ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ
1996 թվականի դեկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ծնված Իգոր Պապի Հակոբյանը խելացի և բանիմաց երիտասարդ էր: Ծառայության անցնելով Արմավիրի ուսումնական զորամասում՝ կարճ ժամանակում յուրացրել էր տանկի նշանառու-օպերատորի մասնագիտությունը: Նորմատիվների հանձնման և տանկային զորավարժությունների ժամանակ մշտապես ցույց էր տալիս թիրախների խոցման գերազանց արդյունքներ և փայլում իր գիտելիքներով` արժանանալով հրամանատարների խրախուսանքին: Ուսումնառության շրջանն ավարտելուց հետո ծառայությունը շարունակում է տանկային զորամասերից մեկում: Ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին Իգորն իր ծառայողական պարտքը կատարեց Արցախի Ջրականի պաշտպանական շրջանում, որտեղ էլ զոհվեց մայիսի 3-ին առաջադրանքը կատարելիս:
Դեկտեմբերի 3-ին լրացավ նրա ծննդյան 20-ամյակը:
Տեղի գերեզմանատանը հերոսացած հայորդու հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանը Իգոր Հակոբյանի ծնողներին փոխանցեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի սահմանած և Իգոր Հակոբյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:
♦♦♦
1996թ.-ի դեկտեմբերի 4-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում է ծնվել Ազատ Քաջիկի Սիմոնյանը:
Անցնելով զինծառայության Արցախ աշխարհի պաշտպանության բանակի Ջրականի պաշտպանական շրջանի զորամասերից մեկում՝ Ազատը յուրացրեց նռնակաձիգ սահմանապահի ռազմական մասնագիտությունը: Ծառայության ընթացքում նա աչքի է ընկնում նաև իր համակարգչային գիտելիքներով: Սակայն իր բանակային ընկերներից հետ չմնալու և մշտապես նրանց կողքին լինելու համար ամեն անգամ նա խնդրում էր, որ իրեն էլ դիրքեր բարձրացնեն: Ապրիլի 1-ին նա վերջին անգամ դիրք բարձրացավ:
Ազատ Քաջիկի Սիմոնյանի անունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, հակառակորդի ապրիլյան հարձակումների առաջին օրվանից, անհայտ կորածների շարքում էր: Ապրիլի 10-ին զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ պարզվեց, որ հայկական կողմին հանձնված զոհերից մեկն էլ նա է:
Դեկտեմբերի 4-ին լրացավ Ազատ Սիմոնյանի ծննդյան 20-ամյակը, ինչի առթիվ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության ներկայացուցիչները՝ Յուրի Միքայելյանի գլխավորությամբ այցելեցին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում ապրող Սիմոնյանների ընտանիքին: Նրանց հետ էին նաև Ազատ Քաջիկի Սիմոնյանի ընտանիքի հետ բարեկամացած կուրսանտ Սուրեն Հայրապետյանն ու ազատամարտիկ Մհեր Համբարձումյանը: Այցի շրջանակներում ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանը Ազատ Սիմոնյանի ծնողներին փոխանցեց ՂՊՎ սահմանած և ՂՊՎ խորհրդի որոշմամբ Ազատ Սիմոնյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը
♦♦♦
1953 թվականին ծնված արմավիրցի Նիկոլայ Սարգսի Օսիպյանը Արցախյան ազատամարտի մասնակիցներից էր: Մասնակցել էր Գանձակի ինքնապաշտպանական մարտերին, իսկ պատերազմից հետո իր ուժերի ներածին չափով աջակցել բանակաշինությանը, ինչի շնորհիվ արդեն հասցրել էր իր անունը հավերժացնել Արցախյան գոյամարտի մասին պատմող գրքերում: Չնայած իր պատկառելի տարիքին, հարմար առիթների դեպքում կրկին այցելում էր զորանոցներ և դիրքեր, ոգևորում զինվորներին և շարունակում մատաղ սերնդին փոխանցել ռազմարվեստին վերաբերող իր գիտելիքներն ու փորձը: Իսկ լարված իրավիճակների ժամանակ շտապում էր կանգնել սահմանապահների կողքին: Ապրիլյան իրավիճակն էլ բացառություն չեղավ, և ապրիլյան պատերազմի առաջին օրերին Նիկոլայը կրկին մեկնեց Արցախ աշխարհ՝ մասնակցելու իր կյանքի երկրորդ պատերազմին, զենքը ձեռքին մասնակցեց ապրիլյան մարտական գործողություններին և զոհվեց ապրիլի 6-ին:
Դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Օսիպյանը կդառնար 63 տարեկան: Նիկոլայի ծննդյան առթիվ «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության անդամները, Նիկոլայ Օսիպյանի ընտանիքի հետ ընկերացած ազատամարտիկ Ահարոն Բաղդասարյանը և մյուսները դեկտեմբերի 5-ին այցելեցին Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղ: Նիկոլայի ընտանիքի անդամների հետ ՂՊՎ անդամները եղան նաև վաղարշապատցի ազատամարտիկների պանթեոնում, որտեղ Նիկոլայի գերեզմանի առաջ հարգանքի տուրք մատուցելուց հետո ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանը Նիկոլայի կնոջը՝ տիկին Ռայային փոխանցեց ՂՊՎ սահմանած և ՂՊՎ խորհրդի որոշմամբ Նիկոլայ Օսիպյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դրամաշնորհով և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացվող «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի այցելությունների ընթացքում «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության ազատամարտիկների պատվիրակությունը ծանոթանում է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, նրանց առօրյայի, կենցաղային պայմանների, հոգսերի և խնդիրների հետ, այնուհետև փորձում «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի հնարավորության սահմաններում լուծում տալ այդ խնդիրներին:
♦♦♦
Հայկ Թորոյանը դեռ փոքր տարիքից հստակ որոշել էր` կընտրի հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը և անձնվիրաբար կծառայի հայրենիքին: Այդպես էլ արեց: 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որն էլ ավարտեց բարձր առաջադիմությամբ: Բարձրագույն զինվորական կրթություն ստացավ ՌԴ ռազմական ակադեմիայում:
2002 թվականից ծառայության անցավ ՊԲ Մատաղիսի պաշտպանական շրջանի զորամասերից մեկում, որտեղ էլ ծառայեց մինչև վերջ… Զինակից ընկերները հիշում են, որ մայոր Հայկ Թորոյանը անմնացորդ նվիրված էր զինվորական կյանքին, զինվորի կողքին էր անգամ իր հանգստի ժամին:
2016-ի ապրիլին մայոր Հայկ Թորոյանը պետք է փոխգնդապետի կոչման արժանանալու առիթով ներկայանար պաշտպանության նախարարություն, որտեղ էլ պետք է ստանար ավելի բարձր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու առաջարկությունը: Մինչդեռ…
Ապրիլի 2-ի թեժ մարտերի ժամանակ մայոր Հայկ Թորոյանին բաժին էր ընկել Մատաղիսի մարտական դիրքերին զինամթերք մատակարարելու պատասխանատու և դժվարին առաջադրանքը: Դիրքեր տանող ճանապարհին նա վարորդի և զինակից ընկերոջ հետ հայտնվեց հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ծուղակում, սակայն չհանձնվեց և մինչև վերջին փամփուշտը կռվեց մեծաթիվ թշնամու դեմ, որից հետո, գազազած հակառակորդի ձեռքն ընկնելով, ենթարկվեց խոշտանգումների և զոհվեց քաջի մահով:
Հայկ Թորոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
2016թ. դեկտեմբերի 11-ին մայոր Հայկ Թորոյանը կդառնար 31 տարեկան: Այս առիթով Հայկի հայրական տանը հյուրընկալվեցին «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի նախագահ Յուրի Միքայելյանը և «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում Թորոյանների ընտանիքի հետ մտերմացած ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Արայիկ Սիմոնյանը: Յուրի Միքայելյանը մայոր Հայկ Թորոյանի հորը փոխանցեց Հայկ Թորոյանին հետմահու շնորհված ՂՊՎ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:
Օրերս թիվ 132 դպրոցի դասարաններից մեկը անվանակոչվել է Հայկ Թորոյանի անունով, բացի այդ, որոշում է կայացվել ամեն տարի դեկտեմբերին անցկացնել Հայկ Թորոյանի հիշատակին նվիրված միջոցառումների շարք:
Հայկ ՔԻՍԵԲԼՅԱՆ
Խորագիր՝ #50 (1170) 21.12.2016 - 27.12.2016, Ճակատագրեր