Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՅԱԶՈՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՅԱԶՈՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀԱՅ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆՊաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին այցելել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա, որտեղ հանդես է եղել դասախոսությամբ: Ակադեմիայի շուրջ 400 ունկնդիրներին ներկայացվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ակադեմիայի ունկնդիրների հարցերին:

Վիգեն Սարգսյանը ծանոթացել է ռազմական ակադեմիայի ուսումնանյութական բազային, ուսումնական ծրագրերին, եղել է ՌԴ առաջատար բարձրագույն ռազմաուսումնական հաստատության թանգարանում: Նույն օրը նախարարը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուրովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը: Վիգեն Սարգսյանը շեշտել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համատեքստում:

Կողմերը քննարկել են նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը, որի ստորագրումը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցի ընթացքում:

Նոյեմբերի 29-ի երեկոյան Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի դահլիճում Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի կայազորի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին և ունկնդիրներին: Նա ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքները, խոսել է ձեռքբերումների ու բացթողումների մասին, մանրամասնել է «Ազգ-բանակ» գաղափարի դրույթները և պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/11/2016