ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՓԱՍՏԵՐ – 2016Թ.
Սիրիայի Արաբական Հանրապետության բանակը ռուսական ռազմաօդային ուժերի աջակցությամբ 5 տարվա պաշարումից հետո ազատագրեց Հալեպը՝ իր նշանակությամբ Սիրիայի երկրորդ քաղաքը: Դեկտեմբերի 22-ին Հալեպի բոլոր եկեղեցիներում զանգերի ղողանջներն ազդարարեցին քաղաքի վերջնական ազատագրումը «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական կազմակերպություններից:
♦♦♦
Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո քրիստոնեական բոլոր եկեղեցիների համաձայնությամբ հետազոտական և վերականգնողական աշխատանքներ սկսվեցին Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանին: Դեռ 4-րդ դարում հայտնաբերված այս սրբավայրը 16 դար անփոփոխ է եղել, և իրոք կապ ունի Հիսուս Քրիստոսի հետ:
Տիրոջ Գերեզմանը դեղնավարդագույն մարմարե գմբեթարդ մատուռում է` էդիկուլայում (Կուվուկլիա), Երուսաղեմի՝ Հայ Առաքելական եկեղեցու իրավասության տակ գտնվող հատվածում:
Հետազոտողներն ուսումնասիրում են 1555 թ. տեղադրված մարմարյա սալաքարը: Գոյություն ունեցող Կուվուկլիան մեկ անգամ արդեն վերականգնվել է 1809-1810 թվականներին հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով։ Գիտնականները կկարողանան տեսնել այն մահճի մակերևույթը, որի վրա, ըստ ավանդության, հանգչել է Քրիստոսի մարմինը: Գերեզմանի բացումը հնագետներին հնարավորություն կտա պարզելու, թե ինչու է սուրբ Հեղինեն, որը պեղումներ է անցկացրել Երուսաղեմում, որոշել, որ այդ գերեզմանը Քրիստոսի հուղարկավորման վայրն է։
Սուրբ Հեղինեն (Ֆլավիա Հուլիա Ելենա Ավգուստա) 306-337 թվականներին Հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա-ի դուստրն է։ Համարվում է, որ իր ուխտագնացության ժամանակ նա հայտնաբերել է Տիրոջ Գերեզմանը, Կենարար Խաչը և քրիստոնեական այլ մասունքներ։
♦♦♦
Հունվարին Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներն Արեգակնային համակարգում հայտնաբերել են նոր մոլորակ, որն անվանել են «Մոլորակ իքս»: Այն իր չափսերով չի զիջում իր հարևան Պլուտոնին: Մինչև 2006թ. Պլուտոնը պաշտոնապես համարվում էր Արեգակնային համակարգի 9-րդ մոլորակը: Չափսերի և ձգողական թույլ ուժի պատճառով գիտնականները Պլուտոնը զրկեցին մոլորակի կարգավիճակից: Նրա կողքին մոլորակի գոյության մասին վարկածներ առաջ քաշվեցին 19-րդ դարի վերջերից: «Մոլորակ իքս»-ի հայտնաբերման համար ծախսվել են միլիարդավոր դոլարներ: Այնուամենայնիվ, հայտնաբերված աստղային մարմինը դեռ պաշտոնապես չի հայտարարվել Արեգակնային համակարգի մոլորակ` կիսելով Պլուտոնի ճակատագիրը:
♦♦♦
Փետրվարի 5-ին պատմական իրադարձություն է տեղի ունեցել Կուբայում. կայացել է Համայն Ռուսիո պատրիարք, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում պատրիարք Կիրիլը և Ֆրանցիսկոս պապը 3 անգամ եղբայրական համբույրներ են փոխանակել և գրկախառնվել: Պատրիարք Կիրիլը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` հանդիպումը Հռոմի պապի հետ տեղի է ունենում ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում: Իր հերթին Ֆրանցիսկոս պապը հավելել է, որ իրենք եղբայրներ են և որ իրենց սրտերում այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ կան:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և Ռուսիո պատրիարքի հանդիպումը դարձել է առաջինը 1054թ. Մեծ պառակտումից հետո:
♦♦♦
Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հունիսի 24-ին հանրաքվե անցկացրին՝ որոշելով մնա՞լ Եվրամիության կազմում, թե՞ դուրս գալ: 17 մլն 61 հազար 744 մարդ քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին: Եվրոպական ընտանիքի մաս մնալու օգտին քվեարկել է հանրաքվեի 15 մլն 864 հազար 555 մասնակից: Լոնդոնի, ինչպես նաև Շոտլանդիայի բնակիչները քվեարկել են ԵՄ կազմում մնալու օգտին, սակայն հյուսիսային Անգլիայի բնակչության՝ ԵՄ-ից դուրս գալու ցանկությունը որոշիչ է եղել:
♦♦♦
Ճապոնացի մասնագետները հայտնաբերել են մինչ այդ անհայտ մանրէների խումբ, ինչը կարող է մարդկության և մոլորակի ապագայի համար խիստ կարևոր նշանակություն ունենալ: Այդ մանրէները քայքայում են պոլիէթիլենը՝ արտաբերելով ածխաթթու գազ և ջուր: Մինչ այս, համարվում էր, որ պոլիէթիլենային կամ պլաստմասե առարկաները անհնար է քայքայել, ինչի պատճառով նրանցից առաջացող աղբը բնապահպանական չարիք էր համարվում:
♦♦♦
Մենդելեևի պարբերական աղյուսակում հայտնվել են քիմիական 4 նոր տարրեր, որոնցից երեքը ներառվել են Մոսկվայի, Ճապոնիայի և Թենեսիի պատվին: 4-րդն անվանվել է ի պատիվ հայ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի: Այս տարրերը կտեղակայվեն պարբերական աղյուսակի 7-րդ շարքում և կունենան իրենց համապատասխան համարները: Առաջին երեքն են՝ Նիհոնիում (Nh), Մոսկովիում (Mc), Թենոսին (Ts), քիմիական աղյուսակի համապատասխանաբար 113-րդ, 115-րդ և 117-րդ տարրերը:
Յուրի Հովհաննիսյանը հայկական ծագմամբ ռուս միջուկային ֆիզիկոս է: Նրա հայտնաբերած տարրը կլինի 118-ը` անվանվելով Օգանեսոն (Og): Այն հայտնաբերված տարրերից ամենածանրն է համարվում: Հովհաննիսյանն ու իր թիմը հայտնաբերել են նաև ֆլերովիում կոչվող քիմիական տարրը:
♦♦♦
«Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով հունիսին պատմական եռօրյա այցով, Հայաստանում էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Էջմիածնում, Գյումրիում և Երևանում քահանայապետը մասնակցեց միասնական պատարագների առաքելական և կաթոլիկ արարողակարգերով:
Հունիսի 25-ին Ֆրանցիսկոս պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և աղոթել: Նա վերահաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում՝ կոչ անելով առերեսվել անցյալի դառը էջերի հետ:
Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Սբ. Տրդատի բաց խորանի առջև, տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի համատեղ Առաջնորդական սուրբ պատարագի մատուցման արարողությունը: Պատարագի ժամանակ Հռոմի պապը օրհնեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցին՝ փոխադարձաբար ստանալով նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը:
Հոգևոր առաջնորդները դեպի բիբլիական Արարատ լեռը նայող բարձրահարթակից ի նշան խաղաղության հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ արձակեցին աղավնիներ:
♦♦♦
Քաղաքական ամենամեծ ինտրիգը եղավ ԱՄՆ-ում, որտեղ 45-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից: Նա անհամեմատ քիչ հնարավորություններ ուներ հաղթելու իր մրցակից, դեմոկրատական կուսակցությունից նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այնուամենայնիվ, դեկտեմբերի 18-ին Դոնալդ Թրամփը շահեց ընտրողների կոլեգիայի 270 ձայները և դարձավ ԱՄՆ նոր նախագահը: Սակայն ամերիկացիների մեծ մասը բողոքում են այս ընտրության դեմ և պահանջում կանխել նրա մուտքը Սպիտակ տուն:
2017 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը:
♦♦♦
63 միլիոն դոլարով վաճառվել է աշխարհի ամենաթանկ չմշակված ալմաստը: Գնորդը Դուբայում գրանցված Nemesis International DMCC ընկերությունն է:
813 կարատ քաշով ալմաստը վաճառքի էր հանել կանադական Lucara Diamond Corp հանքարդյունահանող ընկերությունը: Վաճառված հանքանյութը գտնվել է Բոտսվանայի Karowe հանքահորում, այն համարվում է վերջին հարյուր տարում գտնված ամենախոշոր ալմաստներից մեկը:
♦♦♦
Օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում կայացան 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որոնց մասնակցեց 206 երկիր, 11 544 մարզիկ: Մեդալների քանակով առաջատարը ԱՄՆ-ն էր (46 ոսկի, 37 արծաթ, 38 բրոնզ): Լավագույն եռյակը կազմում էին Մեծ Բրիտանիան և Չինաստանը:
Հայաստանը ներկայացնում էին 33 մարզիկ՝ 25 տղամարդ և 8 կին: Հայաստանն իր օլիմպիական պատմության մեջ ներկայացել էր ամենամեծ մարզական թիմով: Այս օլիմպիադայում Հայաստանը 20 տարվա ընդմիջումից հետո նվաճեց ոսկե մեդալ, ինչպես նաև երեք արծաթե մեդալ:
Պատրաստեց Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
Խորագիր՝ #51 (1171) 28.12.2016 - 03.01.2017, Հոգևոր-մշակութային