Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԱՆ ՉՄՆԱՑ, ԳԱԼՈՒ ԵՄ…»



«ԲԱՆ ՉՄՆԱՑ, ԳԱԼՈՒ ԵՄ...»«Հա՛, ջա՛ն, ինչո՞վ օգնեմ»,- միշտ այս խոսքերը կլսեիր մեր Արմանից: Շատ բարի էր, անկեղծ, մանկան պես դյուրահավատ ու զգայուն:

Արման Անդրեասյանը ծնվել է 1996թ. հուլիսի 11-ին Մեծ Մանթաշ գյուղում, սովորական մի ընտանիքում, որտեղ այնքան սեր ու ջերմություն կար: Ես ճանաչել եմ Արմանին: Իսկ ճանաչել նրան նշանակում է ճանաչել  բարությունը: Արմանը մեր հարեւան գյուղից էր, բայց հաճախ էր մեզ հյուր գալիս: Երեխաներով խաղում էինք ոգեւորված: Հիշողությանս մեջ դրոշմվել են մի քանի անմոռաց պահեր:

Մի անգամ Վարդավառին Արմանն էլի մեր գյուղում էր: Մենք սովորություն ունենք Վարդավառը նշելու թաղերով: Հավաքվում ենք թաղով ու գնում մյուս թաղ՝ ջրով «մենամարտելու»: Այդ օրը մեր «հակառակորդները» մեզնից թվով շատ էին: Թույլ չէին տալիս աղբյուրից ջուր վերցնել. տարիքով մի տղամարդ պահում էր աղբյուրի ակն ու անհավասար պայքարում աշխույժ ջրում մեզ:

-Վարպետն աչքիս ջրոցու սիրահար է,-կատակեց Արմանը:

Եվ մենք՝ թրջված ու պարտված, աշխույժ ծիծաղեցինք:

2015թ. Ամանորին Արմանը իր քրոջ հետ մեր տուն եկավ: Անտրամադիր էր: Հարցրինք՝ ի՞նչ է պատահել: Պարզվեց՝ սիրելի աղջկան չի շնորհավորել. աղջկա մայրը խիստ էր եւ պահել էր հեռախոսը: Որոշեցինք զանգել ու ներկայանալ որպես աղջկա ընկերուհիներ: Այդպես էլ արեցինք: Եվ նրանք զրուցեցին ժամեր շարունակ: Արմանն այդ օրը շատ ուրախ էր…

Օրեր անց՝ հունվարի 16-ին, նա զորակոչվեց բանակ: Արցախի հարավարեւելյան սահմանին էր ծառայում: Միշտ գոհ էր, երբեք չէր բողոքում: Ծառայեց 11 ամիս: Նրա ծառայությունն ընդհատվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը… Պատմում էին՝ վիրավոր ընկերոջն օգնություն ցույց տվեց ու նորից նետվեց մարտի:  Ընկերը փրկվեց, ինքը՝ ոչ: Ապրիլի 10-ին հակառակորդը Արմանի աճյունը հանձնեց հայկական կողմին:

«Մա՛մ, պա՛պ, համբերե՛ք, բան չմնաց, գալու եմ…»,- սա Արմանի վերջին գրառումն էր իր սոցիալական էջում դեպքից օրեր առաջ: Վերջերս մի հաղորդում էի դիտում, Արմանի մայրիկն էր խոսում: Ասաց՝ դեռ սպասում է որդուն…

«Եթե իմանամ՝ ինձ կլսե, կըսեի՝ Արման ջան, քիչ մնաց ծառայությանդ, երեք ամիս, ու տուն կուգաս, բալա՛ ջան, երեք ամսից սաղ կուգան, դու չգա՞ս…»,- ասում էր մայրը:

Արմանը հավերժ զինվոր մնաց:

Մերի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #50 (1170) 21.12.2016 - 27.12.2016, Ճակատագրեր


21/12/2016