ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ …
Զինվորներին ամսավարձ էին բաժանել։
Սպայակազմի արտահերթ սպասարկումից հետո խանութի դուռը գրոհեց շարքայինների դասը, և շուտով էլ ժխորը վերածվեց ծեծկռտուքի… Շատերը ձեռնունայն էին մնալու և ստիպված բավարարվելու էին ճարպիկ զինակցի հայթայթած անուշահամ քաղցրեղենին մի նվաղուն, ըղձալի հայացք ձգելով։ Մինչդեռ գծուծ չարամիտները բոլորի աչքի առաջ ցուցադրաբար օդից կլլում էին ռահաթ-լոխումի համեղ պատառները և ցինիկորեն լպստում շուրթերի կպչուն շաքարափոշին՝ ջիջիլ գցելով հուսահատներին։ Մինչև կեսօր զինվորական խառնամբոխը ցրվեց, կրպակը դատարկված էր։
Այդ օրը զինվորներից երկուսը հատկապես հաջողակ էին։
Կեսգիշերին մոտ, երբ վաղուց արդեն հնչել էր «քնիր»-ը, և միայն գումարտակի հերթապահ սպան էր երբեմն-երբեմն ուրվականի նման չափչփում զորամասի տարածքը, հատուկ նշանակության առաջին հետախուզական վաշտի վրաններից մեկում լամպի աղոտ լույս էր թարթում։ Երկու հայ վրանի խորքում՝ մահճակալների միջև, սեղան էին բացել:
– Կրպակի տիրուհին բարեհաճ է քո նկատմամբ,- նախանձոտ վրա բերեց Գասպարը։
– Հա՛, համը բերանն է մնացել,- թիթիզացավ Հրաչը,- ասում է՝ վրացու ծոցում քնել եմ, թաթարի հետ՝ նույնպես, բայց հայի՛ հետ ուրիշ է՝ ոնց որ «Հազար ու մեկ գիշերում»։ Ապրանքի փողն էլ չվերցրեց, լավ տղի համար, ասում է, ոչինչ չեմ ափսոսա…
– Էդ շտաբի լրբերից խեր չկա, մեկ էլ տեսար՝ շառով տվեց,- զգուշության կոչեց Գասպարը։- Դու էն ասա, րախի ճարեցի՞ր։
– Զահլա մի՛ տա՜ր, գնա՛, կանչի նրան,- խորամանկեց Հրաչը։
Մինչ ավագ ընկերը կարեւոր առաքելությամբ հարևան վրանը կգնար, Հրաչը լեռնագնացի ծալովի սեղանին հանդիսավորությամբ դարսեց կրպակի տիրուհու՝ աչք-ունքը ոսկեմազ Մարֆուշայի առատաձեռն նվիրաբերությունը՝ խտացրած կաթ, խուրմա, թեյի կոնֆետ, չորակի ու բիսքվիթ։ Քառորդ ժամից երեք ընկեր միասին տոնական սեղանի շուրջ էին։
– Մազ էր մնում՝ էս դանդալոշի պատճառով հերթապահի ճանկն ընկնեինք,- դժգոհեց Գասպարը,- ձենը գլուխն էր գցել՝ «ձեր հարգանքն ինձ հարկավոր չի, թողեք քնեմ»։
– Սրա համա՞ր քունս հարամեցիք, էլ ոնց կլնե՜ր, հաջող առեւտուր են արել… Բա խմի՞չք,- արծվաքիթը տրորելով՝ մրթմրթաց դիվադադար եղած հոբելյարը, որի 19 տարին նոր էր լրացել, ինչն էլ ասես հեչ իր «սրտովը չէր»:
– Այ, ո՛չ բարով ծնվեիր, հա, Սառաբաշյան,- ակնարկեց Հրաչը։
Նա իսկույն կռահեց գիշերային հավաքի առիթը և դժգոհ դեմքը երեխի պես թաքցնելով՝ մի տեսակ ինքն իրենից խռով ասաց.
– Չնեղանա՛ք, տղե՛րք, առաջ էլ, մորիցս բացի, ուրիշ ոչ ոք չի հիշել…,- արցունքի մի կաթիլ գլորվեց ընկավ Սառաբաշյանի դատարկ բաժակի մեջ…
– Սասներդ կտրեք, հերիք է նվնվաք, հիմի հրա՛շք է լինելու,- Հրաչը, միմոսություն անելով, ներքնակի տակից դանդաղկոտ դուրս բերեց կոնյակի շիշը և դրեց սեղանին։- Էս էլ ձեզ «ջուրը հայոց». կուզեք՝ լաց եղեք, կուզեք՝ իրար շալակ թռեք։
Ձեռքից ձեռք խլելով երազային անակնկալը՝ Գասպարն ու Արմենը միաբերան բացականչեցին՝ «հայկակա՜ն է՜…»։
– Որտեղի՞ց։
– Միացյալ Ազգերի Կազմակերպությունից,- գոռոզացավ Հրաչը։- Օրերս Մարֆուշայի մոտ մի հայ խորհրդականի հետ ծանոթացա, արձակուրդից նոր էր վերադարձել, նա էլ նվիրեց. հետն էլ թե՝ թալանի հետևից չընկնեք, կին-երեխա չբռնաբարեք՝ չսպանեք, հենց իմացեք՝ աշխարհը ձեզ է նայում։ Ուզեցի չվերցնեմ, բայց չդիմացա…
Սրաթռիչ միտքը մի պահ ամենքին հայրենի օջախ էր հասցրել, սակայն կանգառն ակնթարթային էր, ետդարձը՝ անխուսափելի։
– Ա՛յ տղա, շիշը էդքան մի՛ մաժմժի, կնիկ չի,- խրատեց Գասպարը։- Կարգին կենաց ասեք։
Հրաչը, բեմական կեցվածք ընդունելով, կուրծքը ուռցրեց խորոզավարի ու այսպես խոսեց.
– Թաթոս պապս սովորեցնում էր. «Հայը Աստծուց բարեբախտություն խնդրեց, Աստված նրան ՀՈՒՅՍ տվեց, մյուս անգամ, երբ արդարություն խնդրելու գնաց, Տերը նրան ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ տվեց, և երբ մի վերջին անգամ Բարձրյալի դուռը գանգատ անելու գնաց, Աստված հայի համար ՊԱՏԳԱՄ ու ԽՐԱՏ կարդաց… Էն օրից (հայի բախտ է) խորհուրդ ու խրատ ենք հարգում, բայց իրար նայում ու մեր ներսի ցավը չենք տեսնում, մենք մեր սիմվոլներն ենք պաշտում, հայելու մեջ երևացած մեր ստվերն ենք սիրում՝ մեր հայ լինելու գաղափարը, ոչ թե իրար»։ ՄԱԿ-ի գործակալներին խորհուրդ տվող էն հայը մի պարզ ու հասարակ խրատ չգիտեր. պահպանե՛ք իրար, ախպե՛ր, աշխարհի հե՛րն էլ անիծած։
– Անհայտ փիլիսոփա, ԺԲ-ԺԳ դարերի,- նրան իր «մարդկային թուլության» անունով կոչեցին զինակից ընկերները ու խմեցին Սառաբաշյան Արմենի կենացը։
Կարճատև մոռացության բաժակից ըմպած հայրենակիցները նորից վերապրեցին վաղանցուկ, երանավետ անցյալը, երբ «ծովը ծնկներից էր», հիշեցին «դավաճան» աղջիկներին, հիշատակեցին նաև «գժի թուղթ» հանած ախպերությանը, որոնցից ժամանակ առ ժամանակ քաղաքացիական՝ «վերակառուցվող կյանքի» հմայքը նկարագրող նամակներ էին ստանում՝ «…Գսպե ջան, գործներս հա՛մ աջ ա, հա՛մ էլ՝ ձախ, տղերքով կոոպերատիվ ցեխ ենք բացել, լռիվ ցենտր ա, եվրոպական կայֆե՜ր… Մենակ քեզ ենք սպասում, քեզ լավ նայի, ինչքան կարաս՝ գլուխ պահի, բա քեզ պե՞տք ա՜…»։
Լիալուսնի բիբը, ինչպես դիվահարի աչք, գիշերվա խավարից պոկվելով, դեմ առավ վրանի նեղլիկ պատուհանին՝ իր սառցե մակերեսին ցոլացնելով ծննդյան տոնի ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԸ, ինչը հետզհետե տարրալուծվեց, շաղ եկավ թանձրասփյուռ ամպ ու զամպի մեջ, որին փոխարինելու եկավ բվեճի կերպարանքով հերթապահ սպայի դեմքը, որ չարաղետ կռնչում էր տարաժամին. «Առաջին վա՜շտ, տագնա՛պ, տագնա՛պ…»։
-Ես ձեր մերը… շնե՛ր, վիժվածքնե՛ր…,- ատելության վայրկենական պոռթկումը թունդ հանեց քնահարամ զինվորների զուրկ ու զարկված հոգիները։ «Լավ էր՝ գոնե քնած չէինք»,- մեկմեկու մխիթարեցին ընկերները։
Վաշտը ոտքի հանվեց։
Դարանատեղում գտնվող խումբն ընկել էր շրջապատման մեջ։ Զոհեր կային։ Եվ երբ վաշտի հրամանատարը, շարքի դիմաց ետ ու առաջ ճեմելով, առաջադրանքի վերաբերյալ ցուցումներ էր տալիս սպառազեն մարտիկներին, Հրաչն իր կողքին կանգնած Գասպարի ականջին փսփսաց. «Հենց որ վերադառնանք, Մարֆուշան հերթով երեքիս էլ կլողացնի… էս գիշեր սպայական շոգեբաղնիքը մեր տրամադրության տակ է»։
– Դու նրա՛ն նվեր արա,- Սառաբաշյանից ծածուկ՝ հօգուտ նրա հրաժարվեց Գասպարը։- Ես տեսել եմ, թե ոնց է կսկծու կուչ ու ձիգ անում քո Մարֆուշային նայելիս… Ախր, խոխեն իսկի կին չի տեսել. թող տղի մեջքը մի լավ պռտի… Մենք՝ հեչ:
– Թեկուզ պսակվի,- առաջարկն ընդունեց Հրաչը։
– Ինչ էլ լինի՝ չկորցնենք իրար։
Ձուլված գիշերին՝ զրահամեքենաների շարասյունը երկփեղկում էր խավարչտին անապատը։ Հրամայված էր լուսարձակները չվառել։ Ու հիմա, ճակատագրի քմայքին ենթակա, նրանք շարժվում էին դեպի անհայտություն, ուր երկինքն անաստղ էր, լուսինը՝ հանգած։
Հասնելով Բուրիբանդ լեռնաշղթայի ստորոտը՝ շարասյունը կանգ առավ ընդարձակ դարավանդին։ Ներքևում գյուղն էր. գիշերամարտը դադարել էր։ Կապիտան Լիխիդչենկոն կապվեց դարանակալ խմբի հետ։ Քիչ անց հայտնի դարձավ, որ երկուսը սպանվել են, և որ խռովարարները պատսպարվել են ղշլաղում։ Շների միալար կլանչն ու կաղկանձը կարծես մի նոր դավ էր գուժում։
Հրամանատարը մի քանի զրահամեքենա իր ընտրյալներով առաջնորդեց դեպի լեռնափեշը, մյուսները բարձունքից ապահովելու էին թիկունքն ու նահանջի ճանապարհը։ Կապիտանի հետ էին Հրաչն ու Արմենը։ Շրջանցելով գյուղը՝ առաջագնացները մոտեցան հսկա ժայռաքերծին, որի մթին ծակուռներից խավարասերների նման սկսեցին ցած սողալ ցաքուցրիվ խմբի ողջ մնացած մարտիկները՝ իրենց հետ քարշ տալով զոհվածների մարմինները։
– Վաղն էլ կխցկեն ցինկն ու՝ «մնաս բարով օյաղ կյանք»,- ձեւացրեց Հրաչը։
– Իսկ էս ապերախտը իրեն հերոս է երեւակայում,- դառնացավ Արմենը։
Երբ վերջապես տուժածներին տեղաբաշխել էին մեքենաների վրա՝ ներս առնելով նաև զոհվածների դիակները, ահարկու մի ձայն, ինչպես Ահեղ Դատաստանի օրը, պատռեց չարագույժ գիշերվա գաղջ օդը՝ սասանելով երկինք ու գետին: «Ալլա՛հ ու աքբա՜ր…»։
Արյան վրեժի ծարավ մոջահեդները ականանետների զարկերով խարխլեցին դարավանդին մնացածների դիրքերը՝ թույլ չտալով սատարել գնդակահարվող յուրայիններին։ Բնավեր եղած ճախրուկների կույր խուռներամը խառնիխռիվ թևաբախում էր վառոդից շիկացած խավարի մեջ, լեղապատառ խփվում էր մեքենաների զրահին՝ ծղրտալով արճիճ կուլ տված։
…Լուսադեմին գումարտակից օգնության եկան։ Մեղմ հովիկը քշում էր բզկտված խավարի ծվենները՝ ազդարարելով արևագալը։ Զոհվել էին ևս երկուսը։ Հրաչը վիրավոր էր։
– Արմենն ո՞ւր մնաց,- շնչասպառ հարցրեց Գասպարը՝ կապելով ընկերոջ վերքը։
– Երբ պայթեց… կորցրի նրան… կողքիս էր,- ծանր հառաչեց Հրաչը։
Զոհվածների ծանոթ դեմքերին նայելով՝ Գասպարը թեթևացած շունչ քաշեց, բայց և վիրավորների շարքերում ոչ մի հարազատ կերպարանք չտեսավ։ Եվ շուրջը տիրող տանջալի, հիստերիկ շփոթից փղձկաց, սիրտը թափեց, քանի որ մտքում անգամ սարսափում էր ամենազարհուրելիից, անփառունակից՝ գերությո՛ւն…
– Զեմլյակիդ գտան, Գասպարյա՛ն, վիրավոր է,- աչքալուսանքի պես լուր տվեց վաշտակից մի զինվոր,- էնտեղ է՝ առվափոսի մոտ։
Փառք տալով Տիրոջը՝ Գասպարը գոհացավ չարիքի փոքրագույնով և հաջորդ պահին արդեն Արմենի գլուխը գրկած՝ խոսում էր անհավանական ու երազային թվացող բաների մասին.
– Կանցնի՛, կանցնի՛, քերծվածք է… դիմացի…
Վերքը խորն էր, բեկորային, և գիշերվա ընթացքում անօգնական մնալուց ու շատ արյուն կորցնելուց հետո Սառաբաշյանը ուժասպառվել էր գիտակցությունը կորցնելու աստիճան՝ դառնալով չախկալների «ծաղրանքի առարկան»։
– Ես գիտե՜ի՜, գիտե՜ի՜…- հազիվ լսելի արտաբերեց Արմենը։
– Ոչի՜նչ, բան չկա, ախպե՛րս, հիմա ուղղաթիռ կուղարկեն, մենակ թե՝ դու ուշքդ վրադ պահի…- լացը զսպելով։- Չքնես, լսո՞ւմ ես, զարթնի՛… Էսօր գիշեր քեֆ ենք անելու… Հրաչը քեզ համար նվեր է պատրաստել…
– Չեմ ուզո՜ւմ…- ծանրաշունչ հառաչեց մահամերձը։
– Աչքերդ բաց արա ու ինձ լսի, Արմեն ջան, հիմա մի գաղտնիք կբացեմ, բայց խոսք տուր, որ Հրաչին չես ասի… գլուխ չես գովա…- լաց լինելով,- Մարֆուշան Հրաչին է՛լ հավան չի, ասում է՝ ձեր երեքից մենակ նրան եմ հոգով-սրտով ցանկանում, քե՛զ, լսո՞ւմ ես, քե՛զ. հենց որ դիմացս է ելնում, ասում է, ծնկներս դող է ընկնում… բայց քաշվում է, չի ուզում իր բերանով խոստովանի, կնիկ արմատ է, էլի, դրա համար էլ խնդրեց, որ ես քեզ պատմեմ…
– Փչի՜, փչի՜… Սուտասա՜ն… Ես էլ հավատացի՜…
– Ճիշտ եմ ասում, իմ ու քո արև, թե ի՞նչ է գտել քեզ պես դանդալոշի մեջ. էդ կնանիք՝ ոնց որ իժի ծնունդ, ընկերոջը՝ ընկերոջ, հարազատին հարազատի դեմ կլարեն, էդ ո՞նց եղավ, հը՛, ո՛չ շվվացիր, ո՛չ բվվացիր, ու մեկեն քեզ սիրեց… հը՛… Մի քնի, լսո՛ւմ ես, ուղղաթիռը իջավ… Դու, ասում է, նրան՝ քե՛զ, գիշերով միամիտ մոտս մտցրու, մնացածը ես գիտեմ, ասում է՝ ուզում եմ նրանից՝ քեզնից, երեխա բերել, որ անունն էլ Արմեն դնի… Զարթնի՛, վե՛ր կաց, Սառաբաշյա՛ն, տղերքը եկան…
Արմենը քնել էր:
Զոհվածների թիվը ճշտվեց։
…Երեկոյան կայազորի հոսպիտալում երկու զինվոր և մի սեւազգեստ, հմայիչ կին հերձարանի երկաթյա սեղանի վրա հանդերձավորում էին իր «ինտերնացիոնալ պարտքը կատարած» մարտիկի մարմինը: Համազգեստը զորացրվողի էր՝ շքերթային։
– Ի՛նչ երեսով ենք նրա մորը երևալու…- մեղա եկավ Հրաչը՝ ափի մեջ պահելով Սառաբաշյանի անձնական իրերը՝ մոր արնոտ լուսանկարը, մի պահպանիչ սրբապատկեր և ծծովի կոնֆետ։
– Ես նրան ամեն անգամ կոնֆետ էի տալիս…- լաց եղավ կրպակի տիրուհին՝ ձեռքը սահեցնելով Սառաբաշյանի անշունչ, անվրդով դեմքին, որի վրա մի ինչ-որ խորհրդավոր, հեշտալի ժպիտ էր քարացել՝ մարմնավորելով ԾՆՆԴՅԱՆ ու ՄԱՀՎԱՆ ահեղ դաշինքը։
– Իսկ ես նրա հոգին հանում էի. գիտեի, որ կոնֆետները մեզնից թաքուն է ուտում… կատաղում, ընկնում էր հետևիցս, ասում էր՝ ձեզ համար էի պահել…,- Գասպարի ձայնը խեղդ գնաց։
Շաբաթվա վերջին բեռնատար ինքնաթիռը վայրէջք կատարեց Ղանդահարի օդանավակայանում՝ տեղափոխելու «բեռ-200»-ը՝ մի քանի ցինկե արկղեր։ Զոհվածների հետ նույն ուղերթով տուն էին վերադառնում մի քանի քաղաքացիական անձինք՝ որոնց մեջ էր նաև կրպակի տիրուհին՝ ոսկեծամ Մարֆուշան։
– Դու իսկապես էլ հավանո՞ւմ էիր նրան,- վերջին պահին հարցրեց Հրաչը։
– Քորփա՛,- ներողամտորեն սաստեց Մարֆուշան՝ ի պատասխան, ապա եղերամոր եղանակով եզրափակեց։- Դուք բոլորդ էլ թա՛նկ եք ինձ համար… Պահպանե՛ք իրար:
ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
Խորագիր՝ #49 (1169) 14.12.2016 - 20.12.2016, Հոգևոր-մշակութային