Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՐԿՎԱԾ ՀՈՒՇԵՐ



ՓՐԿՎԱԾ ՀՈՒՇԵՐ-Պահիր նամակները: Մի օր ցանկություն կունենաս ընթերցելու դրանք, վերապրելու ապրածդ: Կամ թե պատահականորեն ձեռքդ կընկնեն, և սիրտդ այնպես  կսեղմվի, որ և՛ ցավ կզգաս, և՛ ուրախություն,- ինչ-որ մեկը ցածրաձայն շշնջաց ծերունու ականջին, երբ նա ուզում էր նամակների կապոցը նետել վառարանը:

Սենյակում նրանից բացի ոչ ոք չկար:

-Մի՛ փնտրիր ինձ, ես քո մեջ եմ,- կրկնեց արտասովոր ձայնը,-ինչո՞ւ ես փորձում հուշերդ մոխրացնել, չէ՞ որ դրանք այնքան թանկ են քեզ համար:

-Բայց ես ուրիշ ելք չունեմ, պետք է ինչ- որ եղանակ գտնեմ, որ ցրտից չսառչեմ, իսկ տանը այլևս բան չի մնացել. Գրքեր, տետրեր, թերթեր, նույնիսկ իմ հուշատետրն եմ վառել, ու հիմա միայն այս կապոցն է մնացել,- պատասխանեց ծերունին:

-Դու ինքդ էլ գիտես, որ դրանք ավելի թանկ են, քան այն ջերմությունը, որը դրանցից ես ստանալու վառարանում այրելով: Բաց արա, կարդա, վերհիշիր կյանքդ, միգուցե հոգիդ ջերմանա՞, չէ՞ որ այդտեղ են նաև քո առաջին սիրո` Անիի նամակները, դու չես կարող դրանք հենց այնպես վառել:

Սարսափելի ցուրտ էր տանը, ծերունին կուչ էր եկել մի անկյունում ու ծածկել էր ծնկները բրդե ծածկոցով: Նա կյանքում առաջին անգամ հետևեց իր ներքին ձայնին: Բացեց կապոցը ու սկսեց կարդալ պատահած առաջին նամակը: Դա հենց ՆՐԱ նամակն էր.

-Կներես, բայց ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ, մոռացիր ինձ, խնդրում եմ:

Ծերունին սարսռաց, մարմնով տարօրինակ դող անցավ, բայց դա ցրտից չէր: Բացեց երկրորդ նամակը: Այն ստացել էր մորից` ծառայության տարիներին: Ձեռագրից էլ կարելի էր կռահել, որ դա նրա գրածն էր: Հաճելի մի սարսուռ զգաց, երիտասարդ տարիների ավյունը ասես ներխուժեց ծերունու սառած մարմինը: Հերթով կարդաց բոլոր նամակները, վերհիշեց կյանքը, զգացմունքների խելահեղ տեղատարափ էր`կարոտ, ցավ, հույս, սեր… Ապրեց յուրաքանչյուր նամակի հետ: Նրա դեմքը մերթ կնճռոտվում էր, մերթ ժպիտն էր խաղում կնճիռների մեջ, մերթ տաք արցունք էր սահում սառած այտի վրայով, աչքերում կայծեր էին շողում, ու դողացող մատներով թերթում էր կյանքի էջերը հատ-հատ: Սառը մարմնով, բայց ջերմ հոգով ու հիշողություններով նա լուսացրեց գիշերը: Լուսադեմին արդեն հազը խեղդում էր. հիվանդացել էր, բայց երջանիկ էր: Այդ օրվանից ի վեր նա պարբերաբար կարդում էր անցյալի հուշերը: Ամեն անգամ` ինչպես առաջին…

ԳՈՌ  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի

ֆակուլտետի ուսանող

Խորագիր՝ #51 (1171) 28.12.2016 - 03.01.2017, Հոգևոր-մշակութային


28/12/2016