ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՐ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ
Խրամուղով շարժվում ենք առաջ: Մեզ ուղեկցող սպան վստահ եւ միեւնույն ժամանակ շատ զգույշ է քայլում իրեն սնած եւ ուժ տված, տառապանք ու ցավ տեսած հողի վրայով: Համարձակ ու կորովի է քայլում, քանզի մայր հողի պահպանությունը իրեն ու իր զենքին է վստահված: Զգույշ, որովհետեւ հերոսական հազար շունչ ու ոգի ունի իր անհանգիստ խորքերում անթեղած:
Սերժանտ Ա. Ազնավուրյանը լուռ ու խոհուն նայում է երկնքին, հետո նրա հայացքը սահում-կանգ է առնում ինչ-որ մի կետի. ինչ-որ բան է մրմնջում: Եվ ականջիս են հասնում վերջին բառերը.
-Մենք ենք այս հողի տերն ու պաշտպանը…
Մարտական փառավոր ուղի է անցել մեր հայրենիքի արևմտյան թևը պահպանող զորամասերից մեկը, որի հրամանատարը գնդապետ Ս. Գրիգորյանն է: Սահմանի ողջ երկայնքով առկա լարվածությունը մի կողմից, տարվա այս եղանակին բնորոշ դաժան բնակլիմայական պայմանները մյուս կողմից զորամասի պահպանությանը վստահված սահմանի տվյալ հատվածում ծառայությունը դարձնում են չափազանց դժվար: Պատկերավորության համար ասեմ, որ որոշ հենակետեր ամենագնացով անգամ դժվար է բարձրանալը: Սակայն զորամասում գտել են խնդրի լուծումը, և մեր դիրքապահների մարտական ու թիկունքային ապահովումը գրաֆիկից շեղումներ գրեթե չի ունենում:
Զինվորական «Ուազիկով» բարձրանում ենք դիրքեր: Տեղացած առատ ձյունը իր սավանի տակ է առել քար ու թուփ, սար ու ձոր: Շուրջբոլորը կենդանության ոչ մի նշույլ չեմ նկատում, իսկ վարորդի սուր աչքը ձյան վրա նշմարում է վայրի նապաստակի ոտնահետքեր:
-Հիմա համ կաքավներն են շատ, համ էլ նապաստակները,-ասում է վարորդն ու ավելացնում է արագությունը:
-Մեքենան չի կարող բարձրանալ, կթաղվի ձյան մեջ: Մնացած մի քանի հարյուր մետրը ստիպված ենք ոտքով շարունակել,-ասաց հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Եղիազարյանն ու վարորդին հրահանգեց արգելակել:
Կտրուկ վերելքն ու ձյան հաստ շերտը դժվարացնում են քայլելը: Բարձրանում ենք մի գծով, ոտքերը մեկս մյուսի ոտնատեղերին դնելով: Մեկ էլ անսպասելի հենակետից մոտ հարյուր մետր հեռավորության վրա, կարծես գետնի տակից, մեր առաջ հայտնվեցին մի քանի կատաղի շներ ու շրջապատեցին մեզ: Ակամա հայտնվեցինք սահմանապահ չորքոտանիների շուրջկալում՝ չկարողանալով ոչ առաջ շարժվել, ոչ հետ: Շների հաչոցը բռնել էր սար ու ձոր:
-Անաստվածները կարծում են՝ դիվերսանտ են բռնել,-շշնջացի մեր լուսանկարչի ականջին:
-Իսկապես: Ոնց էինք մոռացել սրանց գոյության մասին,-նկատեց գործընկերս` Արեգ Վարդանյանը, որի ձեռքի լուսանկարչական սարքը չորքոտանիներին ավելի էր կատաղեցրել:
Հենակետից անմիջապես օգնության հասան, և մեզ ազատեցին «գերությունից»:
-Առանց շների շատ դժվար կլինի: Մեզ շատ են օգնում, զգալիորեն թեթևացնում են մեր ծառայությունը: Մեզ հետ հավասար սահման են պահում: Մենք էլ իրենց ենք շնորհակալ լինում. ինչ մենք ենք ուտում, այն էլ իրենց ենք տալիս,-ասաց դիտորդը, որի աչալրջության շնորհիվ էինք ազատվել «գերությունից»:
Գետնատնակի դիտորդ, եֆրեյտոր Արա Հովհաննիսյանը արդեն վեց տարի է՝ պայմանագրային ծառայություն է իրականացնում: Սկզբում ծառայել է որպես ավագ հրաձիգ: Բարեխիղճ և օրինակելի ծառայության համար վերջերս նրան շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում, ինչպես նաև ունեցել է պաշտոնի բարձրացում. նշանակվել է ծանր զենքի դասակի ջոկի հրամանատար:
-Այս պահին երկու ճակատով ենք ծառայություն տանում` թշնամու և ձյան: Առաջինի դեմ՝ զենքով, երկրորդի դեմ` բահով,- ընկերոջ խոսքն է շարունակում պայմանագրային սերժանտ Հրայր Եղոյանը:
Հենակետի ավագ, սերժանտ Արթուր Ազնավուրյանը ներկայացնում է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի իրենց պահպանությանը վստահված տեղամասում՝ չմոռանալով խոսել իր ենթակաների` շարքայիններ Գարիկ Ղազարյանի, Արտակ Սիմոնյանի, Վարդան Մանուկյանի, Վալերիկ Հայրապետյանի անձնուրաց ծառայության ու անսահման նվիրվածության մասին:
Մոտեցավ հերթափոխի ժամը: Հենակետի ավագի ուղեկցությամբ շարքայիններ Գարիկ Ղազարյանն ու Վալերիկ Հայրապետյանը իրենց ամրակցված զենքերով մոտենում են գնդակորսիչ վահանակին ու հերթով զեկուցում են.
-Պարոն սերժանտ, զենքը լիցքավորված է:
Մենք էլ միանում ենք հերթափոխին ու մարդաբոյ խրամուղով շարժվում առաջ: Նկատելի էր, որ առաջնագծում զգալի աշխատանքներ են կատարվել թե՛ մարտական խնդրի կատարման ու անձնակազմի անվտանգության ապահովման և թե՛ ինժեներական կահավորվածության առումով: Մարտական դիրքում առաջինը հանդիպեցինք դիտորդ, շարքային Արտակ Սիմոնյանին: Դիրքապահը հենակետի ավագին հակիրճ զեկուցեց իրադրությունը:
-Շարքային Սիմոնյանը երկու տարի առաջ է համալրել մեր գումարտակի շարքերը: Գերազանց տիրապետում է սահմանային ծառայության նրբություններին, խելացի է ու համարձակ,-դիտորդին ներկայացնում է հենակետի ավագ, սերժանտ Ա. Ազնավուրյանը:
Այս հատվածում մենք ունենք իշխող դիրք, և թշնամին դա լավ է հասկանում: Մտնում եմ դիտակետ, դիտորդից խնդրում եմ հեռադիտակն ու փորձում դիտարկում կատարել: Սակայն ապարդյուն: Դիմացս ոչինչ չի երևում. մառախուղը սպիտակ քողի տակ է առել թշնամու դիրքերը:
Հաջորդ դիտակետում դիտորդը շարքային Վարդան Մանուկյանն է: Նա հենակետի ավագին զեկուցեց, որ իր դիտարկման ժամանակ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել:
-Եղանակային անբարենպաստ պայմանները դժվարացնում են դիտարկումը, պարոն սերժանտ,-դիմելով հենակետի ավագին՝ ասաց շարքային Ղազարյանը:
-Վարդանն էլ մեր գումարտակի նորեկներից է: Ծառայել է հատուկ նշանակության զորամասերից մեկում: Արդեն հասցրել է լավագույն դիտորդի համարում ձեռք բերել,-իր ենթակայի մասին ասաց սերժանտ Ազնավուրյանը:
Մառախուղը գնալով թանձրացավ, և մենք հարկադրված իջանք հենակետ, որտեղ պայմանագրայինները մեզ տաք թեյ հյուրասիրեցին, վառարանի շուրջ նստած խոսեցինք դեսից-դենից:
Զորամաս վերադարձանք հոգեպես բավարարված, քանզի համոզվեցինք՝ այստեղ առաջնային խնդիրը` սահմանի պահպանությունը իսկապես հուսալի և ուժեղ ձեռքերում է: Փոխգնդապետ Գագիկ Մինասյանի հրամանատարությամբ գործող պայմանագրային գումարտակի տղաները պարզապես հրաշալի են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը: Հպարտ եմ, որ սահմանի այս հատվածում էլ իրադրության տերը մեր դիրքապահներն են:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում