ՎՌԱՄԸ, ԼԵԴԻՆ, ՀԱՅԴՈՒԿՆ ՈՒ ԲՈՂՈՃԸ
Երբ դու լրագրող ես ու հարցազրույց անելու նպատակով զանգում ես անծանոթ մեկին, իսկ նա, դեռ անունդ կարգին չիմացած, հարցնում է՝ տա՞ք ես սիրում, թե՞ ցուրտ, համաձայնեք, առնվազն մի քիչ տարօրինակ է: Իսկ երբ իմանալով, որ տաքություն ես սիրում, ավելացնում է՝ դե լավ, բողոճին կկարմրեցնեմ, մինչև գաս, սկսում ես զղջալ, որ համաձայնել ես նրա տուն գնալ:
…Բողոճը կաս-կարմիր է կտրել: Ես հենց նոր եմ պարզել, որ Բողոճը 90-ականներից մնացած վառարանի անունն է: Դրսի ճքճքան ցրտից հետո Բողոճին չսիրելն անհնար է: Ես չեմ հարցնում, թե ինչու են վառարանի անունը Բողոճ դրել, որովհետև նրա տեսքին նայելիս ամեն ինչ պարզ է դառնում:
-Գազի բալոն է,- Ասում է Արմենը,- ցուրտ ու մութ տարիներին հորեղբայրս է սարքել: Բողոճի վրա եփած սուրճը աննման է, բա ինչ համով պլեճ է անում: Շատ հավատարիմ ու դիմացկուն դուրս եկավ էս Բողոճը, 25 տարվա մեջ գոնե մի անգամ պադվադիտ չարեց….
-Ապրի Բողոճը: – Ես էլ չգիտեմ՝ ինչ ասեմ: Մնում է միանամ Բողոճի գովքին:
– Վառարան շատ եմ սիրում, – ասում է Արմենը, – Մենք չորս հատ վառարան ենք ունեցել՝ Վռամը, Լեդին, Հայդուկն ու Բողոճը: Վառարանը ընտանիք է, ջերմություն է, սեր, համերաշխություն, ուրախություն…
…Մենք նստել ենք վառարանի մոտ՝ փոքրիկ աթոռներին ու իրար օգնելով սուրճ ենք եփում: Հավասար կտրատված փայտերը ճրթճրթալով այրվում են, վառարանի անցքերից պոկված լույսերը թրթռում են պատին, իսկ քրտնած լուսամուտին հոսող կաթիլները պատկերներ են գծում…
– Վռամին բերին, երբ ես շատ փոքր էի, երևի 4-5 տարեկան: Ասում էին, որ դրան Վռամ քեռին է բերել Արտաշատից: Կարոֆիլի հետ է փոխել: Դրա համար անունը կպել էր Վռամ: Վռամը փայտի վառարան էր՝ երկար ու տափակ: Փոքրիկ, կլոր անցքերով դուռ ուներ: Երբ Վռամն սկսում էր ծխալ, պապաս ասում էր՝ ափսոս էր էն կարտոֆիլը, որ տվինք քո փոխարեն: Ես շուտ էի արթնանում, որ մասնակցեմ վառարանը վառելու արարողությանը: Հայրս օգնում էր, որ կապեմ կոշիկներիս թելերը, հետո ուղղում էր ականջակալերով գլխարկս, որովհետև ես միշտ գլխարկս թեք էի դնում, ու մորթե ականջները ծռվում էին: Ետնաբակ դուրս գալու համար մենք անցնում էինք մեծ եղբորս՝ Հրայրի ննջարանով: Նա քնած էր լինում այդ ժամանակ: Հայրս վերմակը քաշում էր վեր ու ծածկում եղբորս ուսը: Հետո մենք մտնում էինք խոհանոց: Դեռ հեռվից լսվում էր գդալների զնգզնգոցը. մայրս նախաճաշ էր պատրաստում մեզ համար: Նա դեղին, մեծ պտերով գոգնոց և սպիտակ գլխաշոր էր կապում: Մայրս միայն խոհանոցում էր գլխաշոր կապում: Երբ մենք մտնում էինք խոհանոց, մայրս ժպտում էր ու ասում՝ բարի լույս վառարանը վառողներին: Ես խնամքով ծալում էի պարկը ու դնում թևիս տակ. դա իմ պարտականությունն էր: Հետո ես ու հայրս գնում էինք ետնաբակ ձյուների միջով: Չարդախում փայտերը լցնում էինք պարկի մեջ, հայրս շալակում էր պարկը, ու մենք գալիս էինք տուն: Մի քանի րոպե անց վառարանն սկսում էր երգել: Ու հայրս ասում էր՝ գնա, եղբորդ արթնացրու: Ես շատ էի սիրում արթնացնել Հրայրին. մենք խաղում էինք իրար հետ, գզվում էինք, քաշքշում էինք վերմակը, բարձով խփում էինք իրար ու ծիծաղում էինք բարձրաձայն: Եղբայրս ինձ շատ էր սիրում ու երբեք չէր նեղացնում: Հետո մենք բոլորս կաթնահունց էինք ուտում….Դու գիտես՝ ի՞նչ է կաթնահունցը: Լա՞ց ես լինում…
– Երբ ես փոքր էի, մենք էլ փայտի վառարան ունեինք: Եվ ես ու հայրս սիրում էինք մորս պատրաստած տաք կաթնահունցով թեյ խմել: Ես լրիվ մոռացել էի մեր վառարանը….Հիշեցի ու կարոտեցի:
…-Հարցազրույցը մնաց,- ասում է Արմենը:
– Հարցազրույցը չի փախչի, Դուք Լեդիի մասին պատմեք….
Արմենը ժպտում է: Նա դարակից մի սպիտակ թուղթ է հանում ու սկսում է մատիտով ինչ-որ բան խզմզել սպիտակ թղթին:
– Երբ Լեդիին բերեցին, ես սիրահարված էի: Լեդին սալյարկայի վառարան էր, գեղեցիկ կորերով, մուգ մոխրագույն: Իսկական գեղեցկուհի: Հայրս շուկայից էր առել: Վռամը մի քանի տեղից ծակվել էր, ու հայրս մի օր Լեդիին առած եկավ: Եղբայրս այդ ժամանակ համալսարանում էր սովորում ու շաբաթը մեկ էր գյուղ գալիս՝ միայն կիրակի օրերը: Երբ բոլորը քնում էին, ես նստում էի Լեդիի մոտ, գորգի վրա, մեջքս հենում էի տաք պատին ու նկարում էի: Ես շատ էի սիրում նկարել: Մինչև հիմա էլ սիրում եմ:
…Երբ առաջին անգամ նամակ գրեցի իմ սիրած աղջկան, նստած էի նույն տեղում, նույն դիրքով, Լեդիի կողքին: Լեդին մեկը մյուսի հետևից կուլ էր տալիս իմ նամակները: Որովհետև դրանք մի քանի օր պայուսակիս մեջ պահելուց հետո ես հանձնում էի Լեդիին ու նորն էի գրում:
Այդ օրը ես հաստատ որոշել էի նամակս խցկել նրա պայուսակը: Բայց գրականության դասը դեռ չավարտված՝ ինձ ուսուցչանոց կանչեցին: Այնտեղ համարյա բոլոր ուսուցիչներն էին հավաքվել: Երբ ես ներս մտա, մի քանի վայրկյան լռություն տիրեց, հետո դասղեկս ասաց, որ հայրս էլ չկա: Ինֆարկտ: Նույնիսկ չէին հասցրել բժիշկ կանչել:
Արմենը փայտ է գցում վառարանի մեջ, ու կրակը լուսավորում է նրա կիսադեմը: Արմենը կապույտ աչքեր ունի, փոքրիկ մորուք: 40-ն անց տղամարդ է, բայց աչքերը երեխայի աչքերի նման անմեղ են ու զարմացած:
-Խնձոր սիրո՞ւմ ես…
Ես գլխով եմ անում: Արմենը ոսկեգույն խնձորները խնամքով շարում է ափսեի մեջ, հետո կիսում է դրանցից մեկը, բաժանում մասերի ու մի կտոր մեկնում ինձ: Ես վերցնում եմ խնձորն ու բնազդաբար ծամում:
-Իսկ ի՞նչ եղավ նամակդ…
– Այդպես էլ մնաց պայուսակիս մեջ: Դա իմ վերջին նամակն էր: Էլ չգրեցի: Երբ նա ամուսնացավ, եղբայրս արդեն բերել էր Հայդուկին:
Ես ձգվում եմ, որ տեսնեմ, թե ինչ է նկարում Արմենը, բայց չեմ կարողանում. հեռու է նստած:
-Հայդուկը ածուխի վառարան էր: Անունը եղբայրս էր դրել: Այնքան ուժեղ էր տաքացնում, որ շոգից բացում էինք լուսամուտները: Ես ուսանող էի արդեն: Եղբորս մարտական ընկերները հավաքվում էին մեր տանը, երբ մի քանի օրով իջնում էին դիրքերից: Զենքերը շարում էին Հայդուկի կողքին ու պառկում էին գորգի վրա՝ մեկի գլուխը մյուսի ծնկին: Բոյով, թիկունքը լայն, մորուքը խռիվ տղերք էին: Խոսում էին բարձր, ծիծաղում էին զրնգուն ու սուրճը թեյի բաժակով էին խմում: Մայրս տապակած կարտոֆիլը լցնում էր լավաշի մեջ, վրան թթու վարունգ էր դնում ու բրդուջ արած տալիս էր նրանց: Ամեն մեկին՝ մի ահռելի բրդուջ: Մի Գոռ կար, ամեն անգամ բրդուջը վերցնելիս, մորս մատները համբուրում էր: Մայրս էլ կռանում էր ու նրա սև, գանգուր մազերն էր համբուրում: Մայրս Գոռին շատ էր սիրում: Գոռի մայրը վաղուց էր մահացել, ու նա մորս մամի էր ասում, ինչպես իր մորն էր կոչել մանկության տարիներին: Ես նստում էի տղերքի կողքին ու լսում էի նրանց պատմությունները պատերազմի մասին: Սկզբում Գոռը զոհվեց, հետո եղբայրս:
…Ես ձեռքով մաքրում եմ պատուհանը. երկնքից ափաչափ փաթիլներ են թափվում:
– Հայդուկը մնաց գյուղում՝ մորս մոտ, ես Բողոճին հետս քաղաք բերեցի: Ինչ արի-չարի, մայրս քաղաք չեկավ, ասաց՝ հորդ ու եղբորդ չեմ թողնի: Ասաց՝ համ էլ որ քաղաք գամ, դու ամուսնացողը չես: Որ մենակ մնաս, մեկին կգտնես, ընտանիք կկազմես: ….Ընտանիք: Երկու որդի եմ ուզում՝ Հրայր ու Գոռ:
Ես փակում եմ աչքերս ու պատկերացնում, թե ինչպես են երկու սիրուն փոքրիկներ վազվզում Բողոճի շուրջը, մեղմ ու սիրուն մի աղջիկ նախաճաշ է պատրաստում առավոտ կանուխ, իսկ Բողոճը գվվում է տաք ու երջանիկ:
-Մթնում է, ես պիտի գնամ:
– Հարցազրույց չարեցինք, Հրայրի մասին չպատմեցի:
-Մի ուրիշ անգամ:
– Հրայրը ամենալավ եղբայրն էր, ամենալավ որդին, ամենալավ ընկերը, ամենալավ կռվողը…
-Գիտեմ:
Երբ մոտենում եմ դռանը, աչքս ընկնում է սեղանին դրված թղթին. այնտեղ մի տղամարդ է պատկերված, մի կին ու մի վառարան….
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #02 (1173) 18.01.2017 - 24.01.2017, Հոգևոր-մշակութային