Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆՎՈՐԸ



ԿԵՆՎՈՐԸԱպրում եմ մի տեսակ չապրելով ու որքան քիչ եմ ապրում, այնքան ավելի ուզում եմ նմանվել մեկին, ով, լավ թե վատ, իր «ոսկեդարն» ապրել, դեպի մայրամուտ է թեքվում։ Եվ որքան ուզում եմ նմանվել մեկին, այնքան ավելի… Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, չգիտեմ, թե ուր է ինձ տանում լպրծուն կյանքուղիս, դեպի ո՞ւր եմ քայլում՝ այսպես գայթելով, մենակ ու մոլոր, ամբոխի միջով։

Շուրջս մարդիկ են, տարաբնույթ դեմքեր. այս ի՜նչ իրարանցում է, խառնակվել, խեղաթյուրվել են կարծես կենցաղ ու բարքեր։ Եվ անհոգի այս թոհուբոհի մեջ մոտենում եմ, հարցնում.

– Խնդությո՞ւն է, թե սգո հանդես…

– Տոնավաճառ է, ընկե՛ր, տոնավաճա՛ռ,- պատասխան են տալիս միանգամից մի քանի հոգի։

– Իսկ ի՞նչ եք վաճառում,- հարցնում եմ՝ առնելիքս չիմանալով։

– Ինչ կամենաք, ահա ձեզ հարթուկ, վզնոց ու մունդշտուկ, տեսեք, հաշվետարի թեւքեր էլ ունենք, նո՜փ նո՛ր… Չե՞ք հավանում։ Կուզե՞ք, համազգեստ տանք ձեզ, զինվորի է…,- ուշադրություն է գրավում մի տարեց կին։

– Համազգե՞ստ,- տարակուսած նայում եմ ծեր կնոջ անխռով, խորշոմած դեմքին։- Ինչի՞ս է պետք։

– Ասում են՝ հիմա շատերին է հարկավոր…

– Ո՞ւմն են այս… շորերը,- շարունակում եմ անտարբեր։

– Նա ինձ մոտ վարձով էր ապրում։

– Բայց, սպասեք, շորերը արնոտ են,- նկատում եմ խորշելով։

– Ես էլ հենց արյա՛ն գինն եմ ուզում,- պատասխանում է կինը,- ձեռքս չգնաց՝ լվանայի, գուցե արժանավոր մեկը հագնի՞…

– Դուք իրավունք չունեք, դուք… դուք խելագար եք։

– Հոխորտո՜ւմ եք, խրատո՜ւմ, մինչդեռ ԱՐՅԱՆ ԳԻՆԸ չգիտեք։

– Ինքներդ ի՞նչ գին եք սահմանել, ո՞րն է ձեր պահանջած վճարի չափը,- սակարկում եմ իմիջիայլոց, մի ինչ-որ տարօրինակ դյութանքից դրդված։

– Երեւում է՝ պարապ մարդ եք, պատմությունների սիրահար…

– Ո՛չ մի դեպքում, պարզապես անսիրտ է թվում ձեր վարմունքը, անիրական…- փորձում եմ հակառակել։

– Դե լա՛վ, համոզեցի՛ք, մի բան կպատմեմ ձեզ, լսե՛ք ուրեմն եւ ինքներդ էլ գնահատեք։ Սովորական մի օր էր, երբ հանդիպեցինք։ Աշուն էր։ Դրսում անձրեւ էր, ցուրտ էր ու թաց։ Ես, լուսամուտագոգին հենված, թեյ էի խմում՝ գուշակելով ինձ համար մի հարմար վերջաբան։ Մեկ էլ դուռս ծեծեցին, թեպետ ոչ ոքի չէի սպասում, վաղուց է՝ ինձ ոչ ոք չէր այցելում։ Մոտեցա, բաց արեցի դուռը. մի ջահել տղա էր շեմքին կանգնած եւ ամբողջովին թրջվել էր անձրեւից։ Օթեւան էր փնտրում։ Տունս մեծ էր, ես՝ միայնակ, ընդունեցի անկոչ հյուրին։ Եվ ապրեցինք հաշտ ու համերաշխ, ինչպես ասում են՝ «առանց պարտք ու պահանջի»։ Անուշիկ տղա էր, կապվեցի նրան. նա իմ ամենալավ կենվորը դարձավ։

…Ամիսներ անցան, գարուն եկավ, եւ գարնան հետ ասես փոխվեց պատանին. զվարճախոս էր, դարձավ չխոսկան… Լուսաբացին կանուխ տնից դուրս էր գալիս  անաղմուկ եւ հաճախ էլ ուշանում էր սահմանված ժամից։ Պատահում էր՝ ընթրիքի սեղանի շուրջ նստած, լռում էինք երկար՝ խռովածի նման։ Միայն երբեմն՝ զվարթության հանկարծահաս պահերին, առաջվա պես հոգատար զրուցում էր հետս՝ խոսքի մեջ շարունակ կրկնելով, թե շուտով պիտի մեկնի (այդպես էլ չիմացա՝ որտեղի՞ց էր եկել, ո՞ւր էր շտապում) եւ խնդրեց տարկետել ամսավարձը, մինչեւ կվերադառնա։ Ինձ թվում է՝ նրա նմանները ո՛չ ծնունդ ունեն եւ ո՛չ էլ՝ վախճան, հայտնի չէ ի հայտ գալու նրանց երկրային ուղին՝ որպես շաղի հայտնվելը ծաղկի թերթերին։ Ինչպես որ անձրեւոտ մի իրիկուն ներս էի առել, այդպես էլ մի օր հրաժեշտ տվեցի նրան։

Հիմա նորից մենակ եմ ապրում, դատարկ է տունս՝ առանց կենվորի։ Հետո միայն իմացա, որ զինվոր էր, զոհվեց պատերազմում. նրանից ինձ հիշատակ այս արնոտ շորերը բերեցին՝ գրպանում մի երկտող. «Բարեւ ձեզ, մայրի՛կ… Դուք ինձ մայրություն արեցիք, իսկ ես… ես ի՜նչ որդի էի որ։ Մի հասարակ տնվոր, որ այդպես էլ վարձը վճարել չկարողացավ։ Հիշում եմ՝ պարտք ունեմ չմարած, վաճառեք իմ անձնական իրերից, ինչ կամենաք, դրանք ինձ այլեւս պետք չեն գալու…»։

-Իսկ անո՞ւնը… Ի՞նչ էր տղայի անունը,- հետաքրքրվեցի հենց այնպես:

-Գուցե չհավատաք, բայց ես այդպես էլ մինչեւ վերջ չհամարձակվեցի ոչինչ հարցնել նրան… Վախենում էի՝ կնեղանա, կչքվի անհետ… Հեռանալիս պատվիրեց, որ իր միակ, տոնական կոստյումը խնամքով պահեմ, քանի որ թանկարժեք կտորից է կարված, էլ ձեռք չի ընկնի… Եվ մեկ էլ՝ մի արծաթյա կափույրով ժամացույց՝ վրան ընծայագրված. «Ամենաբարի տանտիրուհուն՝ հրաշալի կնոջը…»։

– Ժամացույցն ու կոստյումը ես կվերցնեմ,- ասացի շահագրգիռ։

– Վա՞յ, էս ինչ լավն է, սիրուն, կտա՞ս հագնեմ, տատիկ,- փոքրիկ մի տղա պտույտ էր գալիս կնոջ բոլորքը, շոշափում անանուն զինվորի համազգեստը։

– Ահա՛ իմ ԳՆՈՐԴԸ, որ վճարեց ամենաթանկ գինը…

Հեռանում եմ գլխիկոր։ Շուրջս դարձյալ նույն ամբոխն է խռնվում, ինձ են նայում այլազան դեմքեր՝ սառն ու անտարբեր։ Քայլում եմ նորից լպրծուն ճամփով, անվերջ գայթելով՝ մենակ, անընկեր։ Հեռանում եմ՝ կարծես հասկանալով, որ դեռ այն փոքրիկի չափ չկամ, որ ինչքան էլ ցանկանամ նմանվել մեկին, մեկ է՝ պարտքերս չմարած… առնելիք չունեմ։

 

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #51 (1171) 28.12.2016 - 03.01.2017, Հոգևոր-մշակութային


28/12/2016