Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂՈՉԱՍԱՐԻ ՁՆՀԱԼԸ



ՂՈՉԱՍԱՐԻ ՁՆՀԱԼԸՀակառակորդը շարունակում էր կրակի տակ պահել իրենից ցած գտնվող հայկական դիրքերը: Կրակում էր ձեռքի տակ եղած գրեթե բոլոր զինատեսակներից: Արկերը պայթում էին աջ ու ձախ: Շրջափակված թշնամին խուճապի մեջ էր:

Հայ մարտիկների հատուկենտ նպատակային կրակոցները պատին դեմ առած գազանին ավելի էին կատաղեցնում, հակառակորդը անելանելի վիճակից ինքնաոչնչացման էր գնում:

Թշնամուն հնարավորություն տրվեց մարդասիրական միջանցքով, Քարվաճառի անդնդախոր ձորերով նահանջել:

Ղոչասարը ասես արթնանում էր խոր քնից…

 

1.

Ղոչասարի լանջին հավերժական քնով նիրհում էին այն հայ քաջորդիները, որոնք փոքրաթիվ ուժերով փորձել էին վերջ դնել թշնամու սանձարձակ գործողություններին, ճեղքել հակառակորդի  կրակե շղթան: Մինչեւ ատամները զինված գերակշիռ ուժերի դեմ դիրքային անհավասար մարտերում փայլուն հաջողություններ արձանագրած խիզախ հայորդիները կռվել էին մինչեւ վերջին փամփուշտն ու… ընկել էին թշնամու գնդակից:

Իսկ հիմա…

Թշնամին անսպասելի խուճապի մեջ էր, տագնապած: Այդ մասին էին վկայում նրանց գիշերային անկանոն կրակոցները տարբեր տրամաչափի զենքերից: Եվս մեկ անգամ փորձ արվեց ճեղքելու հայկական ուժերի պաշտպանական գիծը: Ապարդյուն:

Քարվաճառ տանող անդնդախոր ձորերով թշնամուն հեռանալու հնարավորություն էր տրվել: Թշնամին իրեն պարտադրված նահանջից առաջ նողկալի պահվածք դրսեւորեց: Մեր զոհված քաջորդիների մարմինները կողք կողքի էին շարել, հզոր պայթուցիկներով իրար կապկպել:

1993թ. ապրիլի 4-ին միայն հնարավոր եղավ գերությունից ազատել խոշտանգված քսանյոթ հայորդիների մարմինները:

 

2.

Օրը զարմանալի պայծառ էր: Երեւանից բեռնատար մեքենայով Ղոչասարի տարածքն ազատագրած ռազմիկներին տոնական սննդամթերք էին բերել:

Մի կողմից դատարկվում, պահեստավորվում էր սննդամթերքը, մյուս կողմից հայկական քոչարու հնչյունների ներքո պարում էին տղաները: Հյուր եկած անծանոթ հեռուստալրագրողուհին կանգ առավ կապիտան Մուրադյանի դեմ դիմաց.

-Պետք է միասին պարենք:

-Պարենք, սիրելի՛ս,-կոկորդում մխրճված ցավը կուլ տալով՝ պարի մեջ մտավ որդեկորույս ծերունին:

Նա իր զոհված որդու դին գուլպաներից եւ ներքնաշորերից էր ճանաչել: «Պարում է կաքավաձորցի Անդրանիկի հայրը»,-մեկը մյուսին ցավով ու դառնությամբ շշնջում էին ներկաները:

Մուրադյանը հրանոթի փողին ամրացրած ծաղկեփունջը վերցրեց եւ մոտեցավ լրագրողուհուն.

-Այս ծաղիկները ես եմ հավաքել, ձեզ եմ նվիրում,-ջերմ ժպտաց Մուրադյանը:

Նրանք բոլորն էլ ասես մի սիրտ ու մի հոգի դարձած պարի շրջան մտան: Պարում էր կաքավաձորցի Անդրանիկի հայրը ու ասում.

-Ձեր հոգուն մեռնեմ, տղե՛րք ջան, գտել եմ իմ Անդրանիկ որդուն: Պարեք, ձեր հոգուն մեռնեմ, իմ Անդրանիկը այլեւս մահ չունի, էդ քսանյոթ տղերքն էլ իմ որդիներն են: Դուք էլ եք իմ որդիները, նրանք ձեր մեջ են, ձեր հոգուն մեռնեմ:

Մուրադյանն ակամա հիշեց 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժը: Հիշեց այն երիտասարդ հորը, որը դպրոցից գտել էր արհավիրքի զոհ դարձած որդու աշակերտական օրագիրը եւ տղայի գերազանց գնահատականները ամեն պատահած մարդու ցույց էր տալիս, ուրախ բացականչում. «Գտել եմ տղայիս, նա գերազանցիկ է…»:

 

3.

Հայ զինվորների ահից թշնամին փախչում էր:

Ահեղ դատաստանից փախչում էին իրենց «գորշ գայլեր» հորջորջողները: Մութն այնպես աննկատ իջավ Ղոչասարին, որ զարմանալ կարելի էր:

Լուսնյակ գիշեր է, անդնդախոր կիրճերի խորքից ասես առաջին անգամ կապիտան Մուրադյանը լսեց գետերի խաղաղ շնչառությունը: Այս տարածքում, որտեղ գիշերներն անգամ ծխախոտ չէր թույլատրվում վառել, կացարանների դիմաց տղաները խարույկ վառել ու սպասում էին լուսաբացին:

Ներքեւում` Գորիսից Արցախ ձգվող նվիրական ու թանկ ճանապարհի ողջ երկայնքով, ազատագրված բարձունքներն ու կիրճերը ազատ շունչ էին քաշում: Ազատագրված Արցախ աշխարհի վերաձեւված սահմանները աստիճանաբար գտնում էին իրենց մշտական տերերին, ու վաղ գարնան զարթոնքի, հողից վեր բարձրացող ծիլ ու ծաղկունքի հետ վեր էր բարձրանում մայր հողի օրհնանքը:

 

ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Հոգևոր-մշակութային


08/12/2016