Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 10-ին ամփոփվել են զինված ուժերում Մարդու իրավունքների օրվան նվիրված միամսյակի արդյունքները:

Միջոցառման ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը,  շեշտել է, որ պաշտպանական գերատեսչության կարևորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողությունն է զինված ուժերի նկատմամբ: Այս առումով նախարարն ընդգծել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ նշելով, որ համատեղ աշխատանքը տալիս է իր արդյունքը: Վիգեն Սարգսյանը կարևորել է ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատանքը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ստեղծումը:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը երկու հատկություն ունի, առաջինը սիստեմատիկ խախտումների միջավայրի փոփոխությունն է, որպեսզի կրկնվող խախտումներ չլինեն և երկրորդը՝ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատելով վճռական ենք՝ ստանալու տեղեկատվություն առանձին դեպքերի մասին և հետամուտ լինելու այդ խնդիրների լուծման հարցում: Առաջին շահագրգիռ մարմինը պաշտպանության նախարարությունն է, որ քաղաքացին զինված ուժերում իրեն զգա ապահով և պաշտպանված, քանի որ միայն այդ դեպքում կարող է արդյունավետ պաշտպանել իր երկիրը,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, բարձր գնահատելով փորձագիտական խորհրդի դերակատարությունը, շեշտել է, որ ոլորտը յուրահատուկ է և պահանջում է մասնագիտական սկզբունքներին համապատասխան աշխատանք:

Հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքները:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


11/01/2017