Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՋՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՈՎ…



ՔԱՋՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՄՈՒՐ ՀԱՎԱՏՈՎ...Մեր շատ սիրելի հայրենյաց պաշտպան

Նոր տարվա շեմին յուրաքանչյուր մարդ անդրադարձի պահ է ունենում Աստծո նախախնամությամբ իր արձանագրած ձեռքբերումներին ու ցավալի բացթողումներին՝ եկող տարում հաջողությունները զարգացնելու եւ թերացումները կանխելու մտադրությամբ: Աստվածաշունչն ասում է, որ Տերն իր հավատարիմ ու սիրելի զավակների համար միշտ էլ բարին է նախատեսում եւ առատորեն շնորհում, եթե միայն իրեն ենք ապավինում, իր կամքին համընթաց քայլում եւ բոլոր բարիքների առատաբուխ աղբյուր միայն իրեն ընդունում: Յուրաքանչյուր սկսվող տարին նետված մարտահրավեր է՝ մեր միջից արմատախիլ անելու մեղսալի հակումները եւ դրանց փոխարեն սերմանելու աստվածահաճո եւ առաքինություններով լի կյանք: Քրիստոնյան քաջ ու կորովի այն անձն է, որը միայն Աստծուց երկյուղ ունի եւ չի վախենում ոչ մեկից ու ոչնչից, նույնիսկ՝ մահվանից: Եթե քաջությամբ ընդունում ենք նշված մարտահրավերն ու հաջողությամբ հաղթահարում այն, արդյունքը չի ուշանում, մանավանդ քրիստոնյաներս հստակ գիտակցում ենք, որ այդ ընթացքում եւ առհասարակ մեր կյանքի ճանապարհին մենակ կամ լքված չենք, այլ ամեն վայրկյան վայելում ենք Աստծո զորակցությունն ու առաջնորդությունը: Պատահական չէ, որ տարին սկսվում է մեր Տիրոջ եւ Փրկչի Ծննդյան լուսավոր ավետիսով: Այն նպատակ ունի մեզ էլ նորոգելու մեր կյանքում Աստծո ներկայության վստահությամբ եւ կրկնել տալու հրեշտակաբարբառ օրհնաբանությունը. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրա խաղաղությո՜ւն եւ հաճությո՜ւն մարդկանց մեջ» (Ղուկ. Ա 14): Տարվա հենց սկզբից Աստված օրհնում է մեզ իր ներկայության շնորհներով ու բարիքներով եւ հրավիրում համերաշխության՝ երկրի վրա խաղաղությունն առատացնելու եւ աստվածսիրությամբ ճանապարհ հարթելու հորդորով:

Ուրեմն նոր տարի ոտք դնենք վստահությամբ, քաջությամբ ու ամուր հավատով, լուսավորված Բեթղեհեմից ճառագող սուրբծննդյան լույսով եւ հարատեւ աղոթքով հայցենք նորոգություն մեր կյանքին եւ հայրենիքը պաշտպանելու նվիրական առաքելությանը:

Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ՝ Մեզ եւ Ձեզ մեծ Ավետիս:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

Տ. ՎՐԹԱՆԵՍ եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդ

Խորագիր՝ #51 (1171) 28.12.2016 - 03.01.2017, Ազգային բանակ


28/12/2016