Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒՔ ԵՔ ԳՐԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐԸ



ԴՈՒՔ ԵՔ ԳՐԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐԸԶրույց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՀԵՆՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ

-Պարոն գեներալ, ձմեռային զորակոչը մեկնարկել է, զինակոչիկների առաջին խմբերը արդեն զորամասում են, նախքան ընթացիկ զորակոչի խնդիրներին անդրադառնալը, ուզում եմ խոսենք նախորդ զորակոչի մասին: Արցախյան պատերազմն իր ամբողջ դաժանությամբ, զոհերով, ավերածություններով, այնուամենայնիվ, անցյալում էր մնացել, ու քառօրյա կռիվը առաջին մեծ բախումն էր սահմանին զինադադարից հետո՝ և՛ իր ծավալներով, և՛ տևականությամբ, և՛ զոհերի քանակով: Ինչպե՞ս անցավ քառօրյա պատերազմին հաջորդած զորակոչը հոգեբանական առումով:

-Ի պատիվ մեր ժողովրդի՝ պիտի ասեմ, որ քառօրյա պատերազմին հաջորդած զորակոչի ժամանակ խուճապ չկար, վախ չկար, չկար լարվածության այն աստիճանը, որին սպասում էինք, այլ՝ հակառակը: Ապրիլյան պատերազմի օրերին սահմանին կանգնած զինվորն ու հրամանատարը տեսան, թե ինչպես մեր ժողովուրդը ոտքի ելավ, ամենակարճ ժամկետում կարողացավ հասնել սահման և կանգնել իր բանակի կողքին:

-Զորակոչից խուսափողների քանակը չէ՞ր մեծացել, չէ՞ր ավելացել այն ծնողների թիվը, որոնք ցանկանում են ամեն կերպ ապացուցել, որ իրենց որդին հիվանդ է ու պիտանի չէ ծառայության:

-Մենք հաճախ ենք կրկնում, որ մեր զինվորները հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ են դիմակայելու հակառակորդի հարձակումներին ու զենքով պաշտպանելու հայրենիքը, բայց մոռանում ենք, որ Արցախյան պատերազմում հաղթած ու իր պատմական հողերը ազատագրած մեր ժողովուրդը խաղաղության տարիներին չի կորցրել ռազմիկի հոգեբանությունը, ու հայրենիքի պաշտպանության գաղափարը ամուր նստած է նրա գիտակցության մեջ: Ի վերջո, զինվորները՝ հայ ընտանիքներում դաստիարակված, հայ ժողովրդի մի մասնիկն են, ու ապրիլյան պատերազմի ոգու, հերոսականության աղբյուրը մեր ժողովրդի մեջ է, մեր մայրերի հայրենասիրության ու խիզախության մեջ: Քառօրյա պատերազմին հաջորդած զորակոչին մեր տղաները ավելի պինդ էին, ավելի հաստատակամ, ավելի ուժեղ: Տասնյակ դեպքեր կարող եմ հիշել, երբ զինակոչիկը թաքցնում էր առողջական գանգատները, ամաչում էր ասել, որ հիվանդ է: Առողջական փաստաթղթերում գրված է, որ բարդ հիվանդություններ ունի, բայց զինակոչիկն ասում է, որ իր ինքնազգացողությունը լավ է ու պատրաստ է զորակոչվելու: Այ այդպիսի պատվախնդիր տղաներով ենք համալրում բանակը, այդպիսի հերոս որդիներ են դաստիարակում մեր մայրերը: Ես ինչպես չհպարտանամ իմ այն զորակոչիկով, որը ծանր հիվանդություններ ունի, բայց խնդրում է իրեն բանակ տանել, ասում է՝ ես լավ եմ, հիվանդությունն ինձ չի անհանգստացնում, ուղարկեք գնամ պոստեր, սահման պահեմ:

-Պարոն գեներալ, Դուք Արցախյան պատերազմի մասնակից եք, կամավորական ջոկատի հրամանատար եք եղել, մասնակցել եք բազմաթիվ բնակավայրերի ազատագրման կռիվներին ու շատ լավ գիտեք, թե ինչ ամրություն ու քաջություն է տալիս զինվորին ազատամարտիկի ներկայությունը առաջնագծում, ժողովրդի աջակցությունը: Քառօրյա պատերազմի ժամանակ, թեև զորահավաք չէր հայտարարվել, սակայն երկրապահները և կամավորական առանձին ջոկատներ զինվորների կողքին էին:

-Այո՛, զորահավաք չէր հայտարարվել, բայց կամավորականների խմբերը գալիս էին զինկոմիսարիատներ և խնդրում էին իրենց ուղարկել առաջնագիծ: Զինկոմիսարիատները այդ օրերն աշխատեցին առավելագույն ծանրաբեռնվածությամբ` կամավորական խմբերից կազմելով գումարտակներ և առանձին վաշտեր, գումարտակի, վաշտի հրամանատարներ նշանակվեցին Արցախյան պատերազմի մասնակից զինվորական կոմիսարներ, կոմիսարների տեղակալներ, որոնք կարողացան ճիշտ ու արդյունավետ կազմակերպել կամավորականների մասնակցությունը սահմանների պաշտպանությանը: Քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս ցույց տվեց մեր բարոյահոգեբանական մեծ ներուժը, որը կարծես թե այնքան էլ երևելի չէ խաղաղ պայմաններում: Անհրաժեշտ է, որ մենք ճիշտ շեշտադրումներ անենք ու չկորցնենք հոգեբանական վերելքի խթանները: Հաճախ ժողովուրդը, հասարակ մարդիկ ավելի առողջ ու ճիշտ են ընկալում, գնահատում իրադարձությունները, քան առանձին անհատներ, օրինակ, որոշ լրագրողներ: Մասնակցելով իրենց հողը կյանքի գնով պաշտպանած մեր հերոսների հուղարկավորությանը` ականատես եղա մի պարզ իրողության, որ հասարակ ժողովրդի մեջ չկա այն ընկճվածությունն ու հոգեբանական նահանջը, որը ջանում էին տարածել որոշ լրագրողներ: Մեր ժողովուրդը հերոսին վայել ընդունեց իր քաջերին ու ինքն էլ հերոսացավ նրանց հետ:

– Ես զրուցել եմ ապրիլյան պատերազմի օրերին ճակատ մեկնած բազմաթիվ կամավորականների հետ, որոնք կռվել են նաև Արցախյան պատերազմում: Նրանք ասում են՝ այս սերունդը մեզնից քաջ է…

-Բնական է, որ անկախության սերունդը պիտի քաջ լինի Խորհրդային Հայաստանում ծնված ու խորհրդային գաղափարախոսությամբ կրթված սերնդից: Իմ սերնդի հայրենասիրության աղբյուրը մեր հեռավոր պատմության, մեր պատմավեպերում կերտված կերպարների մեջ էր, իսկ այս սերունդը բախտավոր է մեզնից, քանի որ հաղթանակներն ու հերոսները ապրում, շնչում են իրենց կողքին, և իրենք հերոսանալու ու ավագների կիսատ թողածը ավարտելու հնարավորություն ունեն:

Մենք ցավալի անցյալ ունեցող ազգ ենք, իսկ հին ազգերի գենետիկ հիշողությունը շատ ուժեղ է: Ես Ձեզ մի ձայնագրություն կտամ. պապս պատմում է, թե ինչպես են թուրքերը գաղթի ճանապարհին կոտորել իր 67 հոգանոց գերդաստանը: Հետո, երբ քրդերը եկել են դիակապտություն անելու, տեսել են, որ դիակների տակ մի 7 տարեկան տղա ու մի 9 տարեկան աղջիկ դեռ շնչում են: Այդպես պապս ու իր քույրը փրկվում են: Հետո պապս կորցնում է քրոջը ու կարողանում է գտնել, երբ արդեն 60 անց տղամարդ էր: Սա իմ պատմությունն է, իմ 67 սպանված ազգականներն այսօր բազմապատկված մեծ գերդաստան կլինեին: Սա իմ կորուստն է, և կորստի զգացողությունն ու ցավը, բնականաբար, ժառանգելու է նաև որդիս: Ես վստահ եմ, որ ամեն հայ ընտանիք իրեն սեփական ժողովրդի անցյալին կապող մի պատմություն ունի, իսկ Արցախյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո այդ պատմությունները մենք ենք գրում: Գուցե հիմա չենք զգում, բայց գալիք սերունդները հպարտանալու են մեր ժողովրդի, մեր զինվոր տղաների կերտած պատմությամբ, ինչպես մենք ենք հպարտանում մեր փառահեղ անցյալով: Մեր տղաները գնում են բանակ՝ գրելու հայոց պատմության ամենահերոսական էջերը: Ու սրանք բարձրագոչ բառեր չեն: Այլ ահռելի պատասխանատվություն, որ դրված է բոլորիս ուսերին:

-Երկրի նախագահը իր մի ելույթի ժամանակ ասաց, որ զինվորականությունը պիտի դառնա ազգի սերուցքը ու հասարակության բարոյահոգեբանական առաջընթացի առաջնորդը: Դուք տեսնո՞ւմ եք այդ ներուժը ամբողջ զինվորականության մեջ, թե հղումը ավելի շատ առաջնագծում ծառայող զինվորականներին էր ուղղված:

– Կարծում եմ՝ հղումն ուղղված էր բոլոր նրանց, ովքեր հայկական բանակի համազգեստ են կրում: Ընդ որում, զինկոմիսարիատների աշխատակիցներին՝ առաջին հերթին, որովհետև մենք ամենաշատն ենք շփվում քաղաքացիների հետ և ավելի մեծ հնարավորություն ունենք մեր վարքով, պահվածքով, կերպարով ազդելու հասարակության վրա, ձևավորելու նպաստավոր կարծիք զինվորականության մասին, սերտացնելու և ջերմացնելու բանակ-հասարակություն կապը: Մենք չափացանց կարևորում ենք քաղաքացիների հետ շփման ժամանակ տակտի ու բարեկրթության, հարգանքի ու համբերատարության գործոնը: Ես չեմ զլանա կրկնել, որ զինվորական համազգեստը մեզ հուշում է, ավելի ճիշտ՝ հրամայում է վարքի որոշակի նորմեր ու պարտավորություններ ոչ միայն ծառայության ժամանակ, այլև օրվա բոլոր ժամերին ու առօրյա կյանքում, որովհետև մարդկանց համար դու բանակի, զինվորական խավի խորհրդանիշն ես, ու քո մասին կարծիքը մեխանիկորեն վերագրվում է ամբողջ բանակին ու զինվորականությանը: Ես կարող եմ վստահաբար ասել, որ այս ուղղությամբ մեծ ձեռքբերումներ ունենք: Չեմ կարծում, թե որևէ մեկը այսօր կդժգոհի զինկոմիսարիատի աշխատակիցների վերաբերմունքից կամ կասի, որ հավուր պատշաճի չեն վարվել իր հետ: Բարեկրթությունն ու սրտացավությունը յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ մեր հիմնական պարտականությունների մեջ է մտնում: Երբ դու սրտացավ ես զինվորի ծնողի հանդեպ, նա մտածում է, որ այդպես սրտացավ կլինեն նաև զորամասում իր որդու հանդեպ: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած Ազգ-բանակ գաղափարախոսությունը, ինչպես նշեց նախարարը, ենթադրում է բանակի հանրայնացում, ոչ թե հասարակության ռազմականացում, իսկ բանակը հասարակությանը կապող առաջին օղակը զինկոմիսարիատներն են:

Ավելացնեմ, որ Ազգ-բանակ գաղափարախոսությունը մեր մեջ նստած է այնպես, ինչպես քրիստոնեությունը, որը մենք ընդունել ենք ազգովի, և շարունակում ենք հավատարիմ մնալ մեր էթնիկ ինքնագիտակցությանը:

-Պարոն գեներալ, ակնհայտ է, որ վերջին շրջանում տարեցտարի զորակոչի ընթացքում նվազում են անօրինական դրսևորումները: Այսօր, ես քաղաքացիների կարծիքն եմ ասում, գրեթե անհնար է կաշառքով անօրինական տարկետում ստանալը կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը: Հետաքրքիր է՝ ներդրված մեխանի՞զմն է կատարելագործված, թե կադրերն են պրոֆեսիոնալ …

– Թե մեկը և թե մյուսը: Բուժհետազոտության բազմաստիճան համակարգը գործընթացի մեջ ներգրավվում է տասնյակ մարդկանց, և գործնականում անհնար է դառնում այդքան մարդու կաշառելը: Մենք հնարավորինս փակել ենք բոլոր սողանցքները, նվազեցրել ենք կոռուպցիոն ռիսկերը: Անօրինականության ռիսկեր պարունակող գործառույթներում ընդգրկված են պատասխանատվության բարձր զգացում ունեցող ամենավստահելի ու փորձառու կադրերը: Չենք զլանում և ծնողի ամենաչնչին կասկածը փարատելու համար իրականացնում ենք կրկնակի բուժզննում: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ գրեթե անհնար է հիվանդ զինակոչիկի մուտքը բանակ:

-Իսկ ինչու՝ գրեթե…

-Որովհետև կարող են լինել թաքնված հիվանդություններ, որոնք միանգամից հայտնվելու ու արագ զարգանալու հատկություն ունեն: Դրանք նախնական հետազոտությամբ հնարավոր չէ նկատել: Բայց նման դեպքերը շատ սակավ են՝ մի քանի դեպք զորակոչի ընթացքում: Մենք խնդիր ունենք հաստատուն բարձրացնել վստահության շեմը զորակոչի կազմակերպման օրինականության հանդեպ: Անցյալ զորակոչին ահազանգ ստացանք, որ բոլորովին առողջ, հաղթանդամ մի տղա ընթացիկ զորակոչից տարկետում է ստացել: Բնականաբար, գնացինք ահազանգի հետքերով: Պարզվեց, որ տղան հենց նստատեղի հատվածում մազածածկույթով մեծ խալ ունի: Նման խալերը չարորակ ուռուցքի աղբյուր են, և օրենքը այդպիսի խալեր ունեցողներին տարկետում ստանալու իրավունք է տալիս: Ուզում եմ ասել, որ մարդու արտաքին տեսքից դատելով, չի կարելի որոշել՝ առողջ է նա, թե ոչ: Ոչ էլ կարելի է հիմնվել զինակոչիկի գանգատների վրա:

-Վերջին շրջանում զինկոմիսարիատների աշխատակիցներ են քրեական պատասխանատվության ենթարկվել զինակոչիկներին ապօրինի տարկետումներ տրամադրելու համար:

-Ես քանիցս կրկնել եմ՝ այսօր զարտուղի ճանապարհով տարկետում ստանալը գրեթե անհնար է, ձեր գումարները մի տվեք շառլատաններին, որոնք քիչ չեն հատկապես քաղաքացիական կյանքում: Քաղաքացին գումար է վերցնում հիվանդ զինակոչիկի ծնողից, զինակոչիկը առանց որևէ միջնորդության տարկետում է ստանում, իսկ խաբեբան յուրացնում է ծնողի տված փողը:

-Պարոն գեներալ, համաձայնեք, ոչինչ մեր ժողովրդին այնքան չի ընկճում, որքան խտրականությունը հայրենիքի պաշտպանության գործում, անարդարությունը: Երբ ծնողը տեսնում է, որ իր որդին ձմռան ցրտին, ամռան թեժին կանգնած է առաջնագծում, թշնամու նշանառության տակ, իսկ ֆինանսական կարողություն ունեցող հարևանի տղան վայելում է մայրաքաղաքային կյանքի շքեղությունները: Ե՞րբ կգա այն օրը, երբ բոլոր մեծահարուստների ու պաշտոնյաների զավակներն առանց որևէ խտրականության, առանց որևէ բացառության կհամալրեն բանակը ու մյուսների հետ կողք կողքի կկատարեն զինվորական պարտքը:

-Այդ օրը կգա այն ժամանակ, երբ վերացվի զինակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից ուսման նպատակով տրված տարկետումը, և 18 տարին լրացած՝ զինծառայության համար պիտանի բոլոր զինակոչիկները զորակոչվեն բանակ:

-Պարոն գեներալ, խաղաղություն ու բարի ծառայություն մաղթենք մեր բոլոր զինակոչիկներին:

-Թող բարով գնան, պատվով ծառայեն, փառքով վերադառնան տուն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


12/01/2017