Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԵՎ ՆԵՏԱՎՈՐԸ»



«ՍԵՎ ՆԵՏԱՎՈՐԸ»Անկյունում մոխրագույն, նեղ-երկարավուն մի արկղ է դրված: Սերոբը ծնկի է գալիս, բացում այն: Զենք է: Զինվորականն այն փայտե տուփից հանում է բավականին զգուշորեն, բայց պատճառն ամենեւին էլ այս զենքի հետ վարվելու նրա փորձի պակասը չէ: «Նուրբ գործիք է»,-բացատրում է: Սերոբը այդ սեւ դիպուկահար հրացանը տեղից շարժում է երկու դեպքում` երբ հակառակորդին պատժելու կամ լռեցնելու խնդիր է ստանում, եւ երբ փոշեզրկելու կամ մարտական վիճակը ստուգելու կարիք կա: Այստեղ՝ սահմանին, թե մեկը, թե մյուսը հաճախակի են պատահում: Թե մեկը, թե մյուսը պայմանագրային զինծառայողը կատարում է վարպետորեն:

«Զենքս խոսում է, երբ վտանգի մասին ահազանգ կա: Հրաման եմ ստանում, «մասխալաթ» հագնում ու դարան մտնում: Քողարկվում եմ: Հետո դիտարկում` «սնայպերը» որտե՞ղ է: Պիտի «նետը քաշեմ» ավելի շուտ, քան հակառակորդը կհասցնի մերոնց վնասել: Տեխնիկան էլ է շարքից հանում: Մի քանի անգամ փորձել եմ. տեղը տեղին փչացնում է: Ցրիվ եմ տվել դիտակետ. այդտեղից կրակում էին մեր զինվորների վրա: «Կտրիճ» զենք է. փամփուշտը դուրս է թռչում թե չէ` այն կողմում մի ժխոր, մի խուճապ, մի վայնասուն, մի շփոթ է բարձրանում»,-պատմում է ճկուն շարժուձեւով երիտասարդը` աչքը չկտրելով արեւի տակ փայլող զենքի մետաղե իրանից:

Խոշոր տրամաչափի այս հրացանը Սերոբի մարտական ընկերն է այն օրվանից, երբ նա հաջող ավարտեց վերապատրաստման դասընթացն ու վաստակեց «Սեւ նետավոր» կոչվելու իրավունքը: «Երբ առաջին անգամ տեսա, կարդացի նրա մասին, որոշեցի` պիտի ունենամ: Ոնց բացատրեմ` խելքս տարել էր (ժպտում է): Հիմա սրբության նման եմ պահում, մաքրում, մեկ-մեկ էլ հետը խոսում եմ: Մարտական հերթապահությունը հանձնելուց հետո գնում եմ տուն, բայց հեռվից հեռու էլ ուշքս վրան է: Հենց վերադառնում եմ` անմիջապես հանում եմ, քանդում, փայլեցնում: Ստուգում եմ օպտիկական նշանոցը, որ տասնյակ անգամներ մոտեցնում է թիրախը: Հեռավորությունը կարգավորող, քամու արագությանը դիմադրող հարմարանքներն եմ զննում: Ու մեկ է` չեմ կշտանում: Նրա կողքին ես ուրիշ եմ. զգաստ եմ, մի քիչ ավելի հպարտ, քան սովորաբար»,-ասում է եւ անշտապ ու վստահ գործողություններով հարմարեցնում խլացուցիչը, որ էապես մեծացնում է զենքի քողարկվածության աստիճանը:

«ՍԵՎ ՆԵՏԱՎՈՐԸ»Լիցքավորված վիճակում սեւ նետի քաշը բավականին ծանր է, իսկ երկարությունը՝ մարդահասակ: Այն գետնից պոկելու համար, սակայն, Սերոբին օգնողներ պետք չեն: Ժամերով ջանասիրաբար մարզվում է, որ չդժվարանա, որ հարկ եղած դեպքում իր մշտական տեղակայման վայրից ոտքով գործողության կետ հասնի. ««Սեւ նետավորը» պարտավոր է մարզել ոչ միայն մարմինը, այլեւ մատները: Հաճախ ենք գնում կրակելու: Ամիս է լինում` տասնհինգ անգամ: Հրաձգության միջոցով ստուգում ենք մեր զենքերի նշանառությունը: Ամեն անգամ, երբ գնդակը կպնում է նշանակետին, նույն հաճույքն եմ ապրում, ինչ առաջին անգամ»:

Երկուսս էլ նորից նայում ենք հրացանին: Չգիտեմ՝ Սերոբի պատմելո՞ւց է, թե չէ, սակայն հիմա այն ավելի տպավորիչ տեսք ունի, քան կես ժամ առաջ: «Սեւ նետը» ինձ թվում է իսկական զինվոր, որը ժամանել է ծառայության: «Երկուսս էլ մկանոտ ջահելներ ենք,-կատակում է երիտասարդ զինվորականն ու թվում իրենց մյուս նմանությունները,- եթե լուրջ՝ երկուսս էլ զինվոր ենք, երկուսս էլ պաշտպանություն ենք իրականացնում, երկուսս էլ պատկանում ենք հայրենիքին»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

կապիտան

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղություն

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ZASTAVA M93 (Սեւ նետ)

«ՍԵՎ ՆԵՏԱՎՈՐԸ»Սերբական արտադրության խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան: Ստեղծվել է 1993 թվականին, արտադրվում է 1998 թվականից: Օգտագործվում է մի շարք երկրների բանակներում:

 

Քաշը՝                                                             14-16 կգ

Երկարությունը՝                                           1670 սմ

Փողի երկարությունը՝                                 1000 սմ

Փամփուշտի տրամաչափը՝                       12,7×99մմ/հիմնական/, 12,7×108մմ /արտահանվող/

Գնդակի սկզբն. արագությունը՝                820 մ/վրկ. (12,7×108 մմ), 888 մ/վրկ. (12,7×99 մմ)

Նշանառու հեռավորությունը՝                   1600 մ

Մեխանիկական վերալիցքավորմամբ

փամփշտատուփի մեջ տեղավորվում է 5 փամփուշտ

Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Ռազմական


12/01/2017