ՄԱՐՏԻԿԸ
Նոյեմբերի 14-ին ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Գեւորգ Դադասյանը: Զինվորը ենթարկվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ անդամահատման: Վնասվել են նաեւ զինվորի աչքերը:
Այցելում ենք ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու Գեւորգին: Վերակենդանացման բաժանմունքի հիվանդասենյակում ենք: Նա նստում է իր մահճակալի եզրին` կախելով ոտքերը: Անմիջապես աչքիս է ընկնում նրա զինվորական տաբատը, որով, կարծես, փորձում է չկտրել կապը ծառայության հետ: Ֆիզիկապես կոփված, ամրակազմ տղա է: Դեմքին խաղում է քաջալերող, ընկերական ժպիտը, թեեւ մարմնի վրա բազմաթիվ բեկորային վերքեր կան: Գեւորգը պատմում է, իսկ ես մտածում եմ՝ որտեղից 20-ամյա տղային այսքան ուժ, տոկունություն:
21 ամսվա զինվոր էր, հունվարին կզորացրվեր: Թեժ կետում էր ծառայում: Վերջերս էր տեղափոխվել ուսումնական գումարտակ` ապագա հետախույզներին վարժելու, ինչը սրտով չէր. կարոտում էր «թեժ կետը»: Գեւորգը ուժեղ զինվորականների կողքին է մեծացել: Հայրը զորամասի ֆիզպատրաստության պետ էր, բռնցքամարտի չեմպիոն, իսկ հորեղբոր ղեկավարած գումարտակը ճանաչվել էր լավագույնը զինված ուժերում: Ինքն էլ ուժեղ է նրանց պես: Վեց տարի սամբո է պարապել: Նայել էր հետախույզների մասին պատմող գրեթե բոլոր ֆիլմերը: Անհավանական հնարքներ, ադրենալին, ռիսկ` այդ ամենը այնքան հոգեհարազատ էր իրեն: Համոզված էր՝ ինքը հարմար չէ թիկունքային ծառայությանը, իր տեղը սահմանին է: Ուզում էր առաջնագծում հերթապահել. դա քաջություն կամ երիտասարդի հաստակողություն չէր: «Մի քանի անգամ հրամանատարներիս խնդրեցի, որ ինձ նորից դիրք տանեն: Վերջապես ընդառաջեցին: Դիրքերում օրերը լավ էին անցնում: Առավոտյան անպայման մարզվում էինք, պտտաձողի վրա ձգվում, պտտվում, ծանրաքար բարձրացնում: Ամեն ինչ միասին էինք անում՝ ճաշում, սափրվում, հանգստանում: Նորեկներին օգնում էի «պադշիվ» կարել, «սապոգ» վաքսել: Դիրքերում բոլորս հավասար էինք, միասնական»,-ասում է Գեւորգը:
Իսկ ապրիլին հակառակորդը վերջնականապես հարազատացրեց նրանց: Ապրիլին համոզվեցին` զինվորը մենակ չէ. նրա հետ, նրա կողքին է մի ամբողջ ժողովուրդ: Նույնպիսի մեծ միասնությունը, անսահման հոգատարությունը զգաց, երբ դեպքից հետո բացեց աչքերը: Շուրջբոլորը ճերմակ պատեր էին եւ տնեցիները, հեռու-մոտիկ բարեկամները, ծանոթներն ու Գենադին` մանկության ընկերը: Գեւորգը լսեց սեփական շնչառությունն ու զգաց` բժիշկները փրկել են կյանքը: Հետո ինքն իրեն հարցնում էր՝ «Ի՞նչ պատահեց այդ օրը` նոյեմբերի 14-ին, որտե՞ղ ինքը վրիպեց»: «Կեսօր էր: Անընդհատ կրակում էին մեր ուղղությամբ: Դիտարկեցի: Դիպուկահար էր: Պարզ տեսնում էի դեմքը: Թիրախավորել էր մեր խրամաբջիջը: Պետք էր ոչնչացնել, որ տղերքին հանկարծ չվնասի: Մատս դեռ չէր հասել գնդացիրի ձգանին, երբ աջ կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանով կրակեցին գնդացրիս փամփշտատուփին: Պայթեց: Աչքերս վնասվեցին: Աջ ձեռքս փշրվեց: Երկուսով էին «աշխատում», սադրանք էր»,-նեղսրտում է զինվորը:
Գեւորգի գիտակցությունը տեղն էր: Ոչինչ չէր տեսնում, բայց կացարան տանող ճանապարհը լավ գիտեր: Հասավ գետնատնակ, ընկերները նրան պառկեցրին պատգարակին, տեղավորեցին մեքենայի մեջ: Վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը պինդ բռնեց ձախ ձեռքը. «Հրամանատարը կրկնում էր. «Դու ձիգ զինվոր ես, ես կողքիդ եմ, ամեն ինչ լավ կլինի»: Երեւի նրա այդ խոսքերից էր, որ ցավ չէի զգում, պարտություն չէի զգում: Մի բան էի միայն ուզում` քնել, արթնանալ, եւ որ ամեն ինչ վերջացած լինի: Ուղղաթիռով տեղափոխեցին Երեւան: Երբեք չէի պատկերացնի, որ ինձ փրկելու համար ուղղաթիռ օդ կբարձրացնեն: Նման պահերին ես հասկանում, թե ինչ կարեւոր է մի զինվորը մեծ բանակի համար»:
Առայժմ չգիտի, թե ինչպես կդասավորվի հետագա կյանքը, երբ ամեն ինչ այդքան փոխվել է, երբ այնքան հստակ զգում է դժվարությունները: Ինքը հաստատ պայքարելու է: Պայքարելու է սիրելիի` Աննայի ժպիտը նորից տեսնելու համար: «Ես հանձնվողը չեմ: Ես ապրելու մի նոր հնարավորություն եմ ստացել, որ ավելի սրտանց ծիծաղեմ, որ ավելի բարձրաձայն բարեւեմ, ավելի հաճախ ոգեւորեմ մարդկանց»,-ասում է ու ոտքի կանգնում: Խառնշտկում է պահարանիկի դարակն ու շոկոլադ հյուրասիրում…
ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ակնաբուժական բաժանմունքի պետ, բ/ծ մայոր
-Սերժանտ Գեւորգ Դադասյանը Երևանի կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել ծանր վիճակում: Զինվորը մշտապես եղել է բժիշկների` վնասվածքաբանի, վիրաբույժի ու անզգայացնող բժշկի հսկողության տակ և ստացել է համապատասխան բուժօգնություն: Բժիշկները գերազանց են աշխատել, ամեն ինչ արվել է ամենաբարձր մակարդակով: Այժմ զինվորի վիճակը կայուն է: Ձախ աչքի ակնագունդը վնասված է: Աջ աչքի տեսողությունը վերականգնելու համար Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը կենտրոնական զինվորական հոսպիտալ է գործուղել վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկ Կարեն Շահբազյանին: Նրա գլխավորությամբ կատարվել է աջ աչքի առաջնային միկրոբուժական մշակում: Այս պահին աջ աչքում տեսողություն կա: Սակայն նախատեսվում է նոր վիրահատություն: Զինվորին տեսակցելու են եկել Ալեքսանդր Մալայանը, անոթային պաթոլոգիայի բաժանմունքի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Հովսեփ Միրոյանը: Հոսպիտալի ղեկավարությունը, բժիշկները, բուժքույրերը համատեղ պայքարում են Գեւորգի առողջությունը վերականգնելու համար: Զինվորը համընդհանուր ուշադրության կենտրոնում է եւ ստանում է բարձրակարգ մասնագիտացված բուժսպասարկում: Նրա հրամանատարները, դիրքապահ ընկերները ամեն օր զանգահարում են եւ հարցնում որպիսությունը: Մենք մի մեծ ու համերաշխ ընտանիք ենք դարձել:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
կապիտան
Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում