Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ



Հայոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, հայոց համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոները առանձնակի նվիրականություն ունեն Հայ եկեղեցու յուրաքանչյուր զավակի համար, որովհետեւ դրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի է Աստծու ներկայությունը հայոց մեջ, Աստծու շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը:

301 թ. քրիստոնեությունը հաղթականորեն իր հովանու տակ առավ ողջ Հայաստանը: Հայոց Մեծ դարձի պատմությունը ժամանակակցի ու ականատեսի խոսքով շարադրում է Ագաթանգեղոսը, որին լրացնում են Մովսես Խորենացին, Հովհան Մամիկոնյանը եւ այլ պատմիչներ ու սկզբնաղբյուրներ` առավել ընդարձակ կամ համառոտ անդրադառնալով հայ կյանքի շրջադարձային ու մեծագույն այդ իրադարձության առանձին դրվագներին:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Գրիգորը որդին էր Անակ իշխանի` Արշակունիների Սուրենյան Պահլավունի ընտանիքից, որոնք, ի տարբերություն Արշակունիների այլ ճյուղերի, ընդունեցին 226 թ. Սասանյանների իշխանության բռնի հաստատումը Պարսկաստանում: Տեւական ժամանակ Արշակունիների պայքարը Սասանյանների դեմ գլխավորում էր Հայաստանը` հաջողությամբ ընդդիմանալով նաեւ առաջին Սասանյանների նվաճողական նկրտումներին: Անակը, հրապուրված Սասանյան Շապուհ Ա (ըստ մատենագիրների` նրա հոր` Սասանյան արքայատոհմի հիմնադիր Արտաշիր Ա) թագավորի խոստումներով, հայոց Խոսրով թագավորին սպանելու նպատակով գալիս է Հայաստան:

Կասկածներն իրենից հեռացնելու համար Անակը` որպես Արշակունի, ձեւանում է պարսից թագավորից հալածյալ, որի պատճառով հայոց թագավորը զորագունդ է ուղարկում նրան ընդառաջ: Ջոկատը Անակին հանդիպում է Ատրպատականի սահմանների մոտ եւ ուղեկցում Արտազ գավառի այն դաշտավայրը, որտեղ ամփոփված էին Թադեոս առաքյալի նշխարները: Խորենացու համաձայն` երբ Անակն ապրում էր Արտազում, նրա գիշերելու տեղը սուրբ առաքյալի գերեզմանի մոտ էր, եւ «…այստեղ է հղություն առել մեր սուրբ եւ մեծ Լուսավորիչը: Ուստիեւ նույն առաքյալի շնորհն ստացավ նա, որ նրա հանգստարանի մոտ գոյություն գտավ եւ նրա հոգեւոր մշակության պակասը լրացրեց»:

Շահելով Խոսրովի վստահությունը` Անակին հաջողվում է սպանել նրան: Վերջինս մահվանից առաջ հասցնում է հրամայել, որ սրատվի Անակի ընտանիքը: Կոտորածից փրկվում են միայն երկու մանուկներ, որոնցից մեկը ապագա Գրիգոր Լուսավորիչն էր: Նրան փախցնում են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը: Այստեղ նա ստանում է քրիստոնեական կրթություն, չափահաս դառնալով` ամուսնանում Մարիամ անունով մի աղջկա հետ եւ ունենում երկու որդի` Վրթանեսին ու Արիստակեսին: Երեք տարի հետո ամուսինները փոխադարձ համաձայնությամբ բաժանվում են, եւ Մարիամը մտնում է վանք: Խոսրով թագավորի ողբերգական մահվանից հետո Հայաստանն ընկնում է պարսից տիրապետության տակ: Շապուհի կարգադրությամբ` սպանվում են Արշակունիների արքայական տան անդամները, ընդդիմադիր նախարարները: Մահվանից փրկվում եւ Հռոմ է տարվում մանուկ արքայազն Տրդատը: 287 թվականին հասունացած եւ նշանավոր զորական դարձած Տրդատը` Խոսրով արքայի որդին, հռոմեական զորքի ուղեկցությամբ վերադառնում է Հայաստան` ազատագրելու հայրենի երկիրը եւ վերատիրանալու հայոց գահին:

Նրա հետ հավատարիմ զինակիցների շարքում Հայաստան է վերադառնում նաեւ Գրիգորը, որ մտել էր Տրդատի մոտ ծառայության: Պարսիկների դեմ տարած հաղթանակների կապակցությամբ Տրդատ Գ հայոց արքան գոհաբանական տոնախմբություն է կատարում դիցամայր Անահիտի հանրահայտ մեհյանում, որը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում: Նա հրամայում է Գրիգորին ծաղկեպսակներ դնել Անահիտի արձանին, սակայն Գրիգորը մերժում է թագավորին. «Աստծու պատիվն ու պաշտամունքը չի կարելի որեւէ մեկին տալ»: Տրդատը նախ հորդորներով է ցանկանում իր սիրելի զինակցին ետ դարձնել քրիստոնեությունից, ապա` սպառնալիքներով, վերջում` անմարդկային, դաժան տանջանքներով ու խոշտանգումներով (12 չարչարանք` ըստ Ագաթանգեղոսի):

Ս.ԳՐԻԳՈՐԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԸ

Ըստ ս.Գրիգոր Տաթեւացու` Լուսավորչի 12 չարչարանքներն ունեն հոգեւոր խորհուրդ: Նախ` մարդն ունի 12 զգայարաններ, որոնք ապականվել էին Ադամի մեղանչումով: Ըստ այդմ` Գրիգորը 12 չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից ամեն մեկը կապված է որեւէ զգայարանի հետ, մաքրեց դրանք ապականությունից: Նաեւ` Քրիստոսի 12 առաքյալներից յուրաքանչյուրը նահատակվել է մյուսներից տարբերվող չարչարանքով: Եվ Գրիգոր Լուսավորիչն այս 12 չարչարանքներից յուրաքանչյուրը կրել է` դառնալով 12 առաքյալներին չարչարանակից:

Գրիգորի համառությունը անմարդկային տանջանքներով կոտրելու` Տրդատի փորձը ապարդյուն է անցնում. սուրբը հավատարիմ է մնում քրիստոնեական հավատին: Այդ ընթացքում իմացվում է նաեւ Գրիգորի` ում որդին լինելը: Տրդատի ցասումը հասնում է բարձրակետին, եւ նրա հրամանով Գրիգորին նետում են Արտաշատի մոտ մահապարտների համար նախատեսված վիրապը: Հայոց ավանդության համաձայն` Լուսավորչի վիրապն այնտեղ էր, որտեղ հազարամյակներ առաջ Արարատից իջնելով` Նոյը Աստծուն նվիրված զոհասեղան էր կանգնեցրել` փառաբանելով Տիրոջն իր եւ իր ընտանիքի փրկության համար:

Քրիստոսի մեծ վկան ու խոստովանողն այստեղ մնում է 13 տարի: Բարեպաշտ այրի մի կին ամեն օր գաղտնի հաց է գցում նրան: Եթե այսպես հնարավոր էր հոգալ մահապարտ բանտարկյալի կերակրի մարմնավոր պահանջը, ապա Աստվածային խնամքով եւ իր հավատի զորությամբ միայն Գրիգորի համար հնարավոր եղավ միայնության ձիգ տարիներին թունավոր սողունների, ցրտի ու խոնավության մեջ պահպանել հոգու կորովը, մտքի սթափությունը եւ մանավանդ` սերը մարդկանց հանդեպ: 13 տարի սուրբ Լուսավորչի անչար հոգուց եւ անքեն շուրթերից դեպի Աստված բարձրացող աղոթքով մահվան գուբը հայոց համար դարձավ դեպի փրկություն առաջնորդող Աստվածգիտության լույսի ճառագման ակունք: Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց նրան` Իր հրեշտակի այցելությունների միջոցով զգալ տալով Իր հուսատու ու փրկիչ ներկայությունը:

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Հոգևոր-մշակութային


13/07/2011