ՏՈՆԸ՝ ՏՈՆ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ…
Արցախի պաշտպանության բանակի հարավային թեւի միավորման շտաբի բակում զինվորական «Ուազը» սպասողական վիճակում է. մեքենայի շարժիչն աշխատում է, դռները բաց են: Երբ վաղ առավոտյան այստեղ էի գալիս, երկմտում էի. «Տոնական օր է, տեսնես մարդու կհանդիպե՞մ»: Այնինչ միավորման շտաբի պետ, գնդապետ Ժիրայր Պողոսյանն ու ծառայության պետերը ճանապարհվում են մարտական դիրքեր` հերթական հանկարծակի ստուգումն իրականացնելու:
«Տոներ ու հանկարծակի ստուգում. ախր, իրար հետ չբռնող բաներ են»,-տեղավորվում եմ մեքենայում եւ քթիս տակ անորոշ խոսում:
-Տոնը՝ տոն, իսկ ծառայությունը ուշադրություն է պահանջում: Մեզ թուլանալ չի կարելի,-ասում է շտաբի պետը եւ «Ուազում» իրեն ուղեկցող սպաների հետ գործնական հրահանգավորում անցկացնում:-Չափից խիստ չլինեք: Չմոռանաք ջահելներին շնորհավորել: Ոչինչ աչքաթող չանեք` դիրքերի ինժեներական կահավորվածություն, կրակի վարման եւ դիտարկման համակարգեր, առաջնագծում անձնակազմի կենցաղային պայմաններ:
Մեքենան հասնում է խաչմերուկ: Այստեղից այն կողմ մեր` պատերազմ տեսած դիրքերն են: Տեղանքում կողմնորոշող նշաններ` ինչքան ուզեք, բայց դրանք թերեւս ընթեռնելի ու ուղենշային են միայն այս կողմերի մարդկանց համար: Ընդհանրապես, առաջնագծում ցուցանակների առատություն է: Յուրաքանչյուրի վրա սեւով դեղինի վրա գրված է, որ ձեռք չտան` պայթյունավտանգ է, որ զգուշանան` ականներ են, որ հակառակորդի կողմից դիտարկվող եւ գնդակոծվող տարածք է: «Պաշտոնական» այս գրությունների կողքին ձեռագիր տողեր էլ կան` «Ուժն է ծնում իրավունք», «Մեզ կոտրել հնարավոր չէ», «Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. սա Հայաստան է եւ վերջ»: Մեքենան դուրս է գալիս մի փոքրիկ բացատ ու կտրուկ արգելակում. տղաները «ինքնաշեն ուղեփակոցով» փակել են գետնատնակ տանող ճանապարհը: Սպաները կատակում են. «Էս շլագբաումը մեզ համար են հարմարեցրել. մինչեւ ոտքով հասնենք, իրար կգան»: Առաջին զինվորը, որ մեզ դիմավորում է, սերժանտ Վաչիկն է: Խոհուն ու զգաստ տղա է: Իրար շնորհավորում ենք ու զրուցում: Վաչիկը պատմում է, որ տոներին հակառակորդը սպասվածից ավելի հանգիստ էր. «Դիմացի դիրքի հետեւում մի տանկ ունեն պահած, էդ են աջ ու ձախ արել»: Դժվար է հանգիստ բնորոշել իրադրությունը, երբ քեզնից 250 մետր հեռավորության վրա տանկ են տեղաշարժում: Բայց զինվորին չեմ հակաճառում. ինքն ավելի լավ գիտի այստեղի կարգը: Նա ինձ ուղեկցում է արթուն հերթափոխի` շարքային Արթուր Մուրադյանի մոտ, որ վերջին անգամ է դիրք բարձրացել. զորացրվելու է: Արթուրը ապրիլին էլ էր առաջնագծում, սակայն պատերազմից դժվարանում է խոսել. «Հազիվ ենք մոռացել… ծանր օրեր էին,-մի քանի րոպե լռում ենք, ու նա շարունակում է,-Շատ եմ կապվել էս դիրքի հետ: Մեր պահած հողն ա, պետք լինի, էլի իմ տեղում կկանգնեմ»:
Մինչ ես ծանոթանում եմ տղաների հետ, միավորման շտաբի պետը ստուգում է գիշերային ջերմադիտարկման ժամանակակից սարքերի համար ծավալված կետը, միջոցների սարքինությունն ու պահպանությունը: Չի շտապում: Թերություններ է նկատում: «Վերացնել,-խիստ է ասում, ապա եւ հիշեցնում:- Չմոռանաք լիցքավորել մարտկոցները»:
Դիրքից հեռանալիս հասցնում եմ լուսանկարել հերթապահություն իրականացնող հրաձիգ Արմենին ու գնդացրորդ Էդգարին: Երբ ժպտում են, դեմքերին մանկական չարաճճիություն է հայտնվում: Հաջորդ պահին էլ, երբ ուսից կախում են զենքը ու գործի անցնում, միանգամից մեծանում են:
Վաշտի մյուս դիրքն է: Պարենային ծառայության պետ, մայոր Սլավիկ Աթայանը բացում է սառնարան հիշեցնող սննդի դարակը: Տոնական օրերին դիրքապահներին խորովածի համար խոզի միս են հատկացրել, նաեւ` սալ, սուջուխ, բաստուրմա, խնձոր, մանդարին, հյութ: Աղացած սեւ սուրճն էլ տղաները միշտ են ստանում: «Ջուր կա՞, փայտ բերե՞լ են»,-մայորը հարցուփորձում է ունեցած-չունեցածի մասին, նշումներ անում մատյանում:
Երրորդ դիրքում գնդապետ Պողոսյանը կապի միջոցներն է փորձարկում: Դիտակետ-գետնատնակ հաղորդակցման ուղիներն է աչքի անցկացնում: Տեղ-տեղ լարերը պետք է փոխել: Դիտակետում հերթապահող շարքային Ցոլակ Խաչատրյանը սեղմում է սպիտակ կոճակը. վտանգի մասին հաղորդող այլընտրանքային միջոց է: «Գետնատնակում պիտի լույս վառվի»,-բացատրում է զինվորը, որ տասներկու օրից զորացրվելու է: Չեմ հասցնում Ցոլակի հետ ասել-խոսել, լսվում է սպառազինությունը ստուգելու եկած ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Արթուր Սարգսյանի հրամանը. «Անցնել պաշտպանության ամբողջ ճակատով»: Եվ Ցոլակն ու ընկերները, որ ամրությամբ չեն զիջում իրար, իսկույն զբաղեցնում են նախանշված տեղերը: Զինվորներից երկուսն էլ դուրս են բերում ծանր-ծանր արկղերը: Պահուստային զինամթերքն է: Հիմա առաջնագծում կարող են առանց թիկունքի աջակցության երկար ժամանակ անդադար մարտ վարել: Փոխգնդապետ Սարգսյանը հատ-հատ ստուգում է զինամթերքն ու զենքերը: Մի քանիսը պետք է նշանառության բերել:
«Թողնել» հրամանից հետո ոմանք իրենց ոտքերի արանքում պտտվող քոթոթների հետ խաղի են բռնվում, իսկ մյուսները փոխգնդապետին առաջարկում են ստուգել սեփական մարզավիճակը. «Թե որ դուք տասնհինգ անգամ ձգվեք, մենք քսանհինգը կհաղթահարենք»: Հաջորդ մի քանի րոպեները ուրախ են անցնում` փոխգնդապետը առանց դժվարության պտտաձողի վրա կատարում է վարժությունը: Տղաները հասկանում են` հաշվելն արդեն անիմաստ է, բայց ժպիտով քթների տակ թվում են: Մրցավեճն ավարտվում է 15:15 հաշվով:
«Լավ մարզավիճակը առողջության նշան է»,- միավորման բուժծառայության պետ, մայոր Աշոտ Սարկիսովի գնահատականն է: Նա ստուգում է դիրքերում բուժապահովման կազմակերպումը, բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացնումն ու կենցաղային պայմանների, սննդի, ջրամատակարարման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը: Մեծ ուշադրություն է դարձնում` արդյոք դիրքապահը անհատական վիրակապական փաթեթ ունի՞, թե ոչ: «Ստերիլ բինտ է, որ հարկ եղած դեպքում կարողանա ինքնօգնություն կամ փոխօգնություն ցուցաբերել, մինչեւ համապատասխան մասնագետը կժամանի»,-պարզաբանում է բժիշկը: Պակաս կարեւոր չէ համազգեստի կրման կանոնների պահպանումը: Զինվորներից ոմանք ձմեռային բամբակյա տաբատը ավելորդություն են համարում, բայց նկատողությունից հետո հանդերձավորվում են: «Դեռ հիվանդ զինծառայողի չենք հանդիպել. արդեն լավ է»,-նկատում է մայոր Սարկիսովը:
Դիրքից վաշտի հրամանատարական կետ ոտքով ենք հասնում: Երկար ճանապարհ է: «Ասենք, ինչո՞ւ վաշտի հրամանատարները մեքենա չունեն»,-մտածում եմ: Գնդապետ Պողոսյանը հիմա էլ արգելափակոցներն է ստուգում: «Լրացնել փշալարերը»,-հանձնարարում է վաշտի հրամանատար, կապիտան Անդրանիկ Սիմոնյանին: Արդեն գետնատնակում երկուսով տեղագրական հատակագիծն են ուսումնասիրում: Պատկերված են տեղանքի ուրվագծերը, ռելիեֆի տարրերը եւ բոլոր օբյեկտները: «Ա՛յ, էս խրամուղին պետք է խորացնել: Իսկ ի՞նչ հերթականությամբ եք ստուգում վաշտի հենակետի ճանապարհները»,-հարցնում է շտաբի պետը: Կապիտան Սիմոնյանը մատիտով ցույց է տալիս: Անվտանգ տեղաշարժ ապահովող այս կարեւոր միջոցառումն ամեն օր նշված ժամին կատարում է պայմանագրային զինծառայողը:
Չեմ խանգարում սպաներին: Դուրս եմ գալիս բակ, որտեղ կանաչ փափուկ ծածկոցով ինչ-որ զենք է փաթաթած: «Գնդացիր է: Անունը «դինոզավրիկ» ենք դրել: Ինչ ասես, որ չի կարող անել այս զենքը… Թող փորձեն ջղայնացնել, կդղրդացնենք»,-հետաքրքրությունս նկատելով՝ ասում է վաշտի սանհրահանգիչ, կրտսեր սերժանտ Գագիկ Հարությունյանը: Գագիկը բժշկական համալսարանի ուսանող է: Ընդհանուր բժշկություն է ուսումնասիրել, բայց որոշել է` սրտաբան է դառնալու, որովհետեւ.
-Էստեղ՝ դիրքերում, ինչ էլ լինի՝ գլուխդ մի տեղի խփես, ոտքդ քարին գա, ասում են. «Կարեւորը՝ սիրտդ աշխատի, մնացածը լուծվող հարցեր են»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` հեղինակի
Խորագիր՝ #02 (1173) 18.01.2017 - 24.01.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում