ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 11-ին առաջին ԲԶ հենքի վրա անցկացվեց զորամիավորման ենթակա զորամասերի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական սպաների հավաք-խորհրդակցություն: Զորամիավորման ավագ սպա-իրավաբան, մայոր Տաճատ Էմինին դասընթացների ժամանակ ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում զորամասերում իրականացված իրավական աշխատանքների արդյունքները՝ նշելով ոլորտում հայտնաբերված բացթողումները, ինչպես նաեւ դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:
Մայոր Էմինին նշեց նաեւ, որ կիսամյակի ընթացքում արդեն իսկ դրական տեղաշարժեր կան փաստաթղթային վարույթի իրականացման, ծառայողական քննությունների պատշաճ անցկացման առումով: Խոսեց կայազորի իրավապահ մարմինների համագործակցության կարեւորության մասին, ցուցումներ տվեց հանցանքները ժամանակին բացահայտելու, ներկայացնելու եւ այլ իրավական հարցերի շուրջ:
1-ին ԲԶ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանն անդրադարձավ իրավական ակտիվի աշխատանքների կազմակերպմանը, կարեւորեց իրավաբանների դերը զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման գործում: Ցուցում տվեց պատշաճ մակարդակով կազմակերպելու զինծառայողների իրավական դաստիարակությունը՝ ուշադրություն դարձնելով զորամասերում իրավական ակտիվների աշխատանքների վրա:
Հավաքի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ ծավալվեց քննարկում:
Խորհրդակցության վերջում գնդապետ Թումանյանը, մեկ անգամ եւս կարեւորելով իրավաբանների դերը զորամասերում, տվեց համապատասխան ցուցումներ՝ կայազորում իրավական աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու, առկա թերությունները վերացնելու, ինչպես նաեւ հանցանքներն ու զանցանքները, դեպք-պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Նաեւ փաստեց, որ եռամսյակը մեկ անցկացվող հավաք-խորհրդակցությունը ծառայեց իր նպատակին՝ նպաստելով ենթակա զորամասերում իրավական դաշտի ակտիվացմանը եւ կանոնակարգմանը:
Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին ԲԶ թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում