Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ



ՆՎԻՐԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸՈ՞Վ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ:

Եղան ռազմամոլ ազգ ու ցեղեր, որ փորձեցին պատմության մեջ մնալ արյունարբու նվաճումներով ու բարբարոսական ասպատակումներով: Չկարողացան. ժամանակների հողմը նրանց ցաքուցրիվ արեց մոռացության անապատներում: Նրանց քաջությունը, մերկ ու անողոք, զարդարված չէր հող, պատիվ, հիշատակ, որևէ սրբազան արժեք փրկելու առաքինությամբ: Հայ զինվորը ընդհանուր ոչինչ չի ունեցել պատմության այս հրոսակների հետ: Ուրեմն ո՞վ է նա:

Եղան նաև բարեպաշտ ազգեր, որ հույս ունեին հավերժությանը որդեգրվել` քնքշածոր տավիղներ հնչեցնելով, գթության ու սփոփանքի խղճահարույց աղոթքներով: Սրանց վերջն առավել ողբալի եղավ, որովհետև զենքից խուսափելով` անհաղորդ էին մնացել նրա ոգեփրկիչ հրաշքին: Սրանց հետ էլ հայ զինվորը որևէ  առնչություն չունեցավ: Մեծ ժամանակի հրապարակներում մնացին նրանք, ում հոգում հարազատ սքանչելիքների ձայն ու բուրմունք կար, ձեռքին` դրանք ամեն չարից փրկելու առնական զենք:

Այո՛, անիծված է այն ազգը, որը ծնում է միայն մոլեռանդ զինվորներ, ու նաև ոչ երանի նրան, ով նախընտրում է իր խաչը տեղ հասցնել մտրակների ու նվաստանքների տակ երկտակվելով: Կործանված ցեղերի անհիշատակ շիրիմները շրջանցելով մենք տեղ հասանք, որովհետև Գողթան երգերն ու ծաղկագիր մատյանները բերում էինք զենքի հովանու ներքո: «Հայ զինվոր» ասվածը պատմության խորքերից հառնող գաղափար է, ճշմարտություն, դավանանք, որ ազգը կրում է իր զավակների մեջ: Այն չի ենթարկվում հասարակարգային ու ժամանակագրական ալեկոծումների, չի կերպափոխվում քաղաքական մթնոլորտների ճնշումից և ենթարկվում է միայն մեկ հրամանի` ցեղի արյան կանչին: Թե չէ ո՞վ էր ծանուցագիր հղել Ավարայրի Մամիկոնյան մեծ տիկնոջն ու Առաքել շինականին, Սարդարապատում ո՞ւմ ոգեկոչումով էին կռվում սուրբ հայրերն ու աշխարհազորային քաջերը: Բայց ինչո՞ւ  հեռանալ պատմության խորքերը, երբ «հայ զինվոր» պատմական գաղափարն առնական շքեղությամբ մարմնավորվում է նաև այսօր, մեր աչքերի առջև: Նոր այս ժամանակաշրջանում դա սկսվեց 1988-ի փետրվարից հետո, երբ ադրբեջանական հորդաները արյան մոլուցքով բարձրացան մեր արդար պահանջատիրության դեմ: Ալեկոծումի վիթխարի պահեր էին, շրջվեցինք` տեսանք մեզ հետ, մեր կողքին կանգնած տղերքը չկան. ցեղի արյան կանչը նրանց մեջ ավելի շուտ էր հնչել` գնացել էին կռվի: Բայց զինվորնե՞ր էին նրանք: Եթե նույնիսկ այո, սրճարաններում և ընդհանրապես մեր ամենօրյա մտերմության ընթացքում չէինք զգացել: Գուցե իրենք էլ չգիտեին: Գրող ու նկարիչ, բժիշկ ու դասախոս մեր ընկերների ձայնը մենք արդեն պիտի լսեինք մեծ կռիվների միջից ու հպարտանայինք, որ նրանք մեր ընկերներն են: Ու օրերի հետ պիտի ինքներս էլ կամաց-կամաց լցվեինք ըմբոստության ղողանջով:

Հայ զինվոր… նրա ականջները լսում և  նրա աչքերը տեսնում են միայն հայրենիքի ու ժողովրդի դեմ բարձրացող վտանգները: Մի փորձեք նրան կաշկանդել գաղափարական ու քաղաքական սահմանակապերի մեջ, քանզի ինքը հենց պատմական մեծագույն գաղափարն է և իր մեջ կրում է ամենաճշմարիտ քաղաքականությունը, որն ավելի պարզ կոչվում է նվիրաբերում: Մի շտապեք նրա սխրանքը համարել ձեր ոգեշնչման արդյունք և հարկադրական նահանջի պահերը` ձեր ծրագրով չառաջնորդվելու հետևանք: Դա սրբապղծություն կլինի: Չէ՞ որ բոլորս էլ հայ զինվոր ենք` հողի մշակ, թե բանաստեղծ, ինժեներ, թե հոգևորական: Եվ ոչ թե ողբերգություն կամ ափսոսանք, այլ հզոր կորով կա այն պահի մեջ, երբ գալիս է նվիրաբերման ժամանակը, և ձեռքը զենքի պարզելով`  ծաղկաբույծը հրաժեշտ է տալիս քրիզանթեմներին, գրողը` ամբողջացող կերպարներին, շինարարը` կառույցի անավարտ պատերին: Այսպես պետք է լինի: Պետք է կարողանանք ի վերուստ մեզ տրված ժամանակի ամբողջ ընթացքում մեր մեջ աշխարհիկ-կենցաղային ապրումի նստվածքներից մաքուր պահել այն ակունքը, որից անհրաժեշտ պահին պիտի բարձրանա ցեղի արյան ձայնը: Այսպես պիտի ապրենք:

 

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #02 (1173) 18.01.2017 - 24.01.2017, Բանակ և հասարակություն


18/01/2017