Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԱռավոտյան տողանի ժամանակ նկատեցի դասակի առջևից համարձակ ու ինքնավստահ կեցվածքով քայլող, ավագ լեյտենանտի կոչումով երիտասարդ մի աղջկա ու մնացի զարմացած: Համազգեստն էլ այնպես էր նստել վրան, որ կարծես մեջը ծնված լիներ:

Իմ խնդրանքով հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Եղիազարյանը ինձ ծանոթացրեց այդ զարմանալի եռանդուն սևաչյա հայուհու հետ:

-Ավագ լեյտենանտ Մանուշակ Օհանյան,- անմիջապես ներկայացավ նա:

-Զինվորական ի՞նչ մասնագիտություն ունեք,- չիմանալով ինչից սկսել զրույցը՝ հետաքրքրվեցի ես:

-Հրետանավոր եմ:

-Ինչպե՞ս թե հրետանավոր,-չկարողացա զարմանքս թաքցնել:

-Այո՛, պարոն մայոր, հրետանավոր եմ՝ ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար:

«Կեցցե՛ս, Մանուշակ»՝ հիացմունքս արտահայտեցի և շարունակեցի.

-Ի՞նչը ձեզ դրդեց կնոջ խառնվածքին ոչ այնքան հարիր մասնագիտություն ընտրել:

ԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ-Այս հարցը ինձ հաճախ են տալիս: Պատասխանեմ անկեղծ. նյութականից  դրդված չէ, որ ընտրեցի այս ճանապարհը, կարծում եմ՝ այն նաև իմ ճակատագիրն է: Երբ ավարտեցի Ագրարային համալսարանի անասնաբուծության բաժինը, կանգնեցի երկընտրանքի առաջ. որտեղ աշխատանք փնտրել, ուր գնալ… Հարցեր, որ այսօր անհանգստացնում են յուրաքանչյուր նորավարտի: Ինքս էլ չհասկացա՝ ինչպես մեջս զարթնեցին սյունեցու հայրենասիրությունն ու պատվախնդրությունը… Գիտեք, հայ աղջիկն ու կինն էլ պակաս հայրենասեր չեն: Ասածս փաստող պատմական բազում վկայություններ ունենք: Հայրենիքը միայն տղաներինը չէ: Հայրենիքը բոլորինս է՝ հավասար…Կարող էի այլ բուհ ընդունվել, այլ մասնագիտություն ստանալ, սակայն հենց Հայրենիքիս հանդեպ ունեցած սերն ինձ դրդեց այս քայլին: Երկրորդ՝ զինվորական մասնագիտությունս ինձ հնարավորություն տվեց ծառայելու հայրենիքիս, շենացնելու, հզորացնելու այն, պիտանի լինելու այնպես, ինչպես սիրտս է ուզում:

-Ընտանիքիդ անդամներն ինչպե՞ս ընդունեցին որոշումդ…

-Իհարկե, ոչ գրկաբաց: Ավանդապահ հայացքներով դաստիարակություն ստացած ընտանիքում հեշտ չէ սպա դառնալու որոշում կայացնելը: Տանը բոլորը մեկ մարդու նման դեմ էին զինվորական կրթություն ստանալուս: Հատկապես հայրիկիս հետ բանակցությունները դժվար ընթացան: Մի կերպ համոզեցի, բացատրեցի,  թե ինչու եմ որոշել զինվորական դառնալ… Հայրիկիցս հետո մայրս էլ, եղբայրս էլ, քույրս էլ տեղի տվեցին: Թիկունքում հաղթանակս ապահովելուց հետո (ծիծաղում է) գործերս տվեցի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ: Ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք տեղափոխվել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարան, որն այդ տարի միայն հրետանավորներ պետք է ավարտեին: Ճիշտ է, մասնագիտության ընտրությունը պատահական ստացվեց, սակայն չեմ ափսոսում: Մեկամյա սպայական դասընթացներն ավարտելուց հետո մեզ հնարավորություն տրվեց ինքնուրույն ընտրելու մեր հետագա ծառայության վայրը:

ԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ-Ինչպե՞ս ձեզ ընդունեցին զինվորական ընտանիքում:

-Շատ լավ: Թեպետ իրավիճակն անսովոր էր թե՛ ինձ համար, թե՛ զինվորների: Ծառայությունը զորքում մի տեսակ խորթ էր, աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց:  Սկզբում նշանակվեցի ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատարի պաշտոնակատար: Երբ արդեն բավականաչափ շփվել էինք, ճանաչել իրար, մտերմացել, զինծառայողներից շատերը խոստովանեցին, որ սկզբում միանշանակ չեն ընդունել կին հրամանատարի նշանակման լուրը, որ, ի վերջո, շտաբային աշխատանքի եմ նշանակվելու: Եվ երբ գնդի հրամանատարը առավոտյան տողանին  ներկայացրեց  և  նշեց ստորաբաժանումը, որտեղ պետք է ծառայեի, բոլորը համոզվեցին, որ կին հրամանատար են ունենալու: Ընդունեցին որպես քույր և հրամաններն էլ կատարում էին սիրահոժար եւ հարգալից: Ոչ որպես պարտականություն: Ժամանակավոր պաշտոնակատար եղածս ժամանակը բավարար եղավ, որպեսզի ինձ վերաբերվեին ոչ թե որպես թույլ սեռի ներկայացուցչի, այլ իբրեւ իրենց հրամանատարի:

-Մի խոսքով, ծառայությունից գլուխ հանո՞ւմ եք:

– Իհարկե, դժվար է, բայց մարտական եմ տրամադրված: Ենթականերս իմ կողմից տեսան խստություն, պահանջկոտություն, կարգ ու կանոնի ձգտում: Բայց էլի մեկ-մեկ կատակում են՝ ասելով, որ ամեն դեպքում իրենք իմ մեջ առաջինը կին են տեսնում, իրենց հայրենակցուհուն՝ նոր միայն հրամանատարի:

-Ուրեմն, սպասելիքներն արդարացան…

-Լիովին: Ծառայությունս կառուցեցի փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Շարունակ փորձել եմ ինչ-որ նոր բան, նոր գիտելիք փոխանցել զինվորին, փոխարենն ստացել եմ բարեխիղճ եւ արդյունավետ ծառայություն: Մեր զինվորը սիրում է գրագետ խոսք, սիրում է տեղեկացված լինել, ստանալ ճշտված տեղեկատվություն:

-Դժվարություններից չեք խոսում: Չկա՞ն դժվարություններ:

-Ռազմական համալսարանում սովորելու ժամանակ անհամեմատ ավելի դժվար էր: Իհարկե, այստեղ էլ կան դժվարություններ, բայց դրանք անձնակազմի ջանքերով հեշտ հաղթահարվող են: Վստահ եմ, որ ամեն ինչ  ավելի լավ կլինի, քանի որ, ի դեմս հրամանատարության, ունեմ ամուր հենարան:

-Վերջին հարցս մասնագիտական է. Ի՞նչ գիտեք հրետանու մասին:

-Պատասխանեմ մի քիչ մասնագիտորեն. հրետանին առաջնային և կարևոր խոցման միջոց է, որի շնորհիվ հնարավոր է կանխել հակառակորդի առաջխաղացումն ու բացազատումը: Հրետանին պատերազմի աստվածն է:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #02 (1173) 18.01.2017 - 24.01.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/01/2017