Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ



Զորակոչի առանձնահատկություններից մեկը՝ զորակոչիկները կհանդերձավորվեն հանրապետական կենտրոնական հավաքակայանում

 

ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղ զորակոչի մեկնարկից առաջ անցկացրին ստուգատես:

Նրանք զորակոչի նախապատրաստական աշխատանքներում ներգրավված կառույցների պատասխանատուների հետ շրջայց կատարեցին նորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման սենյակներում, զորանոցում, վիճակահանության դահլիճում: Զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ծանոթացան ստեղծված հնարավորություններին, վիճակահանության ընթացակարգին առնչվող փոփոխություններին: Այսուհետ տարածքային զինկոմիսարիատներում առցանց հեռարձակվելու է ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը, ինչը ծնողներին հնարավորություն կտա հեռավոր բնակավայրերից չհասնելու մայրաքաղաք եւ տեղում հետևելու զորակոչի ընթացքին:

Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը զրուցեցին ուսումնական զորամասերի համալրման հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ բժիշկ-մասնագետների հետ: Բոլոր պատասխանատուներին տրվեցին ցուցումներ և հանձնարարականներ՝ զորակոչի ընթացքը բնականոն, սահուն ու թափանցիկ կազմակերպելու համար:

ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ Հունվարի 9-ին մեկնարկող ձմեռային զորակոչն առանձնանալու է կարեւոր նորամուծությամբ` նորակոչիկները հանդերձավորվելու են հենց հանրապետական կենտրոնական հավաքակայանում: Բացազատվել է զորակոչիկների հանդերձավորման կենտրոն` սպասարկման չորս կետով ու տասներկու ծառայողներով: Համազգեստի առաջին խմբաքանակը արդեն դարսված է պահարաններում: ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվեց զինվորական հանդերձանքի հատկացման կարգը: Զինված  ուժերի իրային ծառայության պլանավորման եւ ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Գեւորգ Թովմասյանը ցույց տվեց ֆլիզե հնգամատ ձեռնոցը, ամառային բամբակյա կոստյումն ու կեպին, ձմեռային դաշտային կոստյումն ու կեպին, կիսաճտքավոր կոշիկներն ու գոտին: Մի խոսքով, այն ամենը, ինչը պետք է զորակոչիկին իրեն լիարժեք զինվոր զգալու համար:

Փոխգնդապետը նշեց նաեւ, որ զորակոչիկներին հանդերձավորելու են ըստ զինկոմիսարիատների. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սովորաբար  չափսերի անհամապատասխանության խնդիր է առաջանում,  մենք հավաքակայան ենք բերել համազգեստի 1000 կոմպլեկտ, որոնցում առկա է 42-ից մինչեւ 62 չափսի համազգեստ: Յուրաքանչյուր օրվա ավարտին հանդերձավորման կենտրոնը հայտ կներկայացնի թիկունքի վարչության իրային ծառայություն, ապա բեռնատարը կուղեւորվի կենտրոնական իրային բազա, եւ  հավաքակայանի պահեստը նորից կհամալրվի համազգեստի անհրաժեշտ քանակությամբ: Զորամասում նորակոչիկը կստանա միայն գուլպա, ներքնաշոր, ենթաօձիք ու տարբերանշաններ»:

ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ Հանդերձավորելուց հետո զորակոչիկին կհատկացվի նոր պարկ, որում նա կտեղավորի իր քաղաքացիական հագուստը: Կգրանցվի նրա անուն-ազգանունը, կհաշվառվեն անձնական իրերը, պարկը կփակվի պաշտպանիչ պիտակով ու կհանձնվի տիրոջը: Զորակոչիկը կարող է իր հագուստը փոխանցել ծնողներին կամ էլ զինկոմիսարիատի ներկայացուցչին, որը պարկը երիտասարդի տուն կհասցնի:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը վստահ է, որ հենց հավաքակայանում զորակոչիկին տաք հագուստով ապահովելը թույլ կտա խուսափել մրսելուց ու հիվանդանալուց: Նա նշեց, որ կենտրոնում անհրաժեշտ է ապահովել համապատասխան ջերմային ռեժիմ: «Հանդերձարանում ջերմաստիճանը պետք է ավելի բարձր լինի, քան բուժկետում: Տաքացրեք մինչեւ +25», -հրահանգավորեց գլխավոր շտաբի պետը:

Մեզ հետ զրույցում Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաեւ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսների սարքինությանը եւ վստահեցրեց՝ «բոլոր ավտոբուսները մանրակրկիտ ստուգվում են` արդյոք տեխնիկական տվյալները բավարա՞ր են, տաքացուցիչներն աշխատո՞ւմ են, անվադողերը պատշաճ վիճակո՞ւմ են, թե՞ ոչ: Թերություններ հայտնաբերելու դեպքում դրանք կշտկվեն, և նորակոչիկները ապահով կհասնեն զորամասեր»:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

կապիտան

Խորագիր՝ #51 (1171) 28.12.2016 - 03.01.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/12/2016