Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄԲանակը

Կիլիկիայի հայկական պետությունն իր գոյության ողջ ընթացքում պատերազմների մեջ էր, ուստի կանոնավոր և ուժեղ բանակ ունենալն անհրաժեշտություն էր: Մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք: Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի:

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից: Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր: Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան: Այն ստանալու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել զինվորականի համար անհրաժեշտ գիտելիքներից: Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում: Այն ստացել են 14-20-ամյա տարիքում: Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը:

Հայոց բանակում մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը: Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար: Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը:

 

Դատարանները

Կիլիկիայի հայոց թագավորությունում հայերից բացի ապրում էին նաև զգալի թվով հույներ, ասորիներ, հրեաներ, խաչակիրներ և արևմտաեվրոպացի առևտրականներ, որոնք ներքին հարցերում առաջնորդվում էին իրենց օրենքներով: Անհրաժեշտ էր այս բոլորը միավորել և ստեղծել միասնական օրենսդրություն: Այս խնդիրը հաջողությամբ լուծեց Հեթում Ա թագավորի եղբայր Սմբատ Սպարապետը: Նրա կազմած Դատաստանագիրքը միավորեց այս օրենքները և հարմարեցրեց Կիլիկիայի պայմաններին:

Կիլիկյան Հայաստանում գոյություն ունեին Արքունի, Սսի արքեպիսկոպոսական, Ստորին կամ Փոքր, Եկեղեցական դատարաններ: Արքունի դատարանը քննում էր պետական կարևորագույն գործերը: Դրանց թվում էին իշխանների միջև ծագած վեճերը, գահաժառանգության խնդիրները, պետական դավաճանությունը և այլն: Կարևոր տեղ էր զբաղեցնում Սսի արքեպիսկոպոսական դատարանը, որտեղ հիմնականում քննում էին բարձրաստիճան հոգևորականներին վերաբերող գործերը: Քրիստոնյաների և այլադավանների միջև առաջացած վեճերը նույնպես քննվում էին այստեղ:

Ստորին կամ Փոքր դատարանները գտնվում էին քաղաքներում ու գավառներում և քննում էին տարաբնույթ հանցագործություններ: Քաղաքների օտարազգի բնակչությունը դատական խնդիրները լուծում էր իր դատաստանագրքերով:

Եկեղեցական դատարանները Կիլիկյան Հայաստանում քննության էին առնում ամուսնա-ընտանեկան հարաբերությունների և մանր իրավախախտումների հետ կապված խնդիրներ:

 

Հեթումյան արքայատոհմի իշխանության հաստատումը

Թագաժառանգ Զաբելն անչափահաս էր, ուստի և նշանակվել էին երեք խնամակալ՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին, Ատան պայլը և Կոստանդին Գունդստաբլը: Շուտով Ատան պայլն սպանվեց, իսկ Հայոց կաթողիկոսը մահացավ: Կոստանդին Գունդստաբլը մնաց Զաբելի միակ խնամակալ: Լևոն Ա-ի մահից հետո Հայոց գահին փորձեց տիրանալ Ռայմոնդ-Ռուբենը, սակայն պարտվեց: Նրան ձերբակալեցին և բանտարկեցին:

Հայոց արքունիքը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Դ-ի որդու՝ Ֆիլիպի հետ: Այս ընտրությունը պատահական չէր, քանզի փորձ էր արվում վերջ դնելու Անտիոքի և Կիլիկիայի միջև թշնամանքին: Նա պետք է երկիրը կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն Ֆիլիպն սկսեց արհամարհել հայոց դավանանքը և հովանավորել խաչակիրներին: Նա արքունիքից հեռացնում էր հայ իշխաններին ու կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներին: Զայրացած հայ իշխանները նրան բանտ նետեցին, որտեղ էլ նա մահացավ:

Հայ ավագանին Տարսոնում ժողով հրավիրեց և որոշեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց Հայոց թագավոր (1226-1270): Նա հիմք դրեց Հեթումյանների արքայատոհմին:

 

Հայ-մոնղոլական դաշինքը

XIII դ. կեսերին, ինչպես հայտնի է, Մերձավոր Արևելքում հայտնվեցին մոնղոլները, իսկ Եգիպտոսում իշխանությունը գրավեցին մամլուքները: Գրավելով Այսրկովկասը և Հայաստանը՝ մոնղոլական հորդաները մտան Փոքր Ասիա: Նրանք ծանր պարտության մատնեցին Իկոնիայի սուլթանությանը: Մոնղոլական արշավանքները ծանր խնդիրներ դրեցին նաև Կիլիկիայի հայկական պետության առջև: Հեթում Ա-ն գիտակցեց, որ միայն մոնղոլների հետ դաշինքը կփրկի Կիլիկիան, ուստի չօգնեց Իկոնիայի սելջուկներին: Նա իր եղբայր Սմբատ Գունդստաբլին ուղարկեց Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում: Մոնղոլները համաձայնեցին պայմանագիր կնքել Կիլիկյան Հայաստանի հետ: Հայերի համակրանքը շահելու համար նրանք խոստացան վերադարձնել նաև այն տարածքները, որոնք մահմեդականները խլել էին հայերից:

Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր: Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին: Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա նա ի վիճակի չէր սեփական ուժերով պայքարելու թե՛ Եգիպտոսի ու սելջուկների և թե՛ մոնղոլների դեմ, ուստի չարյաց փոքրագույնը վերջիններիս հետ դաշնակցելն էր:

Խորագիր՝ #49 (1169) 14.12.2016 - 20.12.2016, Պատմության էջերից


14/12/2016