ԾԻՐԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Այսօր հանրապետության շուկաների վաճառասեղանների ամենաընտիր հայկական միրգը ծիրանն է։ Արտակարգ համեղ պտուղ, այն հայոց բուսաշխարհի հրաշալիքն է։
Ծիրանը չափազանց օգտակար, առողջարար միրգ է, որն իր մեջ պարունակում է կենսականորեն անհրաժեշտ շատ սննդանյութեր։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ այն համազոր է կովի կարագին և հավի թարմ ձվին։
Գտնում են, որ 100 գրամ ծիրան ուտելն այնպես է նպաստում արյունաստեղծմանը, ինչպես 40 գրամ երկաթը կամ 250 գրամ թարմ լյարդը։
Մեր նախնիները ասում էին, թե ծիրան ուտելով մարդ ազատվում է տասներկու հիվանդություններից։ Ընդհանրապես, փորձում են ինչ□որ կապ տեսնել ծիրանի և երկարակեցության միջև։
Այս միրգն աճում է նաև ուրիշ երկրներում։ Բայց հնուց եկող խոսք է, թե Արարատյան դաշտում աճած ծիրանը դշխո է, իսկ մյուս երկրներում աճողը՝ նաժիշտ։
Հայկական ծիրանի համբավով օտարները Հայաստանն անվանում էին ծիրանի երկիր։
Ծիրանը հայկական հողի ամենահին ու ամենաքաղցրահամ միրգն է։
Սեր թվարկությունից առաջ՝ 69թ. գարնանը Հայաստան ներխուժած հռոմեացիները հիացմունքով էին ճաշակում այդ յուրահատուկ ծառի արտակարգ համեղ պտուղները։
Ալեքսանդր Մակեդոնացու, հետագայում նաև հռոմեացի զորավար Լուկուլլոսի հանձնարարությամբ զինվորները Հայաստանից ծիրանենու՝ որպես խիստ արժեքավոր ծառատեսակի տնկիներ տեղափոխեցին իրենց երկրներ, որտեղ դրա պտուղը ստացավ «Հայկական միրգ» անունը։
Շուրջ 2 հազար տարի առաջ Եվրոպայում գաղափար չունեին ծիրանի մասին։ Ծիրանենին եվրոպական երկրներ թափանցեց Հայաստանի սարահարթից Հունաստան եւ Հռոմ տարված տնկիների հիմքի վրա։
Հայաստանում ծիրանենու կուլտուրայի մշակումն ունի վաղնջական պատմություն։
Հայ բնագետ Բ. Առաքելյանի գլխավորությամբ Գառնիի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 6 հազար տարվա հնության ծիրանի կորիզներ։
Ասորական, հունական, հայկական սեպագիր արձանագրությունները, հայ մատենագիրների աշխատությունները վկայում են, որ սկսած նեոլիթից, հազարամյակներ շարունակ Արարատյան դաշտում, պատմական Արագածոտն, Սյունիք, Վայոց ձոր ու այլ գավառներում պտղատու ծառատեսակների մեծ մասը (40-50%) եղել են ծիրանենիները, «ծիրանուտները»։
Այսօր, Արագած լեռան հարավային լանջերում, Ամբերդ գետի ձորում դեռ պահպանվում են հայկական ծիրանենիների նախնիները, դրանց վայրի ձեւերը։
1970-86թթ. բուսաբանները դիմել էին մի այսպիսի գիտափորձի։ Վերցրել էին սովորական ծիրանենու՝ հայկական, միջինասիական եւ եվրոպական վայրի խմբերի ներկայացուցիչներ ու կատարել խաչասերումներ։
Կատարված գիտափորձերի արդյունքում ամենից բարձր հատկանիշներ դրսևորել էին հայկական ծիրանենիները, ինչը ապացույց է այն բանի, որ դրանք ծագել են ավելի հեռավոր ժամանակներում եւ անցել զարգացման ավելի երկար ճանապարհ։
Վերլուծելով եւ արժեւորելով հնագիտական եւ պատմական գրականության տվյալները, ծիրանենիների գծով կատարված գիտափորձերի արդյունքները, բուսաբաններից շատերը հանգել են այն եզրակացության, որ Հայաստանը ծիրանենու հնագույն օջախներից մեկն է, կամ էլ իսկական հայրենիքը։
Եվ այսօր, ինչպես հազարամյակներ առաջ, ծիրանենին շարունակում է մնալ Հայաստանում տարածված ամենահիմնական պտղատու ծառատեսակը։
Ծիրանենին՝ «ամենահայկական ծառը», ի բնե սերված, մերված է այս բիբլիական հողին…
…Մեծ Մասիսի լանջի Ակոռի գյուղը, որին ավանդությունը կապում է «նոր մարդկության» նախահայր Նոյի անվան հետ, եղել է հայկական հնագույն բնակավայրերից մեկը։ Այն կործանվեց 1840թ. հունիսի 20□ի երկրաշարժի ժամանակ։
Գերմանացի ճանապարհորդ, բնագետ Մորից Վագները այդ երկրաշարժից երեք տարի անց` 1843թ. Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը։ Նրանց զարմացնում է, որ երկրաշարժը Ակոռիից ոչ մի հետք չէր թողել, բայց ահա գյուղի հռչակավոր այգուց անվնաս էր մնացել 13 ծիրանենի։
-Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել,- զարմացած բացականչում է Մորից Վագները։- Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց ամենակարող շարժը չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները։ Չէ՛, Խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի։
-Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է,□ ասել է Մ. Վագները։
♦♦♦
Մեր պատմիչները գրում են, որ հայկական վառերը (դրոշները) ծիրանի գույն ունեին (վառ բառի մեջ կա նաեւ բազմագույն իմաստը)։ Ծիրանի գույն ասելով հնում հասկացել են հայկական ծիրան պտղի հասունացման բոլոր փուլերի գունավորումները։ Այսինքն՝ ծիրանի նշանակում է եւ՛ ալ□բոսոր, եւ՛ նարնջագույն, եւ՛ կապույտ` մեր պետական դրոշի բոլոր գույները: Նշանակում է՝ այսօրվա մեր եռագույնը մեզ է՛լ ավելի է մոտեցրել մեր արմատներին։
ՎՈԼՈԴՅԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Պատմության էջերից