Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԸ ԻՄ ՈՒԺՆ Է՝ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸ…



ԶԻՆՎՈՐԸ ԻՄ ՈՒԺՆ Է՝ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՈՒԺԸ...Զինված ուժերում պատրաստության գործընթացը երբեք չի դադարում և չի ավարտվում: Իմ հրամանատարությամբ մեր երկրի արևմտյան դարպասը պահպանող զորամասի ստորաբաժանումների մարտիկները  մարտական խնդրի կատարմանը զուգընթաց անընդհատ զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, բծախնդրորեն հոգում իրենց ամրակցված զենքի ու ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման պահանջները: Առաջնագծում էլ ունենք զգալի ձեռքբերումներ` իրականացրել ենք մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Արել ենք ամեն ինչ, որպեսզի մարտական հերթապահություն կատարող զորամասերի մեջ ճանաչվենք լավագույններից մեկը:

Գնդապետ ՍՄԲԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Հայ զինվորի» հյուրասրահում զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանն է: Նա երիտասարդ սերնդի այն զինվորականներից է, ովքեր անմնացորդ նվիրումով, պատվախնդրորեն ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները` ի նպաստ մեր պաշտպանական համակարգի ամրացման, զարգացման ու կատարելագործման:

 

-Պարոն գնդապետ, ցանկացած զորամասի համար դժվար կլինի միաժամանակ և՛ մարտական խնդիրը անթերի կատարել, և՛ ճանաչվել լավագույնը, եթե զինվորական կարգապահությունը բարձր մակարդակի վրա չէ: Այս պարագայում երկու կարծիք լինել չի կարող:

-Անշուշտ, ցանկացած բնագավառում, առավել ևս՝ զինվորական կառույցում, գործի հաջողությունը մեծամասամբ պայմանավորվում է կարգապահությամբ: Հետեւաբար, մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կարգապահական պահանջները ավելի խիստ են դրված: Ցանկացած կոլեկտիվում բացառվում է որևէ առաջընթաց կամ դրական տեղաշարժ առանց այս գաղափարի լիարժեք ըմբռնման:

-Այս առումով ինչպիսի՞ն է պատկերը Ձեր զինվորական ընտանիքում:

-Գերազանց չէ, բայց լավ է: Դեռ ավելի ենք լավացնելու: Ես հավատում և վստահում եմ իմ զինվորին: Զինվորը իմ ուժն է:

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր զինվորին…

-Իմ զինվորը քաջ է, հայրենասեր, պատվախնդիր, նախաձեռնող, զինվորական գործի մեջ՝ հմուտ: Եթե հարկ լինի՝ նրանցից յուրաքանչյուրը թե՛ Զորիկ Գևորգյան ու Ազատ Ասոյան կլինի և թե՛ Սասուն Մկրտչյան, Արմենակ ՈՒրֆանյան, Ռոբերտ Աբաջյան… Եվ իմ ծառայության ընթացքում բազմիցս համոզվել եմ դրանում: Հենց վերջերս, գրեթե թշնամու թիկունքում, այն էլ բավականին լավ, իշխող դիրքում հենակետ դրեցինք: Այս գործողությունը հնարավոր եղավ իրականացնել միմիայն զինվորներիս խիզախության ու քաջության շնորհիվ: Համոզված եմ՝ հայ զինվորը, ինչ մասնագիտություն էլ ունենա, անխտիր գերազանց է տիրապետելու:

-Իսկ սպայի՞ն:

-Սպան բանակի ողնաշարն է: Մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք նրա կատարած աշխատանքը: Զինվորը ծառայում է երկու տարի, սպան` քսան և ավելի: Նա միշտ շարժման մեջ է, զինվորի կողքին, նրա հետ հավասարապես կրում է ծառայության, մարտական հերթապահության բոլոր դժվարությունները:

-Դուք ինքներդ հասկանո՞ւմ եք զինվորին՝ նրա հոգեբանությունը:

-Իհարկե, հասկանում եմ: Էլ ինչ հրամանատար, եթե չհասկանա զինվորին՝ նրա ապրումները, հույզերը: Եղել եմ դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար, զինվորի հետ բազում փորձություններով լի երկար ճանապարհ եմ անցել: Եթե սպան չկարողանա զինվորին ճանաչել, հասկանալ ներսից, չի կարող հրամանատար լինել: Զինվորը ամեն օր պետք է տեսնի, հասկանա ու համոզվի, որ հրամանատարը իր կողքին է ոչ թե իր անմիջական պարտականությունների դրդմամբ, այլ խղճի, հոգու եւ փորձառության թելադրանքով՝ որպես վստահելի թիկունք: Զինվորը հրամանատարից է սովորում ամեն ինչ: Հրամանատարը նախ ինքը պետք է կատարի իրեն առաջադրված խնդիրները, հետո նոր պահանջի ենթականերից: Պահանջում է կարգապահություն, ուրեմն ինքն էլ պետք է կարգապահ լինի, պահանջում է գիտելիք, ուրեմն ինքն էլ պետք է ուսյալ ու բանիմաց լինի, պահանջում է նվիրված ծառայություն, ուրեմն ինքն էլ պետք է իր գործի նվիրյալը լինի: Իմ ենթակաները գիտեն, որ ես պարտականություն չեմ կատարում, այլ ծառայում եմ հոգով ու սրտով:

-Ընդունված կարծիք կա՝ զինվորի համար ընդունելի է սպայի այն տեսակը, որը գնահատում է շարքայինին:

-Համաձայն եմ, բայց եւ համոզված եմ, որ սպան չպետք է ամեն ինչ անի զինվորին հաճոյանալու համար: Հարգանքի արժանի կարող է լինել այն սպան, որն ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն, խիստ է, պահանջկոտ, միևնույն ժամանակ՝ հոգատար:

-Դուք խի՞ստ հրամանատար եք:

-Ե՛վ խիստ եմ, և՛ պահանջկոտ:

-Իսկ հոգատա՞ր:

– Ես երեք երեխաների հայր եմ, ինչպե՞ս կարող եմ հոգատար չլինել ուրիշի զավակների նկատմամբ: Խստապահանջությունն ու հոգատարությունը բոլորովին չեն խանգարում միմյանց:

-Ձեզ համար ի՞նչ է ճշմարտությունը:

– Ճշմարտությունը ինձ համար հզոր ուժ է:

– Ո՞րն է Ձեր ուժը:

– Իմ ուժը իմ զինվորն է, որ սահմանին է կանգնած:  Զինվորը մեր բանակի, մեր հայրենիքի պահապան ուժն է:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.` Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (1170) 21.12.2016 - 27.12.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/12/2016