Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԼԵՊ. ԱՐԵՎԵԼՔԻ ԲԱՆԱԼԻՆ



ՀԱԼԵՊ. ԱՐԵՎԵԼՔԻ ԲԱՆԱԼԻՆՀալեպի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և նրանց կողմնակիցների ստորաբաժանումներից աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ուրվագծում ոչ միայն Սիրիայի, այլ նաև մերձավորարևելյան ամբողջ տարածաշրջանի համար:

Պատմականորեն Հալեպն ունեցել է բացառիկ տնտեսական նշանակություն: Այն համարվում էր երրորդ կարևոր քաղաքը Օսմանյան կայսրությունում Ստամբուլից և Կահիրեից հետո: Մի քանի դար Կահիրեն ու Հալեպը մրցում էին Արևմուտքն ու Արևելքը կապող նավահանգստի կարգավիճակի, «Մետաքսե ճանապարհի» վերջին հանգրվանը դառնալու համար: Օսմանյան պետության վերելքը կապված է հենց 1516 թվականին Հալեպը գրավելու հետ: Դրանով սուլթաններն իրենց վերահսկողությունը սահմանեցին առևտրային կարևորագույն ուղիների վրա, ինչն արագ լցրեց նրանց գանձարանը: Հալեպին մեծ հարված հասցրեց 1869 թվականին Միջերկրական ծովը Կարմիր ծովին կապող Սուեզի ջրանցքի կառուցումը: Հալեպն արդեն չէր ապահովում Եվրոպայի կապը Սիրիայի և Իրաքի հետ, և նրա դերակատարումը նվազեց: Տնտեսական կարևոր ուղիների տեղափոխությունը Սիրիայից Եգիպտոս հանգեցրեց Օսմանյան կայսրության տնտեսական թուլացման և մասնատման:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Օսմանյան պետության վերականգնման իր ծրագրի շրջանակներում փորձեց վերահաստատել թուրքական իշխանությունը Հալեպում, բայց ապարդյուն: Նախ՝ Անկարան փորձեց տիրել Հալեպին, ապա ցանկացավ Ռուսաստանի հետ համատեղ մասնակցել հակաահաբեկչական գործողություններին, սակայն Մոսկվան հրաժարվեց այդ «աջակցությունից»: Արդյունքում՝ Հալեպը դարձավ ոչ թե թուրքական, այլ ռուսական: Դա լավ գիտակցում են Արևմուտքում և փորձում են նվազեցնել քաղաքի ազատագրման աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակությունը:

Հալեպի ազատագրումը մեծ հարված էր նախևառաջ Ֆրանսիայի շահերին: Ռուսաստանի հետ համատեղ գործելու փոխարեն Փարիզը նախընտրեց Սիրիայի բաժանման Վաշինգտոնյան սցենարը՝ հույս ունենալով, որ իրեն որպես մասնաբաժին կտրվի Հալեպը: Նման սխալ Փարիզը թույլ էր տվել նաև 1918-20 թվականներին, երբ Օսմանյան տիրապետությունից ազատագրված Սիրիայում իր հովանավորչական մանդատի ներքո ցանկանում էր 2 արաբական պետություն ստեղծել: Մի կենտրոնը պետք է դառնար Դամասկոսը, մյուսը՝ Հալեպը: Արդյունքում՝ բրիտանական զինված ուժերի աջակցությամբ 1920 թվականի մարտին Հաշիմյան էմիր Ֆեյսալն իրեն միացյալ Սիրիայի թագավոր հռչակեց:

Սիրիայում Ֆրանսիայի աշխարհաքաղաքական և տնտեսական ազդեցությունը միշտ էլ ուժեղ է եղել: 1916 թվականին Սայքս Պիքոյում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև Օսմանյան կայսրության բաժանման պայմանագրի շրջանակներում այն պետք է ֆրանսիական դառնար: Ռուսական զինուժի ներկայիս հաջողությունների պայմաններում Փարիզում ավելի ու ավելի հաճախակի են ցանկանում վերադարձնել նախկին գաղութը կամ գոնե ինչ-որ տարածք ձեռք գցել:

Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների տեսանկյունից Հալեպը կարևոր հանգրվան կդառնար Իրանի դեմ հավանական պատերազմի դեպքում ցամաքային ճանապարհով հարվածելու համար: Բացի այդ, Հալեպը առավել մոտ է սիրիական նավթահորերին: Ով կվերահսկի Հալեպը, կվերահսկի նաև նավթի արտահանումը Սիրիայից  և Հյուսիսային Իրաքից Եվրոպա՝ շրջանցելով Թուրքիան: Հալեպում կարող էր ստեղծվել մի ձևական պետական կազմավորում, որի իշխանությունը էժան էներգակիրներ կվաճառեր: Միջազգային շուկայում դա կհանգեցներ նավթամթերքների գների անկման, ինչը նոր հարված կլիներ Ռուսաստանի տնտեսության համար: Եվ հենց այդ պատճառով Մոսկվան մեծ ջանք գործադրեց Հալեպը Սիրիայի կառավարության իշխանության տակ  պահելու համար: Թեև Հալեպի ազատագրումը ռազմաքաղաքական կամ աշխարհաքաղաքական առումով ձեռնտու չէր նաև Թուրքիային, բայց դա հնարավորություն տվեց վերականգնելու «Իսլամական պետության» ֆինանսական որոշակի կախվածությունը Անկարայից, քանի որ էներգակիրների ապօրինի շրջանառությունը կրկին թուրքական տարածքով կընթանա:

Այսպիսով, Հալեպի ազատագրումը տխրեցրեց եվրոպական քաղաքական և տնտեսական որոշ շրջանակների, քանի որ Թուրքիայից որևէ կախվածություն ունենալ նրանք չեն ուզում էներգակիրների ապօրինի շրջանառության ընթացքում: Ռուսաստանն էլ կանխեց նավթի շուկայում իր համար ոչ ցանկալի զարգացումները:

Այսպիսով՝ Հալեպը կրկին դառնում է Արևելքն ու Արևմուտքը կապող կարևոր հանգույց: Այն տնօրինողը կշահի ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև տնտեսական առումով:

Բագրատ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #50 (1170) 21.12.2016 - 27.12.2016, Տարածաշրջան


21/12/2016