Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ»



Զրույց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիր ԱԼԲԵՐՏ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ։

-Պարոն Խառատյան, հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նշեցին մեր երկրի Սահմանադրության օրը։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դեռ չի բոլորել 20 տարին, բայց սահմանադրականության գաղափարը հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության մեջ ավելի վաղ է ծագել։

-Սահմանադրականության գաղափարի կնքահայրերը անգլիացիներն են։ Իսկ մենք՝ հայերս, սահմանադրականության եւ ժողովրդավարական արժեքների մասին խոսել ենք գրեթե ֆրանսիացիների հետ միաժամանակ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Հնդկաստանում ձեւավորված հայկական գաղթօջախները համալրված էին մեծ մասամբ Պարսկաստանից, մասնավորապես՝ Նոր Ջուղայից եկած առեւտրականներով, արհեստավորներով, նավատերերով, որոնց առեւտրական լայն շառավիղները հնարավորություն էին տալիս ունենալ մեծ կշիռ, դիրք, հեղինակություն եւ ստեղծել ամուր կապեր անգլիական քաղաքական գործիչների եւ քաղաքակրթության հետ։ 1770-ականների սկզբին ձեւավորվում է «Մադրասի խմբակը», որտեղ ընդգրկված էր հայ մտավորական վերնախավը։ Խմբի ամենավառ դեմքերն էին Շահամիր Շահամիրյանը, նրա որդին՝ Հակոբը, եւ Մովսես Բաղրամյանը։ 1771-ին հասկանալով գրատպության կարեւորությունը՝ Շահամիրյանը Մադրասում ստեղծում է տպարան, որտեղ տպագրվում են զանազան գրքեր։ Շահամիրյանի՝ նույն այդ տպարանում տպագրված «Տետրակ, որ կոչի նշավակ» գիրքը նվիրված էր Մադրասի հայ գաղթօջախի ներքին ինքնավարությանը եւ աչքի էր ընկնում իր ժողովրդավարական ուղղվածությամբ։ Այն հաստատում էր հասարակ ծխականների ընտրական ձայնի իրավունքը։

1772-ին լույս տեսավ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը։ Մովսես Բաղրամյանը հայ ազգային ազատագրական շարժման ուշ միջնադարի ռահվիրաներից է, եղել է նշանավոր գործիչ Հովսեփ Էմինի մերձավոր զինակիցը։ «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը հրապարակախոսական-քաղաքական բովանդակության երկ է, որի նպատակն էր տեղեկացնել ընթերցողին ազատագրական շարժման ուղղվածության, բովանդակության մասին եւ տոգորել հայրենասիրությամբ։ Նա հորդորում էր հայ ժողովրդին ճանաչել սեփական պատմությունը, մշակույթը եւ կոչ էր անում զինված պատերազմի թուրքերի եւ պարսիկների դեմ։

1773-ին Շահամիր Շահամիրյանը տպագրեց «Որոգայթ փառաց» աշխատությունը։ Այն շատ ավելի պրագմատիկ աշխատություն էր եւ տեսականորեն հիմնավորում էր ապագա Անկախ Հայաստանի պետական կառուցվածքը։

-Ի՞նչ է խորհրդանշում երկի «Որոգայթ փառաց» վերնագիրը։

-Դժվար է միանշանակ պատասխանել։ Ըստ իս` խոսքը հայոց անկախ պետականության ճանապարհին ծառացած դժվարությունների մասին է, այսինքն՝ ինքնիշխան երկրի՝ փառքի ճանապարհին սպասվելիք որոգայթները հաղթահարելու մասին։ Այդ աշխատությունը, փաստորեն, սահմանադրություն էր, ընդ որում՝ բավականաչափ կառուցիկ, առաջավոր եվրոպական մտածողությամբ տոգորված։ Այս կրում էր անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկի, մասնավորապես` «Տրակտատ պետությունների մասին» երկի առաջավոր գաղափարների եւ մարդկանց ի բնե հավասարության սկզբունքի ազդեցությունը, որը հետո իր արտացոլումը գտավ ֆրանսիական էնցիկլոպեդիստների՝ Դիդրոյի, Մոնտեսքյոյի, Ռուսսոյի, ԴÿԱլամբերի եւ մյուսների երկերում։ Շահամիրյանը մերժեց դասային սահմանափակումները։ Նա հանդես եկավ դասակարգային առանձնաշնորհների դեմ եւ մարդկանց հավասարության սկզբունքը արտահայտեց նրանց ընտրական իրավունքի մեջ։ Ըստ Շահամիրյանի մոդելի՝ հասարակությունը ստեղծում է իշխանություն եւ վերահսկում։ Իշխանությունը պետք է ունենա երեք ուղղություն՝ օրենսդիր, գործադիր եւ դատական, ինչը կա այսօր եւ ընկած է համաշխարհային ժողովրդավարության հիմքում։ Շահամիրյանը ստեղծեց իր ժամանակի ամենաառաջադեմ ժողովրդավարության սկզբունքները որդեգրած եւ հայ ազգի քաղաքական պահանջմունքներին համապատասխան գաղափարախոսություն։

-Ի՞նչ կառուցվածք ուներ ապագա հայկական անկախ պետությունը «Որոգայթ փառացում»։

-Այն խորհրդարանի կողմից ղեկավարվող պետություն էր։ Օրենսդիր գերագույն մարմինը «Հայոց տունն» էր, որը կազմված էր տանուտերերից։ Դա, ըստ էության, ազգային ժողովն էր, որին վերապահված էր նաեւ գործադիր ֆունկցիա։ Տանուտերերին ընտրում էին մարզերի ներկայացուցիչները։ Իսկ տանուտերերը իրենցից ընտրում էին նախարար, որը երկրի առաջին դեմքն է եւ վերահսկվում է տանուտերերի կողմից, զուգակշռվում է տանուտերերի ինստիտուտին։ Այն մեզ հիշեցնում է ԱՄՆ պրեզիդենտի եւ կոնգրեսի հակակշռող փոխհարաբերությունները։

-Փաստորեն, դեռեւս 18-րդ դարում Շահամիրյանը սահմանել է ժամանակակից ժողովրդավարական պետության մոդելը։

-Միանշանակ այդպես է։ Այնտեղ կան ակնարկներ տեղական ինքնակառավարման մարմինների մասին, ազգային-պետական մյուս կառուցվածքներում նրանց ներկայացուցչության մասին (նախարարի աշխատակազում եւ այլն)։ Հաշվի էր առնված նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ պարտականությունների խնդիրը եւ առավելություն էր վերապահված լուսավորչական հայերին՝ նկատի ունենալով մեր եկեղեցու բացառիկ դերը ազգապահպանության գործում եւ այն, որ այդ պետությունը լուսավորչական հայերինն է։

-Պարոն Խառատյան, անդրադառնանք նաեւ Շահամիրյանի քաղաքական-ազատագրական ծրագրին, ի՞նչ կողմնորոշումներ ուներ հայ ազգային գործիչը։

-Շահամիրյանը նամակագրական կապ ուներ Վրաց Իրակլի II թագավորի հետ եւ կարծում էր, որ հայ-վրացական դաշինքը հնարավորություն կտա ազատագրելու Հայաստանը թուրք-պարսկական բռնատիրությունից։ Շահամիրյանը նույնիսկ ադամանդակուռ ընծաներ է ուղարկել Իրակլի II-ին։

-Ճի՞շտ է, որ Շահամիրյանը հետագայում տուրք է տվել միապետականության գաղափարին։

-Խոսքը Հայաստանը օտար լծից ազատագրելու հնարավորության մասին է։ Ժողովրդավարական կարգի, պառլամենտարիզմի եւ սահմանադրականության ջատագովը տուրք է տալիս իր իսկ մերժած միապետականության գաղափարին՝ որպես ազգի ազատագրությանը հասնելու հնարավոր ճանապարհ։ Այսինքն՝ նա ազգի ազատագրությունն ու անկախ պետությունը վեր էր դասում ամեն ինչից։ Եվ, փաստորեն, հորդորում էր հայկական Բագրատունի արքայատոհմին իշխել Հայաստանում եւ ժողովրդին կոչ էր անում հավանություն տալ միապետ-նախարար ունենալու գաղափարին։

-Ի տարբերություն «Որոգայթ փառացի»՝ արեւմտահայերի ազգային սահմանադրությունը վավերացվել է իշխանությունների կողմից եւ, թեեւ ոչ երկար ժամանակ, բայց գործել է։ Ի՞նչ ընդհանրություններ ունեին այդ երկու սահմանադրությունները։

-Արեւմտահայերի ազգային սահմանադրությունը հայ սահմանադրական մտքի կարեւոր հուշարձաններից է։ Թեեւ այն կիրառվել է որպես կանոնադրություն, սակայն իր ձեւակերպումներով, սահմանումներով եւ կառուցվածքով մոտենում էր սահմանադրությանը՝ որպես իրավական ակտ։ Արեւմտահայերի ազգային սահմանադրությունը հեղինակել են արեւմտահայ նշանավոր գործիչներ Նիկողայոս Պալյանը (Պալյանների նշանավոր ճարտարապետների գերդաստանից), Նահապետ Ռուսինյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Գրիգոր Օտյանը, Աղաթոն եղբայրները՝ Գրիգորը եւ Մկրտիչը եւ այլք։ Կանոնադրությունը գործողության մեջ է մտել 1860-ի մայիսի 24-ին որպես արեւմտահայ համայնքի վարչական կանոնադրություն։ Ըստ Սահմանադրության՝ հայ համայնքին շնորհվում էր ընտրական իրավունք (մինչ այդ հայ հանրության գործերը Թուրքիայում եւ հատկապես Պոլսում ղեկավարում էին մեծահարուստները՝ ամիրաները եւ բարձրաստիճան հոգեւորականությունը)։ Թեեւ 1860-ի սահմանադրությունը չհաստատվեց թուրքական կառավարության կողմից, սակայն կիրառվեց Թուրքիայի մի քանի քաղաքներում։ Սահմանադրությունը դադարեց գործելուց առավելապես Պոլսի եւ Երուսաղեմի երկպառակությունների, «կուսակցական» եւ միջխմբային պայքարի հետեւանքով։ Մեծահարուստները եւ բարձրակարգ կղերը հրահրում էին բախումներ ժողովրդի տարբեր խավերի միջեւ՝ սահմանադրությունը խափանելու համար։

-Սահմանադրությունը ի՞նչով էր խանգարում մեծահարուստներին եւ բարձրակարգ կղերին։

-Այն ընտրական իրավունք էր շնորհել ժողովրդին, ինչը սասանում էր նախկին ինքնակոչ վերնախավի դիրքերը։ Չպետք է մոռանալ, որ սահմանադրության համար ժողովուրդը պայքար էր մղել դեռեւս 1856 թվականից` հակադրվելով ամիրայական գերիշխանությանը ազգի ներսում։ 1862-ին հայոց ներազգային երկպառակությունը պատրվակելով՝ օսմանյան կառավարությունը կախակայեց (կասեցրեց) սահմանադրությունը։ Փոխարենը կազմվեցին զույգ հանձնաժողովներ (մեկը ազգի կողմից, մյուսը՝ Բ. Դռան), որոնց անդամների մեծ մասը 1860-ի սահմանադրության հայրերն էին։ 1863-ին այս հանձնաժողովները խմբագրեցին 1860-ի սահմանադրությունը, մտցնելով մի շարք փոփոխություններ, կրճատելով եւ համապատասխանեցնելով Բ. Դռան պահանջներին, եւ ներկայացրին թուրքական կառավարությանը։ Թուրքական կառավարությունը վավերացրեց սահմանադրությունը, եւ այն գործեց մինչեւ 1915 թվականը, երբ արդեն սանձազերծվել էր հայերի ցեղասպանությունը։ Թալեաթի հրամանով՝ վերացվեց Պոլսո Հայոց Պատրիարքությունը, Պոլսո Պատրիարքությունը միացվեց Աղթամարի եւ Կիլիկիայի կաթողիկոսություններին, ինչպես եւ դրանց միացվեց Երուսաղեմի պատրիարքությունը, պատրիարքը այդուհանդերձ կոչվեց Կաթողիկոս-պատրիարք, նստավայրը դարձավ Երուսաղեմը։ Պատրիարք Զավենը աքսորվեց Մոսուլ։ Կ. Պոլսի պատրիարքությունը վերականգնվեց Մուդրոսի զինադադարից հետո միայն (1918թ. հոկտեմբերին)։

Օսմանյան կայսրությունում ապրող հույները եւ հրեաները նույնպես ունեցել են սահմանադրություն, սակայն դրանք զուտ կրոնական բնույթի էին` ի տարբերություն հայերի սահմանադրության, որը աշխարհիկ սահմանադրական կառույց էր՝ իր փառահեղ ձեւակերպումներով։ Այն արտացոլում էր հայ սահմանադրական գործիչների քաղաքական երազանքը՝ ունենալ անկախ պետականությանը հարիր իրավական փաստաթուղթ։

-Թուրքական կառավարությունը քանիցս հիշատակել է արեւմտահայերի ազգային սահմանադրությունը` շեշտելով, որ թուրք ժողովուրդը սահմանադրություն չուներ, իսկ ահա հայերի իրավունքները Օսմանյան կայսրության մեջ պաշտպանված էին օրենքով։

-Թուրքերի գաղափարախոսությունը 1860-70-ականներին եղել է օսմանիզմը, որի ամենավառ դեմքերից էին առաջատար քաղաքական գործիչներ Ալի եւ Ֆուադ փաշաները։ Օսմանիզմի հիմքում ընկած էր հպատակ բոլոր ազգերի ձուլումը մահմեդական զանգվածի մեջ։ Նրանց արդեն լրջորեն անհանգստացնում էր հպատակ ազգերի ազատագրական շարժումը, իսկ խնդիրը լուծելու ամենաէական միջոցը այդ ազգերին իրենց եկեղեցուց հեռացնելն էր։ Ֆուադ փաշան գրում է. «Հայերին պետք է կտրել իրենց եկեղեցուց եւ մոտեցնել մահմեդականությանը, որպեսզի նրանք իսպառ մոռանան անկախ պետականություն ստեղծելու մասին ցնորական մտքերը»։ Արեւմտահայերի ազգային սահմանադրությունը աչքի էր ընկնում իր աշխարհիկ բնույթով, ինչը թուլացնում էր հայոց ազգապահպանության հիմքերը։ Պատահական չէ, որ 1863-ի սահմանադրության մեջ առավել նվազեցված էր պատրիարքի դերը։ Պատրիարքը Ազգային ժողովում նախագահում էր ձեւականորեն. երկու ժողովները կարող էին պատրիարքին հեռացնել իշխանությունից։

-Փաստորեն, սահմանադրությունը քաղաքական կշիռ չուներ։

-Այո՛, այն կարգավորում էր ներհամայնքային կյանքը։ Հայերին վերապահվում էր բողոքելու իրավունք (մինչեւ կառավարություն), սերտանում էին կապերը ինչպես գավառների եւ կենտրոնների, այնպես էլ գավառական վարչությունների եւ Պոլսո ազգային վարչության միջեւ։ Հայերին հնարավորություն էր տրվում զարգացնելու իրենց մշակույթը, մամուլը, գրատպությունը, դպրոցները։ Այդ տարիներին ձեւավորվեցին բազմաթիվ կրթական, բարեսիրական, ազգային ընկերություններ։ Աշխուժացավ ազգային կյանքը, հանդես եկան նոր գործիչներ, զարգացավ ժողովրդավարական միտքը։ Հայերի ազգային սահմանադրությունը դարձավ զսպիչ ուժ ամիրայական կամայականությունների ու բռնությունների դեմ եւ կարգուկանոն մտցրեց ազգի ներքին կյանքում։ Ըստ Սահմանադրության՝ Ազգային ժողովը գերագույն մարմինն էր, որն ուներ երկու ժողովներ՝ քաղաքացիական (քաղաքական) եւ կրոնական։ Քաղաքացիական ժողովը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, կրոնականը՝ հոգեւոր։

-Պարոն Խառատյան, որտե՞ղ էին կրթվել հայոց սահմանադրական մտքի հայրերը՝ Շահամիրյանը, արեւմտահայերի ազգային սահմանադրության հեղինակները։

-Շահամիրյանը հիմնականում զբաղվել էր ինքնակրթությամբ, սովորել էր անգլերեն, ընթերցել անգլիական քաղաքագիտական գրականությունը։ Իսկ արեւմտահայերի ազգային սահմանադրության հեղինակների մեծ մասը ուսանել էր Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանում, գրական արեւմտահայերեն էր սովորել Մխիթարյանների հրատարակած Հայկազյան բառարանով։ Նրանք ժամանակի համար բավականին առաջադեմ կրթություն էին ստացել։

-Ո՞րն էր «Որոգայթ փառացի» եւ «Արեւմտահայերի ազգային սահմանադրության» պատմական արժեքը։

-Շահամիրյանի հեղինակած սահմանադրությունը հայ սահմանադրական տեսական մտքի զարգացման նոր փուլ էր, որը մերձենում էր Եվրոպայի առաջավոր իրավագիտական մտքին եւ պառլամենտարիզմի գաղափարին։ Շահամիրյանն առաջինն էր, որ հայերի մեջ ձեւավորեց եվրոպական սահմանադրականության եւ պառլամենտարիզմի սկզբունքները։ Արեւմտահայերի ազգային սահմանադրությունը մեծ նշանակություն ունեցավ Օսմանյան Թուրքիայում հայ համայնքի ներքին համախմբվածության, արեւմտահայերի կողմից ստեղծված մշակույթի պահպանմանը նպաստելու առումով, այն ապահովեց համազգային մտավոր-մշակութային համախմբում եւ զարգացում` բացարձակապես զուրկ լինելով քաղաքական արժեքից։

Այդ ամենով հանդերձ՝ հայոց երկու սահմանադրությունների ամենակարեւոր նշանակությունն այն է, որ դրանք դարձան հայոց ներկայիս սահմանադրությունը սնող ակունք եւ հիմք՝ հայ սահմանադրական մտքի զարգացման համար։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/07/2011