Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐՈՂԻ ԵՎ ԳՆԴԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



Անիմանալի են զինվորական կյանքի ճանապարհները՝ հաճախ դրանք հատվում են այնտեղ, որտեղ չեն սպասվում, եւ դրանով իսկ դառնում են կենսագրության ուշագրավ մի էջ, հիշվում եւ պատմվում։

Այդպիսի մի հուշ պատմում է գրող Հարություն Մկրտչյանը՝ «Անհայտ զինվորի հիշատակարանը» հայտնի վեպի հեղինակը։

Հայրենական մեծ պատրազմը նոր էր սկսվել, եւ գնդապետ Արտաշես Վասիլյանը հրաման ստացավ կազմավորել 409-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որը 1942-ին դարձավ 89-րդ եւ մարտերով հասավ Վիեննա։ Դա փառապանծ ճանապարհ էր՝ լի հերոսական դրվագներով։ Բայց եղան նաեւ այլ դրվագներ….

Դիվիզիան ունեցավ իր թերթը՝ «Մարտական դրոշը», որի խմբագիր նշանակվեց գրող, գրաքննադատ Հարություն Մկրտչյանը։ Հրաման ստացավ զինկոմիսարիատից եւ անմիջապես մեկնեց նշանակման վայր։ Ինչպես պահանջվում էր, ներկայացավ դիվիզիայի հրամանատար գնդապետ Արտաշես Վասիլյանին եւ զեկուցեց. «Հարություն Մկրտչյան, նշանակված եմ դիվիզիայի մարտական թերթի խմբագիր»։

Հանդիպումը, որը տեղի ունեցավ դիվիզիայի հրամանատարի շտաբում, անակնկալ սկիզբ ունեցավ։ Նորանշանակ խմբագիրը դեռ չէր ավարտել իր խոսքը, երբ գնդապետը վեր թռավ տեղից եւ ամուր փաթաթվեց նրան։ «Ուրեմն՝ Դու՞ք եք Հարություն Մկրտչյանը։ Խաղաղ օրերին ես Ձեզ շատ էի ուզում տեսնել, բայց ահա հանդիպում ենք պատերազմի ժամանակ, այսպիսի պայմաններում։ Բոլորովին չէի սպասում…»։

Ոչ պակաս անակնկալի է գալիս ինքը՝ Հարություն Մկրտչյանը. «Ի՞նչ առիթ կար փնտրելու, ես այնքան հեռու էի զինվորական գործից»։

Փակագծերը բացում է գնդապետը։ Պարզվում է՝ նա 19-րդ դարի հայտնի գյուղագիր, մանկավարժ եւ հրապարակախոս Արշակ Ագապյանի քրոջ որդին է, դիմել է տարբեր մարդկանց եւ կազմակերպությունների՝ հրատարակելու քեռու երկերը, բայց հարցի լուծումը ձգձգվել է անորոշ պատասխաններով։ Եվ ահա մի օր էլ, պատերազմից առաջ, տեսել է Ագապյանի գիրքը հրատարակված, հետեւյալ ծանուցմամբ. «Ժողովածուն կազմել, խմբագրել եւ առաջաբանը գրել է Հարություն Մկրտչյանը»։

Այդ օրվանից էլ գնդապետ Վասիլյանը սկսել է փնտրել գրողին՝ շնորհակալություն հայտնելու, բայց զբաղվածության եւ այլ պատճառներով նրանց հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Ահա եւ նրանք հանդիպեցին, բայց բոլորովին չնախատեսված պայմաններում։ «Դե, ինչ,- ժպտալով ասում է դիվիզիայի հրամանատարը,- թույլ տվեք շնորհակալությունս հիմա հայտնել, ուշ չէ»։

Պատերազմ էր, տագնապալից իրավիճակ, բայց լինում էին նաեւ այսպիսի հանդիպումներ՝ լի խաղաղ օրերի հաճելի շնչով։ Ցավոք, հիշողություններին երկար տրվելու ժամանակ չկար, եւ զրուցակիցները շուտով անցան մարտական թերթի խնդիրներին։ Գնդապետը խմբագրին մանրամասն ներկայացրեց դիվիզիային տրված առաջադրանքները, կազմը եւ հետագա ուղին, ճշտեց թերթի անելիքները եւ վերջում ասաց. «Միշտ դիմեք ինձ, կօգնեմ»։

Դիվիզիան ու նրա թերթը մարտական մեծ ճանապարհ անցան, բայց տարբեր եղան հրամանատարի եւ խմբագրի ճակատագրերը. Վասիլյանը քաջաբար զոհվեց թշնամու գերակշիռ ուժերի դեմ մղվող մարտում՝ 1943թ., իսկ Մկրտչյանը, կատարելով իր զինվորական պարտքը, պատերազմի ավարտից հետո լիովին տրվեց գրականությանն ու մանկավարժությանը՝ դառնալով ճանաչված գրող (ինչպես, ի դեպ, թերթի աշխատակիցներ Գարեգին Բեսն ու Վախթանգ Անանյանը), գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Պատմության էջերից


13/07/2011