Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Ո՞Վ, ԵԹԵ ՈՉ ԵՍ…»



«Ո՞Վ, ԵԹԵ ՈՉ ԵՍ...»Ես սիրում եմ այգաբացը…

Հիշում եմ բարձրավանդակ ժայռերին նեցուկ հայրենի գյուղի մեր փոքրիկ տունը: Ամեն առավոտ արևի վարդագույն շողերը՝ վաղորդյան ցողով թաթախված, պատուհանից թափանցում էին իմ ննջարան և հոգիս լցնում մի անիմանալի բերկրանքով, ցնծությամբ: Անհոգ էր մանկությունս…

Անցան անհոգ օրերը, և ես դարձա չափահաս՝ ամեն այգաբացի հետ վերապրելով նոր զգացումներ` ավելի խոր զգալով արժանապատիվ ապրելու, հայրենի եզերքը սիրելու պահանջը:

Այսօր ես զինվոր եմ, Հայոց ազգային բանակի զինվոր: Հպարտ եմ, որ ծառայում եմ իմ ժողովրդին: Ծառայության առաջին իսկ օրից ինձ համար մի ուրիշ աշխարհ բացվեց: Պատանեկան անհոգ օրերը մնացին անցյալում: Բանակը փոխում է երիտասարդին, հղկում, կոփում և դարձնում է իսկական տղամարդ` պաշտպան հայրենյաց:

Հեռու լինելով հարազատ օջախից՝ ձեռք ես բերում հավատարիմ ընկերներ, դառնում ես ավելի ինքնավստահ, կայացնում որոշումներ, սովորում ես ինքնուրույն հաղթահարել դժվարություններն ու քո առջև ծառացած խնդիրները: Իսկ դիրքերում բոլորովին այլ է… Գիտես, որ մարտական խնդիր ես կատարում և պետք է լինես ավելի զգոն, ավելի աչալուրջ ու պատասխանատու: Եվ մարտական հենակետում կանգնած թիկունքիդ զգում ես հարազատ գյուղիդ շունչը:

Հիշում ես մանուկ օրերին անկողնուդ մոտ մորդ երգած օրորոցայինները, հորդ խրատներն ու խորհուրդները, որոնց շնորհիվ էլ ապրում և շնչում ես հայրենիքի հանդեպ սիրով:

Մտորելու ժամանակ շատ է լինում: Գիշերվա խավարում խրամատում կանգնած՝ հայրենի եզերքն ես հսկում ու մտքումդ կրկնում. «Ո՞վ, եթե ոչ ես…»:

…Ո՛չ, ես միայնակ չեմ, իմ զինվոր եղբայրներն են ինձ հետ: Միասին ամուր բռունցք ենք, հզոր պատնեշ թշնամու առաջ: Արդեն լուսանում է… Նորովի եմ սիրում այգաբացը: Մարտական դիրքերում այն բոլորովին ուրիշ գույն, ուրիշ իմաստ ունի: Նայում ես չորս կողմդ, ու հոգիդ առաջվա պես մի անիմանալի բերկրանքով, ցնծությամբ է լցվում:

 

Սեյրան Սահակով

կրտսեր սերժանտ

Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Ազգային բանակ


08/12/2016