Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԻՑ ՈՒԺԵՂ ՈՒ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ



ՄԱՀԻՑ ՈՒԺԵՂ ՈՒ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿՀատվածներ Քառօրյա պատերազմում քաջի մահով ընկած հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հարսնացուի՝ Գոհար Զարգարյանի օրագրից

 

Հուլիսի 12

Ես ու Մարգարիտը գնացել էինք «Հաղթանակ» զբոսայգի: Երկար չմնացինք, որովհետև Սոֆին հետներս չէր, Մարգարիտն էլ անընդհատ ասում էր` աղջիկս տանը մենակ է, տեսնես՝ մի բան կերա՞վ: Արդեն ուզում էինք տուն գալ, մեկ էլ երկու տղա մոտեցան Մարգարիտին, թե` մեզ նկարի: Նրանց հեռախոսն էլ փչացած էր, ինչ էր` չնկարեց: Մարգարիտն էլ ստիպված իր հեռախոսով նկարեց էդ երկուսին: Թե ասա՝ ի՞նչ գործ ունես: Մեկ էլ դրանցից մեկը եկավ կանգնեց կողքս, թե` մեզ էլ նկարի: Էս Մարգարիտն էլ հեռախոսը պահել է, որ նկարի: Չի ասում՝ էդ անծանոթ տղայի հետ ինձ նկարում է, որ ի՞նչ: Ես փախա մի կողմ: Հետո եկանք տուն: Հիմա Մարգարիտն ու էդ տղաներից մեկը, էն, որ ուզում էր ինձ հետ նկարվել, ֆեյսբուքով գրում են իրար: Նկար են փոխանցում: Անունը Սասուն է: Զինվորական է, հետախույզ-գնդացրորդ: Մարգարիտին էր ասել:

 

Հուլիսի 16

Սասունը ինձ ամեն օր ֆեյսբուքով նամակներ է ուղարկում: Մեկ պատասխանում եմ, մեկ` չէ: Էն օրն էլ քաղաքավարությունից դրդված` որ մի բան հարցրած լինեմ, ասեցի` գործիդ մասին պատմի: Ասեց` ինչ կուզես՝ հարցրու, մենակ գործիս մասին մի՛ հարցրու: Պահ, շատ պետքս է, իրեն շատ երևակայեց: Հետախույզ-գնդացրորդ: Որ մտքիս դնեմ, ինտերնետը կբացեմ, կիմանամ, թե էդ ինչ է: Սասունը էսօր էլ լիքը դաշտային ծաղիկներ է հավաքել ու փունջը առաջ պարզած նկարվել է, ասում է` քեզ համար եմ հավաքել: Մարգարիտն էլ վրաս խոսում է, ասում է` հո քեզ չի՞ ուտելու, պատասխանի էլի նամակներին: Մարգարիտի հետ լավ մտերմացել են:

 

Օգոստոսի 10

Էս Սասունը չափը լրիվ անցավ: Մի երկու անգամ նամակներին պատասխանեցի, առիթավորվեց, սկսեց կոմպլիմենտներ անել: Ասացի` քեզ հավաքի, էնպես չանես՝ սասունցու ծռությունս բռնի: Ասեց` վայ, ես էլ եմ սասունցի: Պարզվեց` երկուսս էլ սասունցի ենք` Թալինից: Մենք` Վերին Բազմաբերդից, իրենք` Կաքավաձորից: Հարցրի` ո՞ւմ տղան ես, ասեց` վարորդ Ֆահրադի: Այ քեզ բան, հոպար Ֆահրադի տղան է: Հոպար Ֆահրադը փեսայիս` քրոջս ամուսնու ընկերն է: Էնքան է մեր տուն եկել: Ասում եմ` Սասուն, մամադ էլ ինձ է բարեկամ, մենք ազգական ենք: Ասում է` յոթը պորտ հեռու է, ի՞նչ ազգական: Ոնց որ չուզենա, որ ես ու իր մաման բարեկամ լինենք:

 

Սեպտեմբերի 5

ՄԱՀԻՑ ՈՒԺԵՂ ՈՒ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿԵրեկ Սասունը գրեց, թե` եկել եմ Երևան, արի վաղը հանդիպենք: Դե, հոպար Ֆահրադի տղան է, ի՞նչ կլինի, որ հանդիպեմ: Երեկ քեֆի էի, մազերս սիրուն սարքել էի: Սանրվածքս չի խառնվել, ոնց կար, նույն ձևի մնացել էր: Սիրուն կապույտ շալվար եմ հագել, սպիտակ վերնաշապիկ` վրան երկու հատ մեծ կապույտ ծաղիկ: Աչքերս էի քսում հայելու առաջ, Մարգարիտն ասեց` շատ խնամքով ես պատրաստվում, ոնց որ սիրային ժամադրության գնաս: Էս Մարգարիտը լրիվ գժվել է: Սոֆիի հետ նայում էին իրար, խնդմնդում: Ասում եմ` ինչ սիրային ժամադրություն, հոպար Ֆահրադի տղան է: Ի՞նչ անեմ, երեսիս մուր քսեմ, նոր գնա՞մ:

Սիրահարների այգում ենք ժամադրվել: Մարգարիտը էդ որ իմացավ, ավելի ոգևորվեց: Սիրահարների այգին Սասունենց տանը կպած է, դրա համար էլ էդ այգում ժամադրվեցինք:

…Որ մոտենում էի այգուն, սիրտս սկսեց արագ-արագ խփել: Սասունը ջինսից շալվար էր հագել, կապույտ մայկա: Ասեց՝ արի նստենք էս նստարանին, սա իրարից խռոված սիրահարներին հաշտեցնելու նստարանն է: Ուզում էի ասել` մենք ի՞նչ կապ ունենք, բայց չասեցի:

Սասունը էս անգամ ինձ ավելի բարձրահասակ թվաց, թիկնեղ: Աչքերի մեջ էնքան պարզություն ու ազնվություն կար: Սիրուն տղա է: Մեկ էլ ինձնից անկախ հարցրի` ընկերուհի ունե՞ս: Հարցրի ու փոշմանեցի: Չունեմ` ասեց: Որ դրությունը փրկեմ, ասեցի` ես քեզ համար ընկերուհի կճարեմ: Բան չպատասխանեց: Բայց ոնց որ տրամադրությունն ընկավ:

 

Սեպտեմբերի 6

Սասունը գրեց` ավտո եմ առել: Շնորհավոր, ասեցի: Մի քիչ խոսեցինք: Հետո, երբ արդեն հրաժեշտ էինք տալիս իրար, ասեց` գոնե ձևի համար հարցնեիր՝ ի՞նչ ավտո է, ի՞նչ գույնի է: Ոնց որ նեղացավ:

 

Սեպտեմբերի 8

Երկու օր է՝ Սասունը չի գրել: Պահ, շատ պետքս է, թող չգրի, Մարգարիտն ասում է` ում էլ ասեն` քեզ համար աղջիկ եմ ճարելու, չի գրի: Պիտի չասեի էդ խոսքը: Դրան էլ գումարվեց ավտոյի պատմությունը: Ես ամաչեցի` հարցնեմ՝ ի՞նչ ավտո է:

Ամոթ չի՞, որ առաջինը ես գրեմ: Բա որ էլ չգրի՞: Ի՞նչ գրեմ: Գրեմ` բարև, Սասուն: Բա որ չպատասխանի՞: Թե ինչի՞ մեքենայի մասին բան չհարցրի:

 

Սեպտեմբերի 21

Բոլորս միասին հրապարակ գնացինք: Ես, Սոֆին, Սասունը, Խորենը, քույրերս` Մարգարիտը, Մերին …Մերին մի գլուխ հարցեր էր տալիս: Չէ, ասում եմ, չէ, պարզապես ընկերներ ենք, չենք հանդիպում: Էլի չի հանգստանում, ոնց որ քննիչ լինի: Խաչաձև, շփոթեցնող հարցեր է տալիս:

Էս Սասունն էլ գրկել է 12 տարեկան Սոֆիին, նստեցրել ուսին, որ համերգը լավ տեսնի: Սասունցի Դավիթը լինի ոնց որ. Էդքան ուժե՞ղ… Զրույցի ժամանակ էլ իմացա, որ Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտն է ավարտել:

Ամեն ինչ շատ լավ էր, մեկ էլ, որտեղից որտեղ, Սիփանը բուսնեց կողքներս: Մոտեցավ ինձ, սկսեց հետս խոսել: Հիմա համ Սիփանի հետ եմ խոսում, համ էլ ականջի պոչով Մարգարիտի ու Սասունի զրույցն եմ լսում: Մարգարիտը Սասունին ասում է` (Սիփանի մասին է ասում) Գոհարին սիրում էր, բայց Գոհարը չուզեց: Մեկ էլ Սասունը եկավ, ձեռքը գցեց ուսիս, թե` արի, բան եմ ասում: Շիվարած մնացի: Հիմա հո չեմ հուզվել, սիրտս հո չի խփում: Մեկ էլ ասեց` ես քեզ սիրում եմ, դու իմն ես լինելու: Խոսելու ունակությունը կորցրել էի:

 

Նոյեմբերի 7

Սասունն ամեն օր գալիս է մեր տուն: Մարգարիտի հետ շատ են մտերմացել: Մարգարիտը Սասունի մասին խոսելիս ասում է` տղաս, իմ տղան: Իսկ Սոֆիի հետ մի այլ կարգի են կապված: Սոֆին հորը չի հիշում, երբեք տղամարդու հովանավորություն, տղամարդու պաշտպանություն չի տեսել: Հիմա Սասունը Սոֆիի համար և՛ հայր է, և՛ եղբայր: Ամբողջ օրը իրար հետ են: Սասունը Սոֆիի դասերն է սովորեցնում, զրուցում է հետը, խորհուրդներ է տալիս: Էնքան բարի, լուսավոր տղա է:

 

Նոյեմբերի 10

Հետախույզի օրվա կապակցությամբ Սասունը մեզ հրավիրել էր իր զորամաս, որ հետախույզների ցուցադրական ելույթը նայենք: Ես հիվանդ էի, չէի ուզում գնալ, բայց տեսա, որ Սասունը շատ է ոգևորված, շատ է ուզում, որ գնանք, համաձայնեցի:

Առաջին անգամ Սասունին տեսա զինվորական համազգեստով: Հո սիրուն չէր: Շատ էր սազում համազգեստը: Հենց մեզ տեսավ, շարքից դուրս եկավ, վազելով եկավ մեզ մոտ: Ուզում էր ձեռքս բռնել, չթողեցի. բոլորը մեզ էին նայում: Սասունը էնքան ուրախ էր, փայլում էր…Միջոցառումից հետո բոլորս միասին տուն եկանք: Հիմա Սոֆին ասում է՝ ես էլ եմ հետախույզ դառնալու: Սասունը համոզում է` Սոֆի ջան, աղջկա տեղ չի: Սոֆին Սասունի հագից հանել տվեց զինվորական համազգեստը, ինքը հագավ: Սասունի պես բարի, փափուկ, խաթրաշահ մարդ չեմ տեսել:

 

Նոյեմբերի 21

Առաջին անգամ Սասունենց տուն գնացի: Վայ, էդ ինչ լավ մարդիկ են Սասունի ծնողները: Ինձ էնքան ջերմ ընդունեցին: Սասունի մայրը ինձ նման կապույտ աչքերով, սիրուն կին էր, էնքան ժպիտով, քաղցրախոս: Սասունի քրոջ փոքրիկ աղջիկն էլ ինձնից չէր պոկվում: Բոլորը ինձ հարսիկ էին ասում: Շատ սիրեցի բոլորին, բախտավորություն է էդպիսի մարդկանց հետ ապրելը: Սասունի մայրը ինձ սիրուն պայուսակ նվիրեց: Սասունը էնքան ուրախ էր, էնքան երջանիկ:

 

Դեկտեմբերի 16

Որ Սասունը դիրքերում է լինում, օրերը չեն անցնում: Օրվա մեջ մի հազար անգամ զանգում է, բայց, մեկ է, ժամանակը չի անցնում:

Սասունն ինձ համար կամուֆլյաժ-վարդ էր պատրաստել: Հետո լուսանկարել էր, ուղարկել ինձ: Զինվորական վարդ: Ոչ մեկին չեմ տեսել, որ Սասունի պես սիրի իր աշխատանքը: …Ե՞րբ է իջնելու դիրքերից: Ասաց` Նոր տարուն հետդ կլինեմ: Խոստացավ: Ժամերն եմ հաշվում, թե երբ է գալու: Մի բանով պիտի զբաղվեմ, որ օրերն անցնեն: Մեր զրույցներն եմ հիշում: Ասում էր՝ ես չեմ ուզում, որ որևէ մեկը ինձ օգնի: Ուզում եմ ամեն ինչ իմ ուժերով անել: Ես մեծ երազանքներ ունեմ, շատ բանի եմ ուզում հասնել, բայց՝ ազնվաբար ու սեփական ուժերով:

 

Հունվարի 7

Նոր տարվա գիշերը բոլորն ուրախ էին, բացի ինձնից. Սասունը չեկավ: Բայց խոստացավ, որ ծնունդիս օրը` ամսի 6-ին կհանդիպենք: Վայրկյան առ վայրկյան սպասում էի, մեկ էլ զանգեց, թե` բուք է, ճանապարհները փակ են, չեմ գալու: Ինքս ինձ սիրտ եմ տալիս, ինքս ինձ հետ խոսում եմ: Ասում եմ` էդ որ հպարտանում ես Սասունի մասնագիտությամբ, համարձակությամբ, դուխով, պիտի դժվարություններին էլ դիմանաս: Մեկ է՝ սիրտս չի բացվում: Ուղիղ ժամը 12-ին զանգեց ու ասեց` լսի: Մեկ էլ՝ մի գմփգմփոց, ճայթյուն: Ծնունդդ շնորհավոր, էս հրավառությունը քեզ համար է՝ ասեց: Քիչ-քիչ տրամադրությունս բարձրացավ: Պառկել ու մտածում եմ` հիմա Սասունը զենքը ձեռքին կանգնած է սահմանին, ձյուների մեջ: Մի տեսակ հեքիաթի է նման, գեղեցիկ հեքիաթի…

 

Մարտի 9

Մարտի 8-ին Սասունը մեծ, կարմիր կակաչներ էր բերել ինձ համար: Միասին գնացինք իրենց տուն: Ես տորթ էի թխել, սկեսուր մայրիկի, բոլորի համար նվերներ էի պատրաստել: Ինձ էնքան լավ եմ զգում Սասունենց տանը: Էնքան լավ ընտանիք ենք բոլորս միասին: Պապան, մաման, Սասունը, ես, Սասունի քույրը, քրոջ ամուսինը, նրանց բալիկը: Էնքան սեր կա այս ընտանիքում, ջերմություն, իսկ Սասունն էլ իրենց տան արևն է` միշտ պայծառ, ուրախ, հումորով, լավատես…

 

Ապրիլի 1

Սասունը վերջապես իջավ դիրքերից: Զանգեցի, ասեցի՝ ուզում եմ թատրոն գնալ, ասեց` մի՛ գնա: Լավ` ասեցի, բայց շարունակեցի մազերս ֆենել: Ես, հո, լավ գիտեի, որ մի քիչ հետո զանգելու է, որ ասի` գնա: 10 րոպե չէր անցել, զանգեց, թե` լավ, եթե շատ ես ուզում, գնա, բայց թատրոնից հետո կգաս մեր տուն, ես մինչև էդ տուն հասած կլինեմ:

Սասունը էնքան սիրուն էր էսօր: Մի արտակարգ սիրուն էր: Սպիտակ մայկա էր հագել, ու ոնց էր սազում իրեն էդ մայկան: Ասի` ինչ սիրուն ես Սասուն: Կյանքում նման բան չէի ասել: Կարմրեց: Սասունի մաման էլ անընդհատ կրկնում էր` տունս լցվեց, տղաս մտավ տուն, տունս լցվեց: Հետո մայր ու տղա ինչ-որ բան էին քչփչում` մատանի բառը հասավ ականջիս: Ոնց որ ուզում են ինձ անակնկալ անել:

Հետո ես ու Սասունը եկանք մեր տուն: Արդեն շատ ուշ էր: Մի քիչ էլ դարպասի մոտ խոսեցինք: Վերջում հանկարծ ասեց՝ որ ուշանամ, մատանին կվերցնես: Ասեց ու գնաց: Ինչի՞ց պիտի ուշանա, ինչո՞ւ պիտի ուշանա: Հանելուկներով է խոսում: Վաղը կհանդիպենք: Երբ մեքենան շարժվեց, պատուհանը բացեց, ինչ-որ բան ասեց: Չլսեցի: Վաղը կհարցնեմ, թե ինչ ասեց: Գնամ քնեմ, որ վաղը թարմ տեսք ունենամ:

 

Ապրիլի 2

Գիշերը Սասունը զանգեց, թե՝ կռիվ է սկսվել: Գնում եմ դիրքեր: Ամեն ինչ լավ կլինի: Մատանին պատրաստ է: Հետ գամ, կնշանվենք: Լեզուս պապանձվեց: Ո՞նց թե պատերազմ է: Ամբողջ գիշեր լաց եղա: Սասունը ժամը մեկ զանգում էր, մի քանի բառ խոսում էր, անջատում: Ասում էր՝ լաց չլինես: Մինչև առավոտվա 7-ը անընդհատ զանգում էր: Ժամը 7-ին ասեց` արդեն պիտի հեռախոսն անջատեմ, հենց կարողանամ, կզանգեմ: Ամեն ինչ լավ կլինի, սիրում եմ քեզ: Ինն անց կեսին Սասունից հաղորդագրություն ստացա. «Դուխով, գլուխդ երբեք չկախես: Սիրում եմ քեզ, դու գանձ ես»: Հետ զանգեցի, հեռախոսն արդեն անջատված էր:

Մարգարիտն էլ վառարանը մաքրելիս ընկել է, գլուխը ճղել: Գլխին յոթ հատ կար են դրել: Ոտքի վրա կանգնած չեմ կարողանում մնալ, թվում է, ուր որ է, կուշաթափվեմ:

Անընդհատ հեռախոսս զնգում է: Հարսս չի թողնում պատասխանեմ զանգերին, ասում է` ընկերուհիներդ են, գիտեն, որ Սասունը զինվորական է, պատերազմի մասին են հարցնում, զանգերին մի՛ պատասխանի: …Ու ինչ-որ բան են քչփչում:

Ժամանակը կանգնել է: Զանգի՛, Սասո՛ւն, զանգի՛:

Հարսս ասում է` կարող է՝ Սասունը վիրավորված լինի: Տեր Աստված, ումի՞ց մի լուր իմանամ: Մի քիչ հետո Սասունենց տուն ենք գնալու: Մերոնք հաստատ մի բան գիտեն, ինձ չեն ասում: Ամբողջ մարմնով ցնցվում եմ… Սասուն ջան, շատ եմ խնդրում, զանգի, զանգի, զանգի, զանգի…

♦♦♦

Օրագիրն այստեղ ընդհատվում է: Մնացածը նման է առասպելի…

Հանկարծ Սասունը գոռաց` հրամանատար, սրանք ինձ «դավադիտ» արին, մտնում եմ, փրթեմ: Ասաց ու կանգնեց հասակով մեկ, սկսեց կրակել` գնդացրային մահ թափելով թշնամու վրա: Թշնամիները հնձած խոտի պես թափվում էին: Սասունը շարունակում էր կրակել: Մինչև… ընկավ: Գնդակը որովայնին էր դիպել: Փորձում էր ոտքի կանգնել, բայց չէր կարողանում: Չեմ վիրավորվել` ասում էր, թեթև բան է, զենքս տվեք: Հետո գումարտակի հրամանատարը Սասունին դրեց իր կրծքին ու մեջքի վրա սողալով հանեց մարտադաշտից:

…Երբ տղաներն իմացան, որ Սասունն էլ չկա, անհավանական բան կատարվեց:

♦♦♦

…Ադրբեջանցիները միստիկ պատմություններ կհորինեն, մեղքը կբարդեն գերբնական ուժերի վրա, կասեն` հայերը սարսափելի անհայտ զենք օգտագործեցին: Որովհետև չեն հասկանա, թե այդ ինչպես իրենց ահռելի ոհմակի դեմ ելած 4 հայ զինվորականները ոչնչացրին հատուկ պատրաստություն անցած ադրբեջանական բանակի էլիտար ստորաբաժանումը: Չեն հասկանա, որովհետև դա սովորական ճակատամարտ չէր, ու ռազմական գիտելիքները անզոր են բացատրելու կատարվածը: Րոպեներ առաջ քաջի մահով ընկած զինակցի անկատար երազն էր նրանց առաջնորդում, զոհված ընկերոջ անբառ հրամանը՝ մահվան սարսափից հզոր ու ապրելու բաղձանքից թանկ:

Հետո… Թմբից մինչև ադրբեջանական դիրքերը` թշնամու նահանջի ամբողջ ճանապարհը, ծածկված էր մեր հողը մտած հակառակորդի անկենդան մարմիններով` իրենց հրամանատարի գլխավորությամբ:

Դիրքն ազատագրված է:

♦♦♦

18-20 տարեկան զինվորները Սասուն Մկրտչյանի զոհվելու վայրում իրենց իսկ ձեռքով հավաքած քարերով խաչ պատրաստեցին:

Մեր հողի վրա մի նոր խաչքար ավելացավ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Ճակատագրեր


30/11/2016