Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՉԵՄ ԽԱԽՏԻ



ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՉԵՄ ԽԱԽՏԻԶորամասից զանգահարել էր եղբայրս, Արեւշատյանների ընտանիքի թվով երրորդ զինվորը՝ որը զանգահարում էր ինձ միեւնույն խնդրանքով.

-Գո՛ռ, զորամասից թուղթ եմ ուղարկել, գնա՛, վերցրո՛ւ, տուր մամային, հաստատ կուրախանա:

-Հա՛, Խա՛չ ջան, անպայման կվերցնեմ:

Արագ հասնում եմ Խաչիկի նշած վայրը, վերցնում ուղարկած «թուղթը»: Չեմ համբերում, միանգամից բացում եմ ծրարը ու կարդում.

 

«Շնորհակալագիր

Տրվում է Խաչիկ Մանուկի Արեւշատյանին՝ հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը պատվով կատարելու համար…»:

Շնորհակալագիրը հանձնում եմ զինվորի մորը. ձեռքն առնելուն պես հուզվում է, թողնում բանուգործ ու սկսում զանգել հարազատներին՝ ուրախալի լուրը հայտնելու: Երջանկության արցունքներից մի քանի կաթիլ թրջում են շնորհակալագիրը. թղթի փոքր կտոր, որ արդեն երրորդ անգամ երջանկացնում է մի ամբողջ գերդաստան՝ մեծով ու փոքրով, որի բոլոր տղաները օրինակելի զինվորներ են:

Հերթական շնորհակալագիրը տեղ է գտնում տան ամենաաչքի ընկնող տեղում՝ մյուսների կողքին: Եվ մեր մեծ ընտանիքի բոլոր անդամները նորից ու նորից, իրար հերթ չտալով, ամեն օր մոտենում, վերցնում են շնորհակալագրերը, խնամքով սրբում են եւ մեկ անգամ եւս կարդալով՝ կրկին հպարտության մի առանձնակի զգացում են ապրում:

Շուտով ես էլ եմ մեկնելու ծառայության, թվով չորրորդ զինվորն եմ լինելու Արեւշատյանների ընտանիքից: Համոզված եմ՝ չեմ խախտի եղբայրներիս ձեւավորած բարի ավանդույթը, եւ շնորհակալագրերի շարքը կլրանա եւս մեկով: Ինչու չէ, հնարավոր է՝ նաեւ մեդալով:

 

Գոռ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Բանակ և հասարակություն


08/12/2016