում է տարբեր խրամաբջիջներում եւ սկսում մարտ վարել դիրքի ձախ թեւից, որը ամենամոտն էր հակառակորդին։ Նրա հետ էր Քյարամը, իսկ Էդոն փամփուշտ էր բերում: Հրամանատարի ու ընկերոջ զոհվելուց հետո լուսադեմին խրամուղով անցնում է հարեւան դիրք` օգնություն կանչելու։ Ես, Կյաժն ու Անդրանիկը աջ թեւի խրամաբջիջում էինք։ Տիկոն գետնատնակից փամփուշտ ու նռնակ էր բերում։ Երբ Կյաժի փամփուշտները վերջանում են, ես իմ մոտից եմ տալիս (ժամանակ չկար լիցքավորելու, լցրել էինք գրպաններս) ու իջնում բլինդաժ, տեսնեմ՝ էլի ինչ կա, որ բերեմ։ Մինչեւ գնում եմ այնտեղ, Անդոն ու Կյաժը հողաթմբի վրայից կռիվ են տալիս, չեն թողնում՝ թշնամին առաջանա։ Բլինդաժում փամփուշտ չեմ գտնում` ընդամենը մի հատիկ նռնակ, վերցնում եմ ու իմ կանգնած տեղից շպրտում թշնամու առաջացած խմբի ուղղությամբ, մյուսները հետ են նահանջում. երեւի մտածում են, որ մենակ չեմ, դժվար կլինի առաջանալը։ Երբ տեսնում եմ՝ դրանք հետ են գնում, նորից եմ մտնում բլինդաժ ու տեսնում եմ Տիգրանին։ Նրան տանում եմ հրամանատարական դիտակետ, մի քանի նռնակ ու փամփուշտ վերցնում, մեր հետախուզական վաշտից մի քանի հոգու հետ վերադառնում եմ դիրք: Չենք կարողանում մտնել` թշնամու մի մեծ խումբ լցվել էր դիրքը։ Հետախույզներից մի քանիսը առաջանում են, տեսնում դրանց թվաքանակը ու հետ են դառնում։ Ես ու մի հետախույզ փորձում ենք մտնել դիրք, կանչում եմ Կյաժին։ Ռոբն այդ ժամանակ ասում է, որ Անդոն էլ չկա։ Ուզում եմ բարձրանալ հողաթմբի վրա, որտեղից դիտարկում ենք տարածքը, սակայն հետախույզը չի թողնում, ասում է՝ կնկատեն ու կխփեն, ավելի լավ է՝ այստեղից կռվենք։ Հետ ենք գալիս ու հողաթմբի հետեւից կրակում` թույլ չտալով թշնամուն առաջանալ։ Այդ ժամանակ էլ  շտապօգնության մեքենայով տեղ է հասնում Մալոյանը։ Կյաժը նրանց տեսնում է ու ձայն տալիս, զգուշացնում վտանգի մասին։ Նույն պահին էլ ադրբեջանցիները նկատում են նրան ու մտնում նրա թաքստոցը։ Կյաժը պայթեցնում է իրեն…

Մուշեղը խոսում է դանդաղ, ձայնը ցածր է ու հանդարտ, իսկ աչքերում ցավի խտացած երանգներ եմ նկատում։ Երբեմն-երբեմն խոր շնչում է` նորից կարծես վերապրելով ամեն դրվագը։ Երբ պատմում է Ռոբերտի՝ նռնակ պայթեցնելու մասին, լռում է մի պահ. զգացվում է՝ շնչառությունը արագանում է… Մի տեսակ ինձ մեղավոր եմ զգում, որ ստիպեցի վերապրել չամոքվող ցավը։ Փորձում եմ թեթեւացնել լարվածությունը՝ «Ի՞նչ մեդալ ես ստացել»: «Ցույց տա՞մ»,- ու ձեռքը տանում է ծոցագրպանը։

«Արիության համար» մեդալն է ձեռքումս: Ոգեւորվում եմ, պատկերացնում եմ դիրքի յուրաքանչյուր զինվորի կատարած սխրանքը, եւ մարմնովս դող է անցնում: Վերադարձնում եմ մեդալը, Մուշեղը անտարբեր դնում է սեղանին։ Նրա համար հայրենասիրությունը մեդալով չի չափվում… Նա մահին հաղթած այն քաջերից է, որի համար մարտական ընկերների բացակայությունը չի կարող հավասարակշռել ոչ մի բարձրագույն պարգեւ:

Կեսգիշերն անց է։ Մեկշաբաթյա արձակուրդից հետո Մուշեղն առավոտյան վերադառնալու է զորամաս՝ այն դիրքը, որտեղ կենաց եւ մահու կռիվ են տվել մերօրյա հերոս տղաները, որոնց պարտական ենք ազգովի։ Ամուր գրկում եմ  ու այդ ջերմության մեջ ամփոփում այն ամենը, ինչ կուզեի ասել Մուշեղին՝ մեր բոլոր զինվորներին…

 

Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/11/2016