ԽՈՍՔԸ՝ ՍՊԵՂԱՆԻ
Հայոց Խոսրով Կոտակ արքայի անտառը օղակող Գեղամա լեռների մի բազուկին է ծվարել փոքրիկ Շաղափ գյուղը։ Ինչպես շատ հայկական բնակավայրեր, անցած դարերում այս գյուղն էլ ապրել է իր ավեր ու ամայի, ծաղկուն ու շեն ժամանակները։ Գյուղը նորից շունչ առավ, երբ հայոց Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականները բնակություն հաստատեցին այստեղ։ Այն դարձավ հայոց բարբառների խճանկար, որովհետեւ պատմական Հայաստանի իրենց բնակավայրերի խոսքն ու շունչը, ավանդույթները իրենց հետ գյուղ էին բերել հայ գաղթականները։
Գարուն է, կանաչ ու արեւ… Ձորակը բաժանում է գյուղը հանգստարանից։ Ձորակի մյուս ափին իրենց հողամասերն են քաղհանում կանայք ու մեկ-մեկ հայացքները վեր բարձրացնելով՝ ուղեկցում հանգստարան բարձրացող մարդկանց ու մեքենաները… Հետո տեսնելով, թե որտեղից է բարձրանում խնկի ծուխը, որոշում, թե հանգուցյալներից ո՞ւմ ազգականն էր, բարեկամը…
Սակայն գերեզմանոցում երկու շիրիմ կա, որոնց այցելում են բոլորը։ Այդ երկու գերեզմաններին ծածանվում է Հայոց եռագույնը…
Մեկն ազատամարտիկ Լեւոն Ղազարյանինն է, մյուսը՝ զինվոր Խաչիկ Պետրոսյանինը։ Երկուսն էլ զոհվել են Արցախում։
Խաչիկ պապի տապանաքարի կողքին Խաչիկ թոռան մեծ դիմանկարն է։ Արդեն երկու տարի է, ինչ միասին են։ Խաչիկ պապին՝ ընթերցասեր, աշխատասեր այդ մարդուն, բարի են հիշում նրան ճանաչողները, համագյուղացիները։ Հայոց պատմության գիտակ էր, կարդում էր բոլոր պատմավեպերը եւ դպրոցահասակ երեխաների իմացությունը փորձելու համար այդ պատմությանը վերաբերող հարցեր էր տալիս։ Իր անունով թոռանը միշտ վերցնում էր հետը, եւ պապի պատմությունները փոքրիկ Խաչիկի համար հայրենիք, ծննդավայր, նախնյաց օրրան սիրելու առաջին դասերն են եղել…
Խաչիկի Սիլվա մայրը գերեզմանոցի խոտերն է քաղհանում, հայրը՝ Ահարոնը, գերանդիով ցանկապատի կողքի խոտերն է հնձում։ Հետո ջրում են վարդերը (գերեզմանոցում ջուր չկա, եւ նրանք ամեն օր ջուր են բերում, որ ծաղիկները չչորանան)։ Մայրը խոտերը քաղհանելիս տեսնում է նոր-նոր հողից դուրս եկած ծաղկի թփերը։ Զարմանում է մի պահ, ապա ինչ-որ բան հիշելով` ասում.
-Ծաղկի սերմերը գարնանը քույրերն են ցանել։ Աղջիկներիցս մեկը ամուսնու հետ արտերկիր պիտի գնար, մեր կողքի գյուղում ապրող մյուս քրոջ հետ եկել էր եղբորը հրաժեշտ տալու,- պատմում է մայրը։
Երիտասարդ, ճերմակած հայուհին պատմում է իր որդուց, պատմում է իր աղջիկներից: Հարեւան գյուղում ապրող աղջկա հնգամյա որդուն՝ Հայկին, իրենց մոտ են պահում, որ, ինչպես ինքն է ասում` «Տան լռությունը, տխրությունը վերանա»։ Որդու մասին պատմելիս արցունքի կաթիլներ են գլորվում այտերն ի վար. «Սերը շատ է պակասել աշխարհից,- ասում է,- մեր՝ որդեկորույս մայրերիս սիրտը կոտրվել է, բարի խոսքն ու հոգատար վերաբերմունքը այնքա՜ն անհրաժեշտ են մեզ։ Լավ է, երբ տիկին Մարգարիտա Խաչատրյանի հետ ենք շփվում, կանչում է, զրուցում, հանդիպում ենք որդեկորույս մայրերով, խոսում ենք, մեր վիշտը կիսում, խաղաղվում։ Տիկին Մարգարիտան ինձ իր հետ տարել է Արցախ եւ հպարտության պահեր եմ ապրել` տեսնելով մեր ազատագրված տարածքները, մեր Արցախը։
Այսպես խոսում է որդեկորույս մայրը, ու հայացքը որդու դիմանկարին` աննկատ ժպիտ է ծնվում դեմքին.
-Անչափ գոհ եմ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից։ Կուզենայի, որ շատերը լինեին նրա նման։ Իսկական հոգեբան է` կիրթ, սրտացավ, հոգատար։ Մի քանի անգամ ինձ ընդունել է, զրուցել, լսել, հետաքրքրվել մեր կյանքով, օգնության ձեռք մեկնել։ Նրա հետ հանդիպելուց հետո գյուղ եմ վերադարձել խաղաղված, մխիթարված։ Շնորհակալ եմ մեր նախարարից. թող երկար կյանք ունենա։ Բարի սրտի խոսքն էլ է մխիթարանք, վերքին սպեղանի։ Մեր փոքրիկ գյուղի մարդիկ էլ են ոգեւորվում, ուրախանում, երբ լսում են իմ պատմածը մեր նախարարի մասին…
…Հեռավոր մի փոքրիկ գյուղում, գարնան ծաղկունքի մեջ խոսում էր երիտասարդ, ճերմակած հայուհին։ Հայրն ու մայրն էին ու իրենց որդու տապանաքարը։ Եվ մոր խոսքերը քամին խնկահոտի հետ տանում-շաղ է տալիս գարնան ծաղկունքին, որը նեկտար է դառնում ու հայրենի հողը այդ խնկահոտը կլանում է, ներծծում, պահում իր խորքերում` նոր հունդեր, նոր ծիլեր ունենալու, աճեցնելու համար…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր