ԲԱՆԱԿԸ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ
Հորեղբորս որդին ամռանը ծառայության էր անցել քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում: Երբ առաջին անգամ այցելեցինք նրան զինվորական երդման արարողության ժամանակ՝ այնքան էլ գոհ չէր իր ծառայությունից.
-Մեզ մոտ շատ խիստ է, ամեն ինչ պետք է կարգ ու կանոնով անես, որ չպատժվես…, քիթ սրբելու ժամանակ չունենք:
Անցավ 6 ամիս: Նա առաջին անգամ արձակման թերթիկ էր ստացել եւ տուն եկել: Ընթրիքի ժամանակ անընդհատ հետաքրքրվում էի, հարցուփորձ անում ծառայության մասին, սակայն նա լռում էր: Մի տեսակ նեղվեցի. եղբայրս չխոսկան չէր, մենք էլ շատ մտերիմ էինք… Լռության պատճառը չէի հասկանում: Երեւի նկատեց ու մեկ էլ վստահ տոնով ասաց.
-Հաց ուտելու ժամանակ չեն խոսում, պետք է արագ ուտես եւ վեր կենաս:
Մի պահ չհավատացի լսածիս. մեր տան ամենաչարաճճին էր, հատկապես հաց ուտելու ժամանակ միշտ կատակում էր, ծիծաղեցնում բոլորիս: Ու հիմա եղբայրս անհամեմատ լրջացել էր, եւ ինչպես երեւում է՝ վարժվել էր կանոնակարգված կյանքին: Ընթրիքից հետո նոր միայն երկար զրուցեցինք, նա մեծ ոգեւորությամբ պատմեց 6 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Այնպես էր խոսում, կարծես երկար տարիներ բանակում անկացրած լիներ: Այն աստիճան ընտելացել էր ծառայությանը, որ արդեն մտածում էր երկու տարին լրանալուն պես պայմանագիր կնքելու եւ ծառայությունը շարունակելու մասին…
Գոռ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Բանակ և հասարակություն