ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրերս հերթական զորակոչի մեկնարկը հանդիսավորությամբ ազդարարվեց խորհրդանշական վայրում՝ Սարդարապատի հուշահամալիրում:
Արմավիրի մարզից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու, հիշարժան օրը զորակոչիկների ու նրանց հարազատների հետ կիսելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, բարձրաստիճան զինվորականներ, այլ պաշտոնյաներ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտում մարտնչած և հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարին:
Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը օրհնության խոսք հղեց զորակոչիկներին՝ կոչ անելով սրբությամբ ու հավատով պաշտպանելու և անառիկ պահելու հայրենի եզերքի սահմանները:
Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ծառայության մեկնող յուրաքանչյուր երիտասարդ այս պահից սկսած այլևս դառնում է հայրենիքի պաշտպան, հայոց բանակի արժանի զինվոր, որին նայելով հասարակությունը գիտակցում է՝ հայրենիքը հուսալիորեն պաշտպանված է: Զինված ուժերի հրամանատարությունն իր հերթին անում է հնարավորը, որպեսզի բանակային երկու տարիները ծառայեն ի նպաստ հայ զինվորի գիտելիքների ու հմտությունների հարստացման, նրա հայրենասիրական հատկանիշների առավել բարձրացման:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց զորակոչիկների ծնողներին՝ զավակներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար: Սերունդ, որ քաջ գիտակցում է զինվորական ծառայության դերն ու նշանակությունը:
Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Ազգային բանակ