Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԴԵՐԸ



ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԴԵՐԸՕր օրի մեր ազգային բանակը հզորանում է և դառնում ավելի մարտունակ: Սակայն անելիքներ դեռևս շատ կան: Ստորաբաժանումների մարտունակության հիմքում ընկած են զինվորական կարգապահությունն ու զինծառայողների բարոյահոգեբանական բարձր վիճակը: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքների պատասխանատուներն են բոլոր օղակների հրամանատարները:

Զինված ուժերի կարգապահական պրակտիկան վկայում է, որ ենթակա ստորաբաժանումներում անձնակազմի դաստիարակության անհրաժեշտ մակարդակի ապահովման և զինվորական բարձր կարգապահության հասնելու  առումով  վիթխարի նշանակություն ունի ենթակա ստորաբաժանումներում իրավիճակին տիրապետելը, ինչին կարելի է հասնել միայն ստորին օղակների հրամանատարների՝ սերժանտների նպատակասլաց  անհատական  աշխատանքի  կազմակերպման  միջոցով:

Սերժանտները կազմում են զինված ուժերի առանցքը: Նրանց պատրաստականության աստիճանով, գործնական հատկանիշներով ու գաղափարական հասունությամբ են պայմանավորված անձնակազմի  ուսուցանման և դաստիարակության որակը, կարգապահությունն ու կազմակերպվածությունը, վերջին հաշվով` զորամասերի ու ստորաբաժանումների մարտունակությունը: Հրամանատարական կազմում սերժանտների դերը կարևորվում է նաև նրանով, որ սերժանտները հրամանատար-զինվոր փոխկապակցության,  կարելի  է ասել,  ավարտական  օղակն են, որոնք ամենամեծ  ու  ամենաանմիջական  շփման  հնարավորությունն  ունեն զինվորների  հետ:

Կարելի է նաեւ հստակ նշել սերժանտական համակարգի կայացմանը և արդյունավետության բարձրացմանը նպաստող մի քանի գործոններ: Սերժանտները պարտավոր են իրենց գիտելիքներով մի գլուխ բարձր լինել ենթականերից, իսկ առօրյա ծառայության կազմակերպման հարցերում՝ անձնական օրինակ ծառայել և նույնը պահանջել անձնակազմից: Կրտսեր հրամանատարները պետք է մշտապես տեղյակ լինեն, թե որտեղ են և ինչ են անում ենթակաները: Զորամասերում դեպքեր են արձանագրվում, երբ շարքային զինծառայողներն առանց ջոկի հրամանատարին տեղյակ պահելու՝ տեղաշարժվում են տարածքում, բացակայում պարապմունքներից կամ օրվա կարգացուցակով նախատեսված այլ միջոցառումներից, նույնիսկ մարտական դիրքից: Նման վերաբերմունքը զինվորական ծառայության նկատմամբ հղի է անցանկալի հետևանքներով:

Վերջին տարիներին մարտական հերթապահությունում տեղի ունեցած արտակարգ պատահարների մեծամասնությունը դիրքերի ավագների կողմից իրենց ծառայական պարտականությունները անբարեխղճորեն կատարելու հետևանք է: Դիրքի ավագը չի ունեցել հրամանատարին հատուկ բարոյակամային, մարդկային հատկանիշներ ու որակներ և իր անգործությամբ կամ անօրեն գործողություններով նպաստել է հանցավորության զարգացմանը:

Երբեմն զինվորական ծառայության տարբեր ոլորտներում սերժանտ-հրամանատարի գործոնը աննկատ, աննշան է մնում, ինչի հետեւանքով հրամանատարական ուղղահայացում ևս նրա տեղը ըստ արժանվույն չի դիտարկվում, եւ իբրեւ հետեւանք՝ կրտսեր հրամանատարի արժեհամակարգում այդպես էլ չեն ամրագրվում այնպիսի կարևոր բարոյական, հոգեբանական ու անձնական խթանիչներ, ինչպիսիք են հրամանատարական կեցվածքը, պահանջկոտ վերաբերմունքը, սկզբունքայնությունը, հանդուրժողականությունն ու ներողամտությունը եւ այլն: Շատ դեպքերում սերժանտն իրեն հրամանատար չի զգում եւ, այսպես ասած, «օրերն է հաշվում»՝ երբ կավարտի ծառայությունն ու կվերադառնա տուն: Ասել է թե՝ բացակայում է ինքնաքննադատական վերաբերմունքը ի պաշտոնե իրեն վերապահված պարտականությունների կարեւորության  նկատմամբ:

Նման անցանկալի զարգացումներից խուսափելու համար առաջ է մղվում վերադաս սպայակազմի գործուն միջամտությունը: Անհրաժեշտ է յուրաքանչյուր օրվա վերջում վաշտի սերժանտների հետ քննարկել օրակարգով հաստատված ծառայության արդյունքները և նախանշել կատարվելիք հետագա խնդիրները: Արդյունքների ամփոփման ժամանակ պարտադիր է նշել լավագույն ջոկի (հաշվարկի) հրամանատարին և խրախուսել:

Այսպիսով՝ կարելի է եզրահանգել, որ զորքերում կարգապահության և ներքին կարգուկանոնի ամրապնդման, կրտսեր հրամանատարների դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, տարաբնույթ խնդիրներ վստահելուց զատ, անձնական օրինակով օժանդակել սերժանտին իր պարտականությունների կատարման ընթացքում եւ ապավինել նրա աջակցությանը՝ դրանով իսկ կարևորելով կրտսեր հրամանատարի դերակատարությունը զինվորական անձնակազմում արդարության սկզբունքի պահպանման, փոխօգնության, զինվորական ընկերականության կայացման ու հաստատման գործում:

Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

փոխգնդապետ

Խորագիր՝ #49 (1169) 14.12.2016 - 20.12.2016, Ռազմական


14/12/2016