ԻՐԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԾՈՎԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 7-ին Բաբ Էլ Մանդեպ նեղուցի մոտակայքում (Եմեն) լուրջ մարտեր են ընթացել Եմենի սուննի կառավարական զորքերի և Հութի իրանամետ շիական խմբավորման միջև: Երկու կողմից զոհվել է շուրջ 70 մարդ: Մարտերը շարունակվել են նաև հաջորդ օրը: Կառավարական ուժերը փորձել են գրավել նեղուցը վերահսկող Դհուբաբ ռազմական հենակետը, բայց ապարդյուն: Հութի խմբավորման զինյալները նույնիսկ արձակել են բալիստիկ երկու հրթիռ, որոնք, սակայն, խոցվել են կառավարական զորքերին աջակցող Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգի միջոցներով: Միջադեպին հետևել է Իրանի կոշտ արձագանքը:
Բաբ էլ Մանդեպ նեղուցը Կարմիր ծովը կապում է Հնդկական օվկիանոսին: Դեռ 2015 թվականի հոկտեմբերին այն վերահսկում էին Եմենի կառավարական ուժերը: 2016 թվականին Դհուբաբ հենակետը ձեռքից ձեռք էր անցնում, թեև շիաները վերահսկում են նեղուցից հյուսիս Եմենի կարմիրծովյան ամբողջ ափը: Սեպտեմբերին ու հոկտեմբերին նրանք նույնիսկ արգելեցին ամերիկյան և ԱՄԷ ռազմանավերի տեղաշարժը նեղուցներով: «Ընդդիմադիրներին» ճնշելու համար Եմենում գործում են Սաուդյան Արաբիայի կանոնավոր զինված ուժերը, ինչը չի կարող չանհանգստացնել Իրանին: Վերջինս շարունակաբար զինում է շիաների ստորաբաժանումները:
Նոյեմբերին Թեհրանը հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հենակետեր ստեղծել Սիրիայում և Եմենում: Փորձագետների գնահատմամբ՝ նման քայլը կարող է ավելի նշանակալից լինել, քան Իրանում միջուկային զենքի ստացումը: Սա առաջին դեպքն է, երբ իրանական ղեկավարությունը հայտարարում է իր պետության սահմաններից դուրս գալու հնարավորության մասին: Մինչև 2017 թվականի առաջին շաբաթը, Թեհրանի հայտարարությունը լուրջ չէր ընկալվում միջազգային հանրության կողմից, սակայն 70 զոհը և հրթիռների կիրառումը արդեն իսկ վկայում են այս կարևոր հանգույցի համար վճռական պայքարի մեկնարկի մասին:
Եմենը բացառիկ ռազմավարական նշանակություն ունի. նրա մոտով են անցնում Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսի հետ կապող բոլոր ուղիները: Ժամանակին դա լավ էին հասկացել եվրոպացիները: 1839 թվականին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող խոշորագույն Ադեն նավահանգստին տիրացան անգլիացիները, ինչը նրանց հնարավորություն տվեց վերահսկելու Հնդկաստանի հետ առևտուրը, ինչպես նաև հիմնելու խոշոր հենակետ Հնդկաստանն ամբողջությամբ գաղութացնելու համար: 1869 թվականին Սուեզի ջրանցքի բացումից հետո Եմենի նշանակությունը միջազգային ասպարեզում էլ ավելի մեծացավ: 1873 թվականին Օսմանյան կայսրությունը պաշտոնապես ճանաչեց Ադենի անցումը Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ: Բրիտանական տիրապետությունն այստեղ ավարտվեց 1960-ական թվականներին:
Դրանից հետո շուրջ հինգ տասնամյակ Եմենում պարբերաբար քաղաքացիական բախումներ են տեղի ունենում հիմնականում կրոնական շիա մեծամասնության և սուննի փոքրամասնության միջև: Եմենում հենակետի ստեղծումը Իրանին հնարավորություն կտա անմիջապես աջակցելու շիա բնակչությանը: Խանգարում է միայն Եմենի շուրջ 10 տարի տևող ամերիկա-սաուդյան շրջափակումը: Հոկտեմբերին ամերիկյան նավատորմը հինգ անգամ արգելափակել էր իրանական նավերի մուտքը եմենյան նավահանգիստներ, և Իրանը ստիպված էր շիաներին աջակցել Օմանի տարածքով:
Բացի այլ օգուտներից, իրանական նավերը կկարողանան մուտք գործել նաև Միջերկրական ծով, ինչը կչեզոքացնի կախվածությունը Իրաքից և Թուրքիայից: Իրանը ծովային գերտերություն դարձնելու ձգտումների մասին առաջին անգամ հայտարարել էր Իսլամական Հանրապետության ՌԾՈւ ղեկավար Հաբիբոլլա Սայարին դեռ 2014 թվականին: «Մեր նավերը վերահսկելու են ոչ միայն Աֆրիկայի և Ասիայի ափերը, այլև հատելու են Ատլանտյան օվկիանոսը»: Այդ ուղղությամբ Թեհրանն արդեն լուրջ քայլեր է անում: 2014-2016 թվականներին իրանական ռազմածովային նավատորմը վարժանքներ է անցկացրել Չինաստանի և Հնդկաստանի հետ:
Իրանի ռազմածովային բազաները տեղակայված են Պարսից ծոցում (Բենդեր Աբաս, Բուշեր, Չաբահար, Բենդեր Խոմեյնի) և Կասպից ծովում (Բենդեր Էնզելի, Մեհշեդ): 45-հազարանոց անձնակազմով նավատորմի ռազմածովային տեխնիկայի հիմնական մատակարարները Ռուսաստանը և Չինաստանն են: Ներկայումս աշխատանքներ են տարվում սեփական արտադրության սուզանավի ստեղծման ուղղությամբ: Իրանական ռազմածովային ուժերը գրեթե ամբողջությամբ վերահսկում են Պարսից ծոցի ավազանը, անկաշկանդ են Հնդկական օվկիանոսում: Վերջին մի քանի տարվա ընթացքում ավելացել են ամերիկյան ռազմանավերի հետ ընդհարումների դեպքերը:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավ. լեյտենանտ