ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ. ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՆԱՉԱՌ
Տարեցտարի ավելի ամուր հիմքերի վրա է դրվում զորակոչի գործընթացը: Այս տարվա զորակոչին մի շարք կարեւոր նորամուծություններ են արվել, որոնք այն առավել արդյունավետ եւ անաչառ դարձնելու միտում ունեն:
Հիմնական փոփոխություններից մեկը հենց կենտրոնական հավաքակայանում զորակոչիկներին համազգեստով հանդերձավորելն է: Այսպիսով կբացառվեն հավաքակայանից ծառայավայրեր տեղափոխվելու ճանապարհին մրսելու դեպքերը, և նորակոչիկն արդեն իսկ հոգեբանորեն կսկսի իրեն զինվոր զգալ: Հաջորդ նորամուծությունն այն է, որ զորակոչիկի հարազատներից երկուսը հատուկ կահավորված սպասասրահում տեսադիտարկման համակարգի միջոցով հնարավորություն ունեն հետևելու վիճակահանության ընթացքին: Երիտասարդները պատահականության սկզբունքով թմբուկից ընտրում են այն զորամասի տեղակայման վայրը և համարը, որտեղ անցկացնելու են իրենց պարտադիր ժամկետային զինծառայությունը: Հիմք ընդունելով զորակոչիկի զինծառայությանը միանգամայն պիտանի լինելը, նրա գիտելիքներն ու ունակությունները՝ ուսումնական զորամասերի համար ընտրված զորակոչիկները այսուհետև կդասակարգվեն նաև ըստ հումանիտար և տեխնիկական կրթության ոլորտների՝ ստանալով հետևյալ տարբերանշանները՝ «ՈՒՀ»-ուսումնական հումանիտար, «ՈՒՏ»-ուսումնական տեխնիկական, «ՈւԽ»-ուսումնական խոհարար և «ՈՒՎ»՝ ուսումնական ուժակուտակչագործ վարպետ: Առանձին վիճակահանություն կլինի նաև երաժիշտ մասնագետների, պատվո պահակախումբը և հատուկ նշանակության ստորաբաժանումները համալրելու պատրաստվող նորակոչիկների համար: Սա հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ բաշխելու զորակոչի ենթակա մասնագիտական ռեսուրսն ու ստորաբաժանումները համալրելու բանիմաց կադրերով:
Առանձին փոփոխություններ են տեղ գտել նաև հանրապետական կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի աշխատանքներում, որի նախագահ, բուժծառայության մայոր Վադիմ Էլիզբարյանի խոսքով՝ իրենց գլխավոր գործառույթը նորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ վերջնական գնահատական տալն է: «Դեպքեր են լինում, երբ սուր վարակիչ հիվանդություններով՝ թոքաբորբով, բարձր ջերմությամբ են ներկայանում, կամ այնպիսի իրավիճակ է, որ անհրաժեշտ է շտապ հոսպիտալացնել նորակոչիկին: Նման դեպքերում մենք բժշկական հետազոտություններ կատարելուց հետո որոշում ենք՝ ստացիոնա՞ր, թե՞ այլ կարգով իրականացնել բուժումը: Հավաքակայանում իրականացնում ենք անհրաժեշտ առաջնահերթ հետազոտությունները՝ կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, մարմնազննություն, չափում ենք ջերմությունը: Եթե անհրաժեշտ է այլ կարգի հետազոտություն, զորակոչիկին ուղեգրով ուղարկում ենք Կենտրոնական կլինիկական հոսպիտալ»:
Ձմեռային զորակոչի առաջին օրը՝ հունվարի 8-ին, զորակոչի գործընթացին, դրանում տեղ գտած փոփոխությունների կիրառմանը հետևելու նպատակով հանրապետական կենտրոնական հավաքակայանում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՊՆ ու ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպեց զորակոչիկների հարազատների հետ, վստահեցրեց, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ նրանց զավակների զինծառայությունը ապահով և արդյունավետ կազմակերպելու համար: Նախարարը եղավ զորակոչիկների ընդունման կետում, բուժզննման սենյակներում և վիճակահանության սրահում: Շրջայցի ընթացքում Վիգեն Սարգսյանը հանդիպեց նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, պատասխանեց նրանց հարցերին, խոսեց զորակոչի ընթացքի և ստացած տպավորությունների մասին:
-Հերթական անգամ ուղղակի հիացրեց մեր տղաների ոգին ու վճռական տրամադրվածությունը: Զինվորների հանդերձավորումը հավաքակայանում իրականացնելը վստահ եմ՝ շատ ճիշտ որոշում է և զինծառայողների համար շատ կարևոր խորհրդանշական գործողություն: Մյուս՝ արդեն կիրառվող նորույթն այն է, որ վիճակահանությամբ է որոշվում այն զորամասը, որտեղ անցնելու է նորակոչիկի ծառայությունը: Հաշվի են առնվում որոշ հանգամանքներ՝ ծառայության պայմանները, ընտանեկան դրությունը, ուսումնական զորամասերում ծառայություն անցնելու հնարավորությունն այն զորակոչիկների համար, ովքեր ունեն համապատասխան նախադրյալներ: Թմբուկներում հավասարաչափ բաշխված են բոլոր զորամասերը: Իհարկե, հասկանալի է, որ մեր մարտահրավերներն ու խնդիրները այնպիսին են, որ, Աստված մի արասցե, լարվածություն առաջանալու դեպքում, մենք բոլորս էլ հայտնվելու ենք այն վայրում, որտեղ դրա կարիքը ավելի շատ կլինի՝ անկախ այն բանից, թե ով որտեղ, որ զորամասում է ծառայում: Զինված ուժերի շահերից է բխում, որ զորակոչվեն և ծառայության անցնեն այն երիտասարդները, ովքեր ֆիզիկապես ի վիճակի են ծառայությունն անցնելու առանց բարդությունների: Մենք, իհարկե, տարբերակված մոտեցում ունենք ոչ շարային կամ հատուկ պայմաններով ծառայություն անցնող, առողջական սահմանափակումներ ունեցող զինակոչիկների նկատմամբ: Բուժզննումը չի սահմանափակվելու մինչծառայական շրջանով. զորամասերում էլ զինվորները մշտապես գտնվելու են բժշկական հսկողության տակ:
Լրագրողներին հուզող հարցերին պատասխանեց նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ վստահեցնելով, որ զորակոչի իրականացմանը ներգրավված բոլոր պատկան մարմինները վճռական են արդարության և անաչառության սկզբունքը խստագույնս պահպանելու հարցում:
♦♦♦
Հանդերձասրահում զորակոչիկները հերթով մոտենում են, ստանում իրենց նոր համազգեստը և փորձում: ՀՀ ԶՈՒ Թիկունքի վարչության զինծառայողները հետևում են, որ հագուստը ճիշտ զինվորի չափսով լինի, օգնում են ըստ կարգի հագնել անհրաժեշտ պարագաները:
-Ինչպե՞ս եք ձեզ զգում զինվորական համազգեստի մեջ,-հարցնում եմ իրենց նոր համազգեստը խանդավառությամբ ուսումնասիրող տղաներին:
-Մեզ արդեն ծառայության մեջ ենք զգում,- անթաքույց հպարտությամբ ասում է Արամը,- լավ է, որ համազգեստով ենք մեկնելու զորամաս ու անմիջապես ծառայության ենք անցնելու:
-Շատ ուրախ ենք,- ավելացնում է Արմենը,- վաղուց սպասում էինք այս օրվան: Հպարտ ենք, որ գնում ենք պաշտպանելու մեր հայրենիքը:
Արամն ու Արմենը շատ նման են. աչքերի նույն արտահայտությունն ու ժպիտը ունեն:
-Երկվորյակներ,- ժպիտով պատասխանում են տղաները:
Բարի ծառայություն եմ մաղթում նրանց ու մտնում սպասասրահ, որտեղ ծնողները, շունչները պահած, սպասում են վիճակահանության մեկնարկին: Նրանց մեջ է նաև զույգ զորակոչիկների հայրը՝ Նվեր Քոչարյանը:
-Հպարտ եմ, որ երկու տղաներս էլ առողջ են և կարող են ծառայել հայրենիքին: Իհարկե, քաջալերում ենք, խորհուրդներ ենք տալիս՝ լինել զգոն, կարգապահ, մաքրասեր, ոչ մի դժվարությունից չվախենալ: Տղաներս համարձակ են, նրանց վրա, կարծում եմ, հատկապես ազդել է կրտսեր եղբորս օրինակը, որ Արցախյան պատերազմի մասնակից է:
Մոտենում եմ զրույցի բռնված մայրերին:
-Մենք պետք է ամուր լինենք, որ մեր լավ տրամադրությունը փոխանցվի տղաներին, – ասում է Սուսաննան:- Կարելի է ասել՝ մարտական ենք տրամադրված: Ուրախ-ուրախ գնում են, մենք էլ փորձում ենք միայն լավը մտածել: Անչափ հպարտանում ենք նրանցով:
-Ծնողների համար միշտ էլ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ի՞նչ կլինի, ո՞նց կլինի. այնպես որ, կարծում եմ, անհանգստությունը լիովին բնական է,- լրացնում է տիկին Աշխենը:- Շատ լավ է, որ այս ընթացքում մեզ նաև տեսահոլովակների տեսքով տրամադրվեց ամբողջական տեղեկատվություն. ծանոթացանք մեր իրավունքներին, վիճակահանության կարգին ու ընթացքին: Մեր աչքով տեսնում ենք, թե ինչպես է կատարվում ընտրությունը:
-Ազգությամբ եզդի եմ,- ասում է Թենգիզ Բրոյանը,- երկու որդի ունեմ, երկուսն էլ ըմբշամարտիկ են: Մենք այսօր հայ ազգի հետ միասին պաշտպանում ենք մեր ընդհանուր հողն ու ջուրը: Ես իմ որդիներին ասել եմ. «Ուրախ, բարձր տրամադրությամբ կգնաք, կծառայեք ու հետ կգաք»: Մեծ որդիս՝ Բրոյան Միշան, ապրիլյան պատերազմի մասնակից է, ավագ սերժանտ: Այսօր էլ Միրոյիս եմ ճանապարհում:
Միրոյին հանդիպեցի վիճակահանության ավարտին. հաղթանդամ տղա է, լուրջ, ինքնավստահ:
-Ամեն, ամեն ինչից շատ գոհ եմ,- ասում է Միրոն,- սեփական փորձով համոզվեցի, որ մաքուր, արդար ընտրություն է: Պատրաստ եմ ծառայության:
Քնար Թադևոսյան
մայոր
Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում