ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱԳԾԻ ՁԳՈՂ ՈՒԺԸ
Մեր երկրի հյուսիսարեւելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերից մեկում եմ: Սահմանագոտու այս հատվածում հակառակորդի հետ մանր ու մեծ ընդհարումներն առօրյայի անբաժան մասն են… Այստեղ հերոսական են թե՛ թշնամու հարեւանությամբ ապրող գյուղերի բնակիչները եւ թե՛ նրանց խաղաղ կյանքն ապահովող զինվորականները:
Մեր զրուցակիցն է զորամասի հրամանատար, գնդապետ Սողոմոն Խաչատրյանը:
-Ի՞նչ ընթացիկ աշխատանքներ են կատարվում զորամասում: Ինչպիսի՞ն է զինծառայողների պատրաստվածության աստիճանը:
-Ծառայության ընթացքում մենք հասցրել ենք ճիշտ գնահատել մեր ուժերը և անհրաժեշտ բոլոր ուղղություններով աշխատանքներ ծավալել: Մեծ կարևորության խնդիրներ ենք իրականացրել հատկապես առաջնագծի ամրացման, կրակային միջոցներով հագեցվածության առումով: Մեր, այսպես ասած, «կռվող դիրքերը» հագեցած են բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ անձնակազմը համալրված է մասնագետներով: Մեր դիպուկահարները, գնդացրորդները, նռնակաձիգները, հրետանավորները իրենց գործի գիտակներն են: Ուսումնական փուլի ամփոփիչ զորավարժություններում մեր ստորաբաժանումները բարձր ցուցանիշներ գրանցեցին և հաստատեցին, որ զորամասը միանգամայն պատրաստ է իր առջև դրված խնդիրները կատարելու: Ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը անփոփոխ բարձր է, հագեցած ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական պարապմունքների, ինչպես նաեւ վարժանքների ընթացքում ձեռք բերված մասնագիտական գիտելիքների պաշարով: Անընդհատ լարված իրավիճակը մեզ ստիպում է զգոն լինել, անդադար մարզվել ու կատարելագործվել: Բացի այդ, հիմնական խոցման միջոցները մշտապես կրակային դիրքում են՝ պատրաստ ցանկացած իրավիճակում մարտական կիրառման:
-Պարոն գնդապետ, ասում եք, որ միշտ առաջնագծում եք ծառայել: Դա ի՞նչ է՝ յուրատեսակ ձգտո՞ւմ է:
-Ես ինձ չեմ պատկերացնում թիկունքային զորամասում: Երբեք էլ չեմ պատկերացրել: Մարտական հերթապահության մեջ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, հետաքրքիր, հոգեհարազատ: Զգում ես հակառակորդի շունչը, կարեւորում գործիդ նպատակը, իսկ արդյունքը աչքիդ առաջ է: Իհարկե, դժվարությունները շատ են, կան խնդիրներ, որոնք հատուկ են միայն սահմանապահ զորամասերին, հատկապես սահմանային լարվածության օրերին: Բայց չի եղել մի դեպք, որ չկարողանանք կողմնորոշվել, կանխատեսել հետևանքները և կանխել անցանկալի զարգացումները: Հենց այս դժվարություններն են հետաքրքիր դարձնում մարտական զորամասի առօրյան. այստեղ ավելի, քան որևէ այլ տեղ հստակ գիտակցում ես գործիդ կարևորությունը: Թիկունքը, ի տարբերություն սահմանի, ձգողական ուժ չունի ինձ համար…
-Ի՞նչ կասեք մեր այսօրվա հակառակորդի մասին:
-Հակառակորդը, իհարկե, փոխվել է, առաջվանը չի, ձեռքերը ծալած չի նստում: Փոփոխությունները զգալի են թե՛ իրենց կիրառած զինատեսակների, թե՛ խրամատների կահավորվածության եւ թե՛ ընդհանուր ծառայության կազմակերպման որակի առումով: Սակայն, պետք է ասեմ, որ մեր զորքերի մարտունակությունն անհամեմատ բարձր է:
…Անցած տարի սեպտեմբերին իրավիճակը լարվել էր, հակառակորդն անընդհատ կրակում էր: Կրակի ինտենսիվությունն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 24-ին, իսկ 25-ին շարունակվեց հրետանային կրակով: Շատ արագ, մոտավորապես 20-30 րոպեում դիպուկ կրակոցներով կարողացանք լռեցնել հակառակորդի՝ մեր գյուղերի ու դիրքերի կողմը ուղղված խոցման միջոցները: Երբ խաղաղ բնակչությանն է վտանգ սպառնում, մեր գործողությունները պատժիչ բնույթ են կրում: Սա հենց այդ դեպքերից էր, և հակառակորդը «ուսանելի դասեր» քաղեց:
Այս պահին սահմանին համեմատաբար խաղաղ է…
♦♦♦
Գնդապետ Խաչատրյանը, ինչպես և զորամասի ամբողջ անձնակազմը իրենց պաշտպանության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների հարգանքն ու վստահությունն են վայելում:
Հայաստանի գրողների միության Տավուշի բաժանմունքի նախագահ, ազատամարտիկ Սամվել Բեգլարյան.
-Որպես ազատամարտի մասնակից, վետերան, որպես գրող՝ ինձ հաճախ տարբեր հանդիսությունների մասնակցելու համար հրավիրում են զորամաս: Խիստ, արդարամիտ, սիրված ու հարգված հրամանատար է գնդապետ Խաչատրյանը: Զորամասում հստակ են սպա-զինվոր, զինվոր-զինվոր փոխհարաբերությունները: Ընդհանրապես, սահմանամերձ զորամասի հրամանատար լինելուց բացի, նա դարձել է այս բնակավայրի մարդկանց՝ բոլորիս հրամանատարը: Նա պատասխանատու է ոչ միայն իր զորքի, այլև՝ սահմանապահ ժողովրդի անվտանգության ու ապահովության համար: Մեր ժողովուրդը, ինչպես ասում են, ամեն օր նրա աչք-ունքին է նայում. «Կամանդի՛ր, ի՞նչ կա, ո՞նց ա վիճակը»: Ինքն էլ բութ մատը միշտ վերև է տնկում, ինչը նշանակում է՝ սահմանում ամեն ինչ կարգին է: Զորամաս մտնող նորակոչիկի, հատկապես քաղաքաբնակի համար սահմանը միշտ էլ որոշակի անհանգստություն է պարունակում: Ես դա տեսել եմ նոր ժամանած, ավտոբուսից իջնող զինվորի աչքերում: Եվ երբ նույն այդ զինվորին տեսնում եմ մեկ-երկու ամիս անց, նրա դեմքին արդեն հանգստություն, ինքնավստահություն եմ նկատում: Եվ, իհարկե, զինվորի սրտից անփորձի ու անվարժի տագնապը հեռացնելը նախեւառաջ հրամանատարի գործն է:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում