Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ



ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎԵրբ դեռ նոր-նոր էի մասնագիտության հարցում փորձում կողմնորոշվել, հանկարծ հասկացա, որ ուզում եմ զինվորական դառնալ: Այնպես էի սիրում հպարտ ու ձիգ կեցվածքով, զինվորական համազգեստով կանանց… Ծնողներս, բնականաբար, դեմ էին. հասկանալի է՝ աղջկա համար բանակում դժվար կլինի, քանի որ անչափ պատասխանատու գործ է: Ինչեւէ, տեղի տվեցի ծնողներիս խնդրանքին եւ դարձա ուսուցչուհի: Որոշ ժամանակ աշխատեցի կրթական համակարգում, բայց, մեկ է, զինվորական դառնալու ցանկությունն ինձ հանգիստ չէր տալիս: Ապրելով սահմանամերձ շրջանում՝ օր օրի ավելի էի համոզվում, որ ծնվել եմ բանակի շարքերում լինելու համար: Ու մի օր էլ վճռեցի վաղեմի երազանքս իրականացնել:

Գնացի զորամաս, հրամանատարին խնդրեցի՝ ինձ ծառայության ընդունել: Ասացի, որ գիտակցում եմ և՛ գործի բարդությունը, և՛ պարտքի-պատասխանատվության չափը: Ինձ ընդունեցին ծառայության, ու ընկեր Շուշանիկը դարձավ շարքային Մելիքբեկյան:

Հպարտ եմ, որ զինված ուժերում եմ: Սիրում եմ իմ գործը: Երբ սիրով ու նվիրումով ես գործդ անում, դժվարինը դյուրին է դառնում, անհնարինը` հնարավոր: Հիմա բոլոր զինվորների մեջ իմ տղաներին եմ տեսնում՝ մեկի հայացքը, մյուսի ժպիտը, շարժ ու ձևը: Բոլորին յուրովի եմ սիրում, իսկ հրամանատարներիս առջև ուղղակի խոնարհվում եմ: Նրանք մարտական ուղի անցած սպաներ են եւ լավ գիտեն կյանքի գինը, գիտեն, որ մարտի դաշտում լավ զինվորը անփոխարինելի արժեք է ցանկացած հրամանատարի համար: Դրա համար էլ հարգանքով են վերաբերվում իրար:

Տղաներս ապագա զինվորներ են: Ամեն անգամ, երբ եկեղեցու մատուռում մոմ եմ վառում, ինքս ինձ մրմնջում եմ. «Տեր Աստված, տղաներիս առողջություն տուր, աշխարհին՝ խաղաղություն, թող գնան, ծառայեն ու անփորձանք տուն գան…»: Ժամանակն աննկատ, արագ է անցնում, ու մի օր էլ արդեն զինվորի ծնողի աչքերով կնայեմ բանակին, իսկ մինչ այդ, տղաներիս փորձում եմ դաստիարակել այն ոգով, որ սերը հայրենիքի հանդեպ նրանց համար լինի բարձրագույն արժեք: Թեև գիտեմ՝ հայրենասիրությունը չես սերմանի, այն արյան մեջ է, ինչը բազմիցս մարտի դաշտում ապացուցել են մեր ընկած քաջորդիները:

Ձմռան առաջին օրը մեր զորամասում տեղադրվեց հուշահայելի: «Ձեզ բացակա չենք դրել…» խորագրով միջոցառման ժամանակ հուշահայելու բացման պատիվը տրվեց զոհված զինծառայողների երեխաներին… Նրանք մի օր հպարտանալու են իրենց հայրերի սխրանքով այնպես, ինչպես մենք ենք հպարտանում:

Նայում եմ այդ լույսի պես երեխաներին, նրանց շուրջ խմբված զինվորներին ու մեկ անգամ ևս համոզվում, որ իմ տեղը բանակում է՝ հայ զինվորի ու հրամանատարի կողքին: Հպարտանում եմ նրանցով, յուրաքանչյուրի կատարած գործով: Եվ ամենից շատ խաղաղություն եմ ուզում:

Շարքային Շ. ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ

Խորագիր՝ #49 (1169) 14.12.2016 - 20.12.2016, Ազգային բանակ


14/12/2016