Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԽԿՈՏՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ



♦ Ի՞նչ թերություն բացահայտվեց Բաքվի զինվորական շքերթի ժամանակ:
♦ «Իզվեստիայի» ռեպորտաժը Լեռնային Ղարաբաղից:
♦ Ադրբեջանում քանի՞ մարդ է պատրաստ կռվելու:

ՀՐԱՊԱՐԱԿԸ ԾԽԻ ՄԵՋ

Ադրբեջանի ղեկավարությունը չէր էլ թաքցնում, որ հունիսի 26-ի զինվորական շքերթն ունի զուտ քաղաքական նշանակություն՝ վախեցնել հայերին: Բայց նույնիսկ շքերթի ժամանակ ի հայտ եկան ադրբեջանական բանակի թերությունները:

Շքերթը հեռարձակվում էր ոչ թե ուղիղ եթերում, ինչը հայտարարվել էր նախօրոք, այլ՝ 40 րոպե ուշացումով (հեռարձակումը սկսվել է 11:30-ին): «Երբ եթերում հնչեց հաղորդավարի ձայնը, բաքվեցիների գլխավերեւում սկսեցին խումբ-խումբ թռչել ինքնաթիռները, յուրաքանչյուր խմբում երկու, չորս կամ վեց ինքնաթիռ: Սակայն հեռուստատեսությամբ դա ցուցադրվեց միայն կես ժամ հետո»,- գրում է «contact.az»-ը:

Ինչո՞ւ շքերթը չհեռարձակվեց ուղիղ եթերում: Բացատրություններից մեկը հետեւյալն է. Ադրբեջանի ղեկավարությունը վստահ չէր, որ ամեն ինչ անթերի կլինի, եւ ուղիղ եթերում խայտառակությունից խուսափելու համար որոշել էր հեռարձակել շքերթի տեսագրությունը, որից հնարավոր էր «կտրել-հանել» անհաջող հատվածները:

Այս բացատրությունը հավանական է թվում, քանի որ շքերթին մասնակցում էին 6000 զինծառայող եւ 40 միավոր ռազմական տեխնիկա, որոնց գործողությունները ներդաշնակեցնելը այնքան էլ հեշտ չէ, մանավանդ՝ կարգապահությամբ աչքի չընկնող ադրբեջանական բանակում:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Իլդիրիմ Մամեդովը ուշադրություն է հրավիրում նաեւ այն փաստին, որ ռազմական տեխնիկայի անցնելու ընթացքում «Ազադլիգ» հրապարակը ծխի մեջ կորել է: «Դա նշանակում է, որ օգտագործվող դիզվառելիքն անորակ է եղել»,- նկատել է Մամեդովը:

Բացի դրանից, հրապարակով անցնող զորքի յուրաքանչյուր շարքում եղել է ընդամենը 8 զինծառայող, մինչդեռ խորհրդային ժամանակաշրջանում ամեն շարքում 20-ից պակաս մարդ չէր լինում: Ռազմական տեխնիկան էլ անցել է ընդամենը երեք շարասյունով, ինչը, ըստ Մամեդովի, վիթխարի հրապարակի համար շատ քիչ է՝ հրապարակը դատարկ է մնում:

Բացատրությունը պարզ է. 20 մարդու շարային քայլը ներդաշնակելն անհամեմատ ավելի դժվար է, քան ութինը: Բացի դրանից, շքերթի կազմակերպիչները ավելի կարեւոր են համարել միջոցառման տեւողությունը. իբր, տեսեք, ինչքան զորք ունենք, մեկ ժամ շարունակ անցնում է հրապարակով: Իսկ եթե մի շարքում լիներ ոչ թե 8, այլ 20 զինվոր, եւ ռազմական տեխնիկայի ոչ թե 3, այլ 6 շարասյուն, ապա շքերթը 50 րոպեի փոխարեն կտեւեր 20 րոպե: Ժողովրդի ոգեւորությունը շատ կարճ կտեւեր, քարոզչական արդյունքն էլ կլիներ աննշան:

Շքերթի օրվա երեկոյան ադրբեջանական բանակի՝ Մռավ լեռան ստորոտում տեղակայված զորամասում հանելուկային պայմաններում անհայտացել է 4 զինվոր: Այս մասին հայտնում է «Ենի մուսավաթը»: Կատարվածը կոծկելու նպատակով զորամասի սպաներին արգելվել է կապվել «արտաքին աշխարհի» հետ, նույնիսկ նրանց բջջային հեռախոսներն են հավաքել (http://armenpress.am/ arm/news/657354/):

Մյուս սկանդալը կապված է Իլհամ Ալիեւի կողմից «Հայրենիքին ծառայելու համար» շքանշանի արժանացած երեք գեներալների հետ. «Ազադլըգը» գրում է, որ գեներալ Ռովշան Աքպերովը մեղադրվում է գործարար Էլչին Ալիեւի սպանության մեջ: Էլչինի մայրը մամուլի ասուլիսներում բազմիցս հայտարարել է, որ իր որդուն սպանողը Աքպերովն է: Մասալիի բնակիչ Խայալաթ Ասգերովն էլ իր կապիտան որդուն սպանելու համար մեղադրում է պարգեւատրված մյուս գեներալին՝ Նիզամ Օսմանովին: Պարգեւատրված երրորդ գեներալը՝ Քյարամ Մուստաֆաեւը, հայտնի է Նախիջեւանի իր ղեկավարած զորամիավորումում զինվորների սպանությունների ու մահացության բազմաթիվ դեպքերը կոծկելով:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքով, նշված գեներալներից ոչ ոք մարտական գործողությունների փորձ չունի, իսկ նրանց հանցագործությունների մեծ մասը «ապացուցման կարիք չունի, քանի որ փաստարկված է եւ հիմնված վկաների ցուցմունքների վրա»: «Ստացվում է, որ ում քննադատում են, նրա պաշտոնը բարձրացնում են, եւ դրանով երկրի ղեկավարին դնում ծիծաղելի դրության մեջ»,- ասել է Ջաֆարովը՝ հավելելով, որ այդ ամենը «հարվածում է Ադրբեջանի հեղինակությանը» (http:// armenpress.am/arm/ news/657356/):

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Բաքվում տեղի ունեցած զինվորական շքերթից հետո՝ հունիսի 29-ին եւ 30-ին, ռուսական «Իզվեստիա» թերթը տպագրեց լրագրող Յուրի Սնեգիրեվի երկու ռեպորտաժները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Առաջին հոդվածում, որի վերնագիրն է «Ղարաբաղում պատերազմի չեն սպասում, բայց պատրաստվում են», լրագրողը ցույց է տալիս ԼՂՀ բնակչության տրամադրվածությունը Կազանում նախագահների հանդիպման անարդյունք ավարտից հետո: Սնեգիրեվը մեջբերում է ստեփանակերտցի տաքսիստ Հովհաննեսի, ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանի եւ շուշեցի ծերունի Գեորգիի խոսքերը:

Տաքսիստն ասում է. «Ադրբեջանցիները պարծենում են, որ Թուրքիայից «Աբրամս» տեսակի 50 նոր տանկ են գնել: Շատ լավ է, մեզ պետք կգան»: «Եթե Ադրբեջանը փորձի երբեւէ զավթել Ղարաբաղը, ապա այնպիսի անբուժելի վերք կստանա, որ ուշքի չի գա»,- նկատում է Մարսել Պետրոսյանը: Իսկ շուշեցի ծերունին ասում է. «Ես 70 տարեկան եմ, բայց եթե ադրբեջանցիները զենքով խցկվեն այստեղ, ես ինքս ավտոմատ կվերցնեմ ձեռքս» (http://www.izvestia.ru/news/ 493163):

Երկրորդ հոդվածի վերնագիրն է «Լեռնային Ղարաբաղի ռազմական գաղտնիքը բացահայտված է»: Այն Սնեգիրեվի ռեպորտաժն է առաջին գծից: Մարտական դիրք գնալու ճանապարհին ռուս լրագրողը հանդիպում է հողապատնեշի հետեւում, թշնամուց 200 մ հեռավորության վրա ցորեն հավաքող երկու կոմբայնավարի ու զարմանում, որ նրանք առանց վախենալու աշխատում են: Մարտական հենակետում լրագրողի խնդրանքով զինվորներին տրվում է «Տագնապ» ազդանշանը, եւ նրանք սահմանված ժամանակից 3 վայրկյան էլ շուտ զբաղեցնում են իրենց կրակադիրքերը: Այդտեղ էլ Սնեգիրեվը ծանոթանում է գնդացրորդ Աշոտ Աբրամովի հետ, որը Ռուսաստանից վերադարձել է բանակում ծառայելու՝ «թողնելով ուսումը, ընկերներին եւ սիրած աղջկան»: «Հասկանո՞ւմ եք, ես այլ կերպ վարվել չէի կարող,- ասում է Աբրամովը:- Ամոթ կլինի, եթե ես տանը նստեմ, երբ Հայրենիքին վտանգ է սպառնում»:

«Թվում է, ես իմացա ղարաբաղցիների ամենակարեւոր ռազմական գաղտնիքը,- հոդվածն ավարտում է Սնեգիրեվը:- Նրանց ուժն այն է, որ գնդակների տակ էլ ցորեն են աճեցնում» (http://www.izvestia.ru/news/ 493362):

«Իսկ ադրբեջանական բանակի վիճակն այնքան էլ բարվոք չէ, որքան Իլհամ Ալիեւն է ներկայացնում»,- վերջերս հայտարարել է Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նա նույնպես ուշադրություն է հրավիրել այն բանին, որ, բացի սպառազինությունից ու տեխնիկայից, բանակում կարեւոր է նաեւ զինվորի գաղափարական պատրաստվածությունը, այսինքն՝ այն հարցը, թե «ո՞վ է կռվելու Ադրբեջանի կողմից»:

«Ես գիտեմ, թե ինչ են մտածում ադրբեջանցիներն այստեղ՝ Մոսկվայում,- ասել է Վ.Զախարովը:- Նրանք ասում են, որ Ղարաբաղի համար չեն կռվի, եւ որ այդ պատերազմը պետք է Իլհամին, այլ ոչ թե իրենց»:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


13/07/2011